ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ի՞նչ կա Բաքվի սպառնալիքների թիկունքում․Ադրբեջանը միայնակ «խաղացող» չէ

Վերջին երկու օրվա ընթացքում Հայաստանը երկու տարբեր տեղերից ստացել է «նախազգուշացում-սպառնալիք»։ Վերլուծական դաշտում հակված են փոխկապակցված դիտարկել այդ հայտարարությունները։

Նախ՝ Ռուսաստանն էր անհանգստանում Հայաստանի համար, չցանկանալով, որ Երևանը կրկնի Կիևի ընտրած ճանապարհը, ապա Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց սպառնալիքներով լի հայտարարություն տարածել, ընդ որում՝ հասցեատերերի շարքում Բաքուն ներառել է նաև այլ երկրների։

«Եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ անդրադառնալով պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի երևանյան այցին։ Հայտնի չէ, թե արդյո՞ք Բոնոն Երևանից կմենի Բաքու, բայց Բաքվից, թերևս, պատասխանել են հայտարարություններին՝ Հայաստանի հասցեին նոր սպառնալիքներ հնչեցնելով։

Ընդ որում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոսում է «զինանոցում առկա բոլոր միջոցներով պատասխան ձեռնարկելու» մասին՝ ավելի վաղ հայտարարելով, թե Հայաստանի զինված ուժերի ԱԹՍ-ն ադրբեջանական բանակի դիրքերի վրայով փորձել է հետախուզական թռիչք իրականացնել։ Այսիսով՝ կարելի է ասել, որ Բաքուն չի ընդունում ամերիկյան կողմի առաջարկը, թեև նաև իրենք են վերջերս մի քանի անգամ հայտարարել, որ «խաղաղության պայմանագրի» մոտ 90 տոկոսը պատրաստ է։

Հայաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը «անհասկանալի» է որակել և անընդունելի համարել Հայաստանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերը։ Պաշտոնական Երևանն ընդգծում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից:

Ուշագրավն այն է, որ Բաքուն արդեն սպառնում է նաև այն երկրներին, որոնց անվանում է Հայաստանին «հովանավոր»։

Բաքվին մտագոհում են Հայաստանի ու ԱՄՆ-ի անցկացրած համատեղ զորավարժությունները, որոնք իրականում ոչ թե անվտանգային, այլ խաղաղապահ բնույթի էին, ԵՄ խաղաղության հիմնադրամից ՀՀ ԶՈՒ-ին 10 մլն եվրոյի ռազմական աջակցության հատկացումը, ինչպես նաև Երևանի ու Փարիզի ռազմական համագործակցությունը։ Սա է պատճառը, որ Բաքուն, որը շարունակում է ակտիվորեն զինվել և միաժամանակ օկուպացիայի տակ պահել ՀՀ սուվերեն տարածքները, սպառնում է Հայաստանին։

Սա միակ նախազգուշացում-սպառնալիքը չէ, որ վերջին երկու օրը հնչել է Հայաստանի հասցեին։ Վերլուծական դաշտում հակված են այս հայտարարությունը կապել ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի նախազգուշացման հետ, թե չէին ուզի, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ գնա Կիևի ճանապարհով։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը իր հեղինակային հաղորդման մեջ ուշադրություն է հրավիրում հենց այս փաստի վրա։

«Այսինքն ի՞նչ, հարձակվելու եք այնպես, ինչպես Ուկրաինայի վրա, մե՞զ վրա։ Մի քիչ բարդ է, որովհետև ձեզ հետ (ՌԴ հետ — խմբ․) չունենք ընդհանուր սահման։ Պատկերն ամբողջացնում է ադրբեջանական այս հայտարարությունը, որը հաջորդում է Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպմանը, որտեղ բաց հաղորդագրությամբ նշվում է, որ քննարկվել է ԵՄ և ՆԱՏՕ-ի պրոբլեմատիկան, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Դե այլ հարցն էլ, այո, Հայաստանի վրա ճնշումներն ուժեղացնելն է»։

Վերլուծաբանների զգալի մասը խոսում է այն մասին, որ Հայաստանին ճնշել ցանկացողներին ձեռնտու չէ հավաքական Արևմուտքի կողմից Հայաստանին առաջարկած դիմադրողականության բարձրացման ծրագիրը։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համոզված է, որ քանի դեռ Հայաստանը դիմադրողունակ չէ, Ադրբեջանն ունի իր ծրագրերը, որոնք կապ չունեն խաղաղության օրակարգի հետ։

«Ես չեմ կիսում հայ փորձագիտական նաև իշխանության մեջ տարածված տեսակետը, որ Ադրբեջանը ինքնուրույն «խաղացող» է։ Այդ պետությունը Ռուսաստանի օրգանական շարունակությունն է՝ մեկը սպառնում է, մյուսը հարվածում է կամ փորձում է հարվածել։ Մինչև ՀՀ հզորությունը, որի մեջ առաջին հերթին՝ ռազմականը չվերականգնվի, Ադրբեջանի հոխորտանքը կշարունակվի։ Երկրորդը՝ Ադրբեջանը ունի գերակայություն, պայմանագիր չի ուզում։ Ուզում է այդ պայմանագրի շահարկման տակ Հայաստանից անընդհատ զիջումներ պոկել։ Բոլոր դեպքերում բանակը պետք է անընդհատ վերակառուցվի, ուզենք, թե չուզենք, կարող ենք-չենք կարող, Հայաստանի բանակը պետք է պատրաստ լինի պրեվենտիվ՝ կանխարգելիչ, գործողությունների, անկախ այն բանից, թե քաղաքական իշխանությունը ինչ կանի, և մի տեղ սրանց քթին պետք է տալ, վերցնել թույլ կետը և հարվածել, դրանից հետո կկարգավորվի։ Որովհետև միջազգային իրադրությունը այլևս 4 օր առաջվանը չէ»։

Զգուշավոր քաղաքականության կողմնակիցներն այս ամենում հորդորում են չշտապել և ճիշտ քայլեր հաշվարկել, իսկ դեպի Արևմուտք նայողներին հիշեցնում են, որ բացի թույլ ազդակներից, արևմտյան հարթակներից ուղիղ առաջարկ չկա ինտեգրացիայի՝ առաջին հերթին անվտանգային հարցով։

Back to top button