Սփյուռքի ձայնը

Հայաստանում ապրելու գաղափարը վեր է բոլոր դժվարություններից. «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձությունը վեր է բոլոր դժվարություններից, որոնց կարող ես հանդիպել  հայրենիքում` ասում են «Դեպի Հայք»-ի միջոցով տարբեր ժամանակներում Հայաստանը բացահայտած, Հայաստանում հաստատված երիտասարդներ Ամարաս Զարգարյանը ԱՄՆ-ից և Գայանե Ղազարյան-Բայաթյանը ՌԴ-ից։

«Ես կամավորական ծրագրին մասնակցել եմ 2010 թվականին, թեև դրանից առաջ արդեն եկել էի Հայաստան` որպես տուրիստ: Զբոսաշրջիկի կարգավիճակում Հայաստանում լինելու ընթացքը շատ հետաքրքիր է, սակայն  շատ գիտելիքներ ու ճանաչողություն չի տալիս Հայաստանի մասին»,- ասում է Ամարաս Զարգարյանը:

Նա սիրով է հիշում կամավորության այն երկու ամիսները, որոնք անցկացրել է  Գյումրիում: «Մնում էի հյուրընկալ ընտանիքում: Կարևոր է նշել, որ «Դեպի Հայքը» ոչ միայն կամավորության հնարավորություն է տալիս սփյուռքահայերին, այն նաև շփման մեծ հնարավորություն է ստեղծում հայաստանցիների հետ` հյուրընկալ ընտանիքների շնորհիվ: Այդ երկու ամիսները, իհարկե, մարտահրավերների ամիսներ էին, սակայն անփոխարինելի ու հայաստանցի մարդու կյանքը լավագույնս ճանաչելու ամիսներ», —  նշում է Ամարասը:

«Ինձ համար կամավորությունն արդեն քայլ էր դեպի հայրենադարձություն»,— ասում  է Գայանե Ղազարյան-Բայաթյանը և ավելացնում, որ դա մեծ փորձ էր Հայաստանում ապրելու, աշխատելու համար:

«Հյուրընկալ ընտանիքներն իրական փորձ են տալիս մեզ`այստեղ կյանքի տարբեր կողմերը հասկանալու և ապրելու համար: Ես ծնվել եմ Հայաստանում, ապրել որոշ ժամանակ այստեղ, բայց անգամ իմ պարագայում, այստեղ ապրելով շատ դժվարութունների եմ բախվում: Իսկ դա նորմալ է, քանի որ տարբեր մշակույթներից ու հասարակություններից ենք և պատրաստվում ենք դառնալ այս հասարակության նոր անդամը: Դժվարություններ կան և շատ են, և մենք պետք է դրանց պատրաստ լինենք», — ասում է Գայանեն և շարունաում. «Բայց դա հաղթահարելի է, քանի որ նպատակը բոլոր այդ դժվարություններից բարձր է»:

Ամարասը տարիներ առաջ է մասնակցել կամավորական աշխատանքներին, հետո վերադարձել է ԱՄՆ, ստացել մասնագիտություն և ընտանիքի հետ վերադարձել Հայաստան: Մեր հայրենակցուհին մասնագիտացած է իրավաբանության մեջ: Հայաստանում «Ի գործ» ծրագրի ընթացքում աշխատել է Սահմանադրական դատարանում: Այսօր, սակայն, չի աշխատում իր մասնագիտությամբ հայերենին ոչ լիարժեք տիրապետելու և փաստաբանական լիցենզիա չունենալու պատճառով: Փոխարենը թարգմանություններ է անում և օգնում մանկաբույժ հայրիկին կլինիկայի հարցերում:

Գայանեի ծնողները ՌԴ-ում են: Ասում է, որ նրանք դեռևս այնքան էլ լուրջ չեն ընդունում Գայանեի`Հայաստանում ապրելու որոշումը: Գայանեն կրթությունը ստացել է Հայաստանում: Ուսումնասիրել է տարբեր լեզուներ, այդ թվում`հայերեն և այսօր դասավանդում է օտարներին: Նա նաև դիզայներ է: Աշխատել է ռուսական ընկերություններում, ֆիլմերի հագուստի դիզայներական խմբերում և այլն: «Դեպի Հայք» ծրագրով մեկ տարվա ընթացքում (2022 նոյեմբեր — 2023 նոյեմբեր) աշխատել է Մանկական Եվրատեսիլ 2022-ի ոճաբանների թիմում, ՀԲԸՄ Կատապուլտ Պավիլիոն Ստեղծարար արդյունաբերության Էքսպոյի Նորաձևության և Դիզայնի Պալատի կապսուլի համակարգողն է եղել, Երևանի նորաձևության շաբաթվա կազմակերպչական թիմի անդամ և, որպես անգլիական Fashion Scout 2023 եդիտասարդ դիզայներների մրցույթի ֆինալիստ՝ ներկայացրել է հայկական ճարտարապետությամբ ոգեշնչված BAYATYAN հագուստների հավաքածուն Երևանի նորաձևության շաբաթում։

Աշխատել է նաև Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմում` որպես հագուստների նկարչի թիմի անդամ։ 2024 թվականի մայիսին մասնակցել է Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Փարաջանովը և Նորաձևությունը» ցուցահանդեսին՝ ներկայացնելով հագուստի մեկ նմուշ՝ ոգեշնչված Փարաջանովի կյանքով և ստեղծագործությամբ։ Գայանեն նաև ստեղծել է նոր հավաքածու, որը առաջիկայում կներկայացնի Հայաստանում:

Back to top button