Երկրորդ շնչառություն

Առողջ ծերության ակումբների մասնակիցներն անցել են առաջին գնահատումը․ «Երկրորդ շնչառություն»

Պետական միջոցներով մայիսից-դեկտեմբեր պետական դպրոցներում կազմակերպվող «Առողջ ծերության ակումբներ» այցելող մեծահասակներից ավելի քան 100-ն արդեն անցել են առաջին գնահատումը՝ ֆիզիկական և կոգնիտիվ: Հաջորդ գնահատումը նրանք կանցնեն ծրագրի ավարտին՝ դեկտեմբերին՝ համոզվելու, թե ինչպես է խմբակներում անցկացրած ժամանակը բարենպաստ ազդեցություն ունեցել իրենց առողջության վրա:

ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ, առողջապահության կազմակերպիչ Քրիստինե Գալստյանի խոսքերով, անցած տարի 1.5 ամիս 60 դպրոցներում իրականացված փորձարարական նախագծից հետո այս տարի ծրագրի ֆիզիկական բաղադրիչը պահպանվել է Երևանի 10 դպրոցներում, 4 վայրում զուգահեռաբար իրականացվում է նաև հիշողության բարելավման դասընթաց:

«Բավականին մեծ առաջընթաց ունենք ֆիզիկական ակտիվության խմբակների առումով: Կարող եմ արձանագրել, որ ավելի մեծ ներգրավվածություն ունենք առաջին տարվա համար, քան ակնկալում էինք, և այս առումով ծրագիրը միանշանակ հաջողված է»,— ասում է նա՝ հայտնելով, որ տարեցներին ծրագիրը շատ դուր է գալիս:  

Ք.Գալստյանի խոսքերով, սկզբնական շրջանում ընտանիքի անդամները, ակումբները համարել խնամքի ծառայություն, չէին խրախուսում իրենց տատիկ-պապիկների մասնակցությունը, բայց այն պահից, երբ ընդունեցին իրենց ընտանիքի տարեց անդամի իր ժամանակն ունենալու իրավունքը, պատկերը որոշակիորեն փոխվել է:

Հասարակագետ Վահրամ Թոքմաջյանը, որ հանդես է գալիս որպես փորձարարական ծրագրի գնահատող, արձանագրում է, որ թեև առաջին անգամ նման պետական նախաձեռնություն ունենալը կարելի է համարել ձեռքբերում, բայց, միևնույն ժամանակ, այն ի ցույց է դնում մեր հասարակության մեջ այս ոլորտներում առկա բաց տեղերը: Նրա խոսքերով, այս ծրագիրը կարևոր է տարեցների հանրային տարածության և ցկյանս կրթության առումով:

«Այն մտայնությունը, որ ինչ-որ տարիքից հետո մեզ էլ սովորել պետք չէ, մենք ամեն ինչ գիտենք, խաթարում է կյանքի բնականոն շղթան: Մեզանում տարեցներն անգամ հանրային տարածք չունեն, դրա համար էլ դասընթացներն անցկացվում են դպրոցներում: Ժամանակի ընթացքում այս մարդիկ դառնում են հասարակության ամենախոցելի խմբերից մեկը, եթե ոչ ամենախոցելին: Գնահատումն իրականացնելիս մենք հաշվի ենք առնում վերը նշված բոլոր բաղադրիչները, իսկ գնահատման մասով համագործակցում ենք «Այցհայմերի խնամք Հայաստանի» հետ որպես այդ ոլորտում աշխատող եզակի մասնագիտացված կազմակերպություն»,-ասում է Վ. Թոքմաջյանը:

Մասնագետներն ու գնահատողները համոզված են, որ ակտիվ կենսակերպ վարելը, սննդակարգին հետևելը, քրոնիկ հիվանդությունները կառավարելը, նոր սոցիալական կապեր հաստատելը և մշտապես սովորել շարունակելը հավերժ երիտասարդ մնալու բանաձևերն են:

2019թ․-ի փետրվարի 1-ից սկիզբ դրված ծրագրի շրջանակում ծախսվել է 6 611 110 հազ․ դրամ, մինչ այս տարվա հունիսի 30-ը դրանից օգտվել է 2987 բուժառու, մատուցված ծառայությունների քանակը` 3208:

Back to top button