Վերջին 9 ամսում համակարգից դուրս է եկել 80- ից ավելի դատախազ


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Վերջին ինն ամիսներին կադրային փոփոխությունների արդյունքում Հայաստանի գլխավոր դատախազության համակարգից դուրս է եկել 80-ից ավել դատախազ, նրանց մի մասի գործունեությունն անհամատեղելի է եղել առաջադրված աշխատաքային չափորոշիչներին, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Լրագրողների հետ այս հանդիպումը գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի առաջին մամուլի ասուլիսն էր՝ դատախազության օրվան` հուլիսի 1-ին ընդառաջ:
Վերջին 9 ամիսներին փոխվել է դատախազական համակարգի 1/3-ը: Սերնդափոխությունը և նոր մտածելակերպն ինքնին կհանգեցնեն դատախազի նոր կերպարի ձևավորմանը, կբարձրացնի արդարադատության որակը. տեսակետը հանրապետության գլխավոր դատախազինն է: Գևորգ Կոստանյանն այսօր հրավիրել էր գլխավոր դատախազի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսը:
Պաշտոնավարման մոտ 9 ամիսների ամփոփումը սկսվում է դատախազության համակարգում կադրային կտրուկ փոփոխությունների թեմայից: «Կարող եմ ասել, որ այն մտահոգությունները, թե կադրային նման արտահոսքը մտահոգիչ է, վտանգում է դատախազական գործառույթների իրականացումը, արդարացված չեն: Ինձ համար նման մտահոգություն չի էլ եղել: Այդ փոփոխությունը, ճիշտ է, կտրուկ եղավ, բայց իր հետ բերելու է նոր փոփոխություններ: Եթե դրանք դեռ տեսանելի չեն, ապա շուտով տեսանելի կլինեն»։
Ընդհանուր առմամբ՝ վերջին ինն ամիսների կադրային փոփոխությունների արդյունքում Հայաստանի գլխավոր դատախազության համակարգից դուրս է եկել 80-ից ավել դատախազ, նրանց մի մասի գործունեությունն անհամատեղելի է եղել առաջադրված աշխատաքային չափորոշիչներին: Իսկ չափորոշիչները Գևորգ Կոստանյանը շարադրել էր խորհրդարանում, պաշտոնի ստանձնման առիթով ունեցած ծրագրային ելույթում: Դրանք կրկնում է նաեւ այսօր. «Կաշառքի բացարձակ բացառում պրոֆեսիոնալիզ, աշախատասիրություն և ապաքաղաքականացվածություն»։
Ազատված դատախազների մի մասն է, որ չի բավարարել այս պահանջներին, մյուսները հեռացել են այլ պատճառներով: Իսկ արդյո՞ք եղել համակարգի ներկայացուցիչներ, որոնք կասկածվել կամ մեղադրվել են կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվելու համար։ «Եթե կոռուպցիան այդպես արտահայտված լիներ, մենք իրեն չէինք ազատի՝ դատի կտայինք: Հոկտեմբերի 1-ից հետո որևէ դատախազ կոռուպցիոն հանցագործության, կաշառք ստանալու կամ տալու համար դատի չեմ տվել: Բայց դա չի բացառվում հետագայում»,- ասում է։
Վերջին օրերին նոր հրատապություն ստացած հարցի ՝ բողոքի ակցիայի մասնակիցներ- ոստիկաններ շփումների մասին: Սարյանի փողոցում, Աֆրիկյանների շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ այդ շփումները բախումների վերածվեցին, ակտիվիստների մի մասը բերման ենթարկվեց: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես, այսօր կարծիք է հայտնել, որ իրավապահների գործողությունները իրավաչափ են եղել, իսկ ուժի կիրառումը ՝ համաչափ: Ո՞րն է գլխպավոր դատախազի կարծիքը: «Սարյան փողոցում կատարվածի առնչությամբ համապատասխան ցուցում է տրված, որ այն անձիք, ովքեր դիմել են կամ կդիմեն, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն իրենց նկատմամբ կիրառած բռնության մասին, մենք համապատասխանաբար ամբողջ քննությունը կիրականացնենք: Այդ մասով մի շարք անձիք տվել են հաղորդումներ, նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցը լուծելու համար: Խոսքը և ոստիկանների կիրառած, և ոստիկանների նկատմամբ կիրառված ուժի մասին է»։
Հարց հնչեց նաև համակարգում ստեղծվող նոր կառույցի ՝ Քննչական կոմիտեի և դրա ապագա ղեկավարի մասին կամ ավելի ստույգ մամուլում շրջանառվող լուրերի մասին, թե գլխավոր դատախազը դեմ է, որ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվի Աղվան Հովսեփյանը։ «Ցավում եմ, որ նման լուրեր են շրջանառվում: Անկախ նրանից, թե ինչ կառուցվածք կունենա Քննչական կոմիտեն` քննչական ապարատը կլինի կենտրոնացված, թե ապակենտրոնացված, և անկախ նրանից, թե ով կգլխավորի այդ կառույցը , դատախազական գործառույթների բովանդակությունը չի փոխվելու։ Ով ուզում է թող լինի»,- հավելեց գլխավոր դատախազը։