Գերդաստաններ

Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրությունից մինչև Էնդոմետրիալ առողջություն. Աղաջանովներ. «Գերդաստաններ»

19-րդ դարում Թիֆլիսում էր ապրում հայտնի բժիշկ, ուրոլոգ Միխայիլ Աղաջանովը, որը մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի ընտանեկան բժիշկն էր նաև։ Միխայիլի թոռն էր կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, եվրոպական ակադեմիայի լիիրավ անդամ, ՀՀ բժշկական ասոցիացիայի լիիրավ անդամ, ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովը։ Նա մեծ ներդրում է ունեցել բժշկագիտության ոլորտում՝ հատկապես Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրման ու կանխարգելման ուղղությամբ։ Նրա դուստրերը՝ Լուսինե և Ելենա Աղաջանովաները, նույնպես գիտնականներ են Էնդոկրինոլոգիայի և գինեկոլոգիայի ոլորտում։

19-րդ դարում Անդրկովկասում հայտնի բժիշկ, ուրոլոգ Միխայիլ Աղաջանովը Խարկովի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո կրկին վերադարձավ հայրենի Թիֆլիս։ Նրա  ուսման ծախսերը հոգացել էր հայտնի բարերար Ալեքսանդր Մանթաշովը։ Թիֆլիսում հայտնի մաշկավեներաբան էր նաև Միխայիլի եղբայրը՝ Գեորգին, բայց հենց Միխայիլը դարձավ Մանթաշյանցների ընտանիքի բժիշկը, նրանց սիրված հյուրն ու բարեկամը։ Հենց նրանց տանն էլ երիտասարդ Միխայիլը նկատեց  Մանթաշովի զարմուհուն՝ Ելենային, որը Ալիխանովների հայտնի գերդաստանից էր, սիրահարվեց, ու շուտով նրանք ամուսնացան։ Այս ամուսնությունից ծնվեցին երեք տղա՝ Գեորգին, Սերգեյը  և Իոսիֆը։  

Միխայիլի որդիները կրթությունն ստացան Իտալիայում՝ դառնալով բժիշկ ու տնտեսագետ։ Գեորգին և Իոսիֆը ավարտելուց հետո վերադարձան Թիֆլիս, բայց Սերգեյը մնաց երկաթե վարագույրի այն կողմում։ Գեորգին դարձավ Թիֆլիսում հայտնի մաշկավեներաբան, իսկ միջնեկը՝ Սերգեյը, Իտալիայում ատամնաբույժ էր։ Տղաներից Իոսիֆը, որ ստացել էր տնտեսագիտական կրթություն, աշխատում էր լեռնային ինժեներ և ավտովթարի զոհ դարձավ։ Բայց նրա որդին ընտրեց պապիկի ուղին․ նա կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Եվրոպական ակադեմիայի բնական գիտությունների լիիրավ անդամ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովն է, որը մեծ ներդրում  է ունեցել  բժշկագիտության զարգացման ոլորտում, հատկապես՝ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրման, բուժման ու կանխարգելման ուղղությամբ։ 

Միխայիլ Աղաջանովի մանկությունը անչափ գունեղ էր թբիլիսյան կոլորիտային քաղաքում։ Տղայի դաստիարակությամբ զբաղվում էին պապն ու տատը՝ Միխայիլն ու Ելենան։ Ապագա գիտնականը սկզբնական կրթությունն ստացել է Թբիլիսիում։ Պատմում է նրա դուստրը՝ բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ելենա Աղաջանովան։

Դեռ փոքր տարիքից Միխայիլը տեսնում էր՝ ինչպես էր պապն ընդունում հիվանդներին, և կարծես մտքում ընտրել էր իր ապագա մասնագիտությունը։ Բայց Երևանի բժշկական ինստիտուտի բիոքիմիայի ամբիոնի վարիչը՝ Վահան Մխիթարյանը, բանիմաց երիտասարդին խորհուրդ տվեց զբաղվել ոչ թե պրակտիկ բժշկությամբ, այլ գիտությամբ։

Մեծ է Աղաջանովի ներդրումը բժշկագիտության ոլորտում։ Նա առաջինն էր, որ պարզեց՝ նեյրոդեգեներացիայի պայմաններում նյարդային բջիջը վերականգնվում է։ 1970-80-ական թվականներին Աղաջանովը ուսումնասիրել է լիպիդային պերօքսիդացման դերը տարբեր պաթոլոգիական վիճակների առաջացման գործում։ Նա առաջ քաշեց այն տեսակետը, ըստ որի լիպիդների պերօքսիդացման ավելացումը մարմնի ընդհանուր ոչ ալերգիկ ռեակցիան է տարբեր սթրեսային ազդեցությունների նկատմամբ և եկավ այն եզրակացության, որ բացի հատուկ բուժումից  անհրաժեշտ է օգտագործել հակաօքսիդանտ թերապիա՝ օրինակ վիտամին E: «Նեյրոսանս» միջազգային միության կոնֆերանսներից վերջինը, որը կայացավ Հայաստանում, նվիրված էր հենց պրոֆեսոր Աղաջանովին։

Գիտնականը երկար տարիներ ուսումնասիրում էր Ալցհեյմերի հիվանդությունը, անդրադառնում դրա կանխարգելման խնդիրներին, փնտրում բուժման մեթոդները։ Նա ղեկավարել է Այցհեյմերի հիվանդության ուսումնասիրման հայկական ասոցիացիան և անդամակցել համաշխարհային ասոցիացիաների։

Միխայիլ Աղաջանովի 3 զավակներն էլ բժշկական կրթություն ստացան։ Ելենան 1990-1996 թվականներին գերազանցության դիպլոմով ավարտելով բուժական ֆակուլտետը՝ դարձավ պրակտիկ բժիշկ՝ էնդոկրինոլոգ, ապա միաժամանակ շարունակեց գիտական ճանապարտը՝ դառնալով բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։ Նա ուսումնասիրում է ինսուլին արտադրող բջիջների վերականգնման հնարավորությունը՝ էմբրիոնալ սպիտակուցների հիման վրա դեղորայքի  ստեղծման ուղղությամբ զգալի աշխատանք կատարելով։ Ելենան մանկական էնդոկրինոլոգիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահն է, ՀՀ Առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուն։

Գիտնականի մյուս դուստրը ՝  Լուսինե  Աղաջանովան, գինեկոլոգ է, որն իր գիտական թեզը պաշտպանեց Շվեդիայի հայտնի Կարոլինա ինստիտուտում։ Լուսինեի ուսումնասիրության ոլորտը կանանց չբերությունն է։ Նա իր ուսումնասիրությունները շարունակեց ԱՄՆ-ում, Սթենֆորդի համալսարանի դոկտորը այս հաստատության վերարտադրողական էնդոկրինոլոգիայի և անպտղության կլինիկայի ռեզիդենտների և ֆելոուների ծրագրի փոխտնօրենն է, էնդոմետրիալ առողջության ծրագրի ղեկավարը։

Հանգիստ, պարկեշտ,  տղամարդուն վայել պահվածքով օժտված տղա էր Իոսիֆը՝ Միխայիլ Աղաջանովի ապագա ստոմատոլոգ  որդին։ 90-ականներին նրա դաժան սպանությունը ցնցեց հայկական հասարակությունը։ Քույրերը մինչև այսօր էլ չեն մոռանում նրա բարի հայացքը, խոսում նրա անչար ու անխռով բնավորության մասին։

Հայ բժշկագիտության ոլորտում Աղաջանովների կատարած աշխատանքը մի կարևոր էջ է, որը թույլ է տալիս երիտասարդ գիտնականներին շարունակել, լրացնել, հիմնական գործնական ավարտին հասցնել  և՛ սթրեսային պայմաններում բջիջներում կատարված  փոփոխությունների, և՛ նյարդային բջիջների վերականգնման, և՛ ինսուլին արտադրող բետտա բջիջների վերականգնմանը վերաբերող հետազոտությունները։

Back to top button