Մշակույթ

Հայաստանում հանդես կգա ճանաչված դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով Հայաստանում է աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Դիրիժորը հայրենիքում հանդես կգա համերգով, որը տեղի կունենա հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ջորջ Փեհլիվանյանն այսօր հանդիպելով լրագրողների հետ խոսել է համերգային ծրագրից, իր երկարատև բացակայության պատճառներից և առաջիկա ծրագրերից: 

«Սպասված վերադարձ». այսպես է վերնագրված աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ կայանալիք համերգը:  Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կկատարի Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի գլուխգործոցները: Հնարավոր է նոր սերդին անծանոթ հնչի Փեհլիվանյանի անունը, բայց ավելի մեծերը նրան լավ կհիշեն ու կհիշեն դեռևս 90-ականների մութ և ցուրտ տարիներից:  Առաջին անգամ աշխարհահռչակ դիրիժորը Հայաստանում է եղել 1993 թվականին։

Տասնհինգ տարվա բացակայությունից հետո Ջորջ Փեհլիվանյանը Հայաստան է եկել որդու հետ, ով, չնայած ապրելով Փարիզում, խոսում է հայերեն։

Որն էր այսքան երկար բացակայության պատճառը, հարցին`դիրիժորը պատասխանեց, որ այսքան տարի ելույթ չի ունեցել Հայաստանում հրավերի բացակայության պատճառով։ Եթե հրավեր լիներ՝ ավելի շուտ կգայի, նշեց Ջորջ Փեհլիվանյանը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը, ի դեպ, հայտնեց, որ աշխարհահռչակ դիրիժորի հետ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի բնույթ են կրելու: Այսպիսով` հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Սպասված վերադարձ» համերգը, որը նվիրվում է դիրիժորի ծննդյան 50- ամյակին, իսկ որպես նվեր Ջորջ Փեհլիվանյանը ակնկալում է հանդիսատեսի ջերմությունը:

Back to top button