ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սահմանին վիճակը հանգիստ է․ փոխնախարարը հերքում է Ադրբեջանին, իսկ պետությունը դեռ պատասխան է սպասում Բաքվից

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը «իրականությանը չհամապատասխանող» է որակել վերջին օրերին իբր Հայաստանի կողմից խախտվող հրադադարի մասին Ադրբեջանից տարածվող ապատեղեկատվությունը։ Փոխնախարարը գնացել էր խորհրդարան՝ ներկայացնելու «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Դրանցից մեկը հույս ունեն, որ կհասցնեն կիրառել ամառային այս զորակոչի ընթացքում անգամ։ Նախնական տեղեկություններով խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի հուլիսի 11–ին։  Չի բացառվում, որ օրենսդրական փոփոխությունը ընդունվի հենց արտահերթի ժամանակ։

Խաղաղության գործընթացի մասին ի՞նչ նորություն էր ցանկանում լսել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքերը, երբ վերջին անգամ զանգահարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը փակագծեր չբացեց․

«Ես չեմ պատրաստվում մտնել մասնավոր դիվանագիտական ​​խոսակցությունների մեջ, բայց ինչպես ասել ենք հրապարակման մեջ՝ մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև ներգրավվածությանը և շարունակում ենք աշխատել այդ վեճը լուծելու ուղղությամբ»։

Ժամանակագրության տեսանկյունից Բաքվի ռազմատենչ և կեղծ քարոզչության վերջին արշավն ակտիվացավ հենց այդ հեռախոսազրույցից հետո։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին պարբերաբար մեղադրում է հրադադարի խախտումների մեջ, մինչդեռ այդ պնդումները հերքում են թե՛ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում իրականացնող ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Վերջին անգամ հունիսի 14–ի են արձանագրել, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չի արձանագրել։

Բաքուն դեռևս չի արձագանքել Երևանի առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին։ Առաջարկին արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հարցմանը, թե ինչպե՞ս է Միացյալ Նահանգները գնահատում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը, դեսպանությունից ողջունել են բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը և տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն։ Աջակցության պատրաստակամություն են հայտնել հետագա քայլերին կողմերի համար օգտակար ցանկացած ձևով։

«Միացյալ Նահանգները հստակ փաստել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կարծում ենք՝ շարունակվող բռնությունները խաթարում են տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը»,- նշել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից՝ հույս հայտնելով, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ կստորագրեն տևական խաղաղության համաձայնագիր՝ ճանաչելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը սահմանին անհանգիստ վիճակի մասին տարածվող տեղեկատվությունը սխալ է համարում։

«Եթե իրավիճակի անհանգստության մասին տեղեկատվություն լինի, մենք նույնպես տրամադրում ենք։ Եթե մենք ունենայինք որևէ նման բան, բնականաբար նաև կհայտարարեինք։ Դուք ի՞նչ գիտեք՝ ակտիվ գործողություններ են գնում։ Տեղեկատվական, իրականությանը չհամապատասխանող տվյալներ է անընդհատ ինքը ( Ադրբեջանը – խմբ․ ) տարածում, որի վերաբերյալ պաշտպանութան նախարարությունը հանդես է գալիս հայտարարություններով։ Եթե որևէ խնդիր ծագի մենք անընդհատ, պարբերաբար, ամեն տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ ստուգված տեղեկատվություն ենք տրամադրում, որպեսզի որևէ խնդիր չծագի»։

Փոխնախարարը անպատասխան թողեց հարցը, թե արդյո՞ք ադրբեջանական ապատեղեկատվությունը նոր ագրեսիայի մասին կարող է վկայել։

Պաշտպանության փոխնախարարը խորհրդարան էր գնացել կոնկրետ հարցով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելու  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները։

Զինվորական ծառայությանն առնչվող մի քանի լավարկում է առաջարկում նախարարությունը։ Ենթադրում են, որ նախագիծը 24–ժամյա ռեժիմով հուլիսի 11–ին նախատեսվող արտահերթ նիստում ընդունվելու դեպքում, այն կհասցնեն կիրառել նաև ամառային զորակոչի ընթացքում։ Խոսքը զորակոչվող եղբայրներին նույն զորամասում ծառայելու կարգի փոփոխության մասին է։

«Այսօր գործող օրենսդրությամբ, երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, իրեն հնարավորություն է ընձեռված դիմել, և թույլատրվում է իրեն ծառայել իր եղբոր մոտ նույն զորամասում։ Սակայն, այդ ժամկետը երբ 17 ամսից ավելի է, օրենսդրությունը թույլ չի տալիս, որ 17–րդ ամսից հետո եղբայրը ծառայի եղբոր մոտ» Այստեղ մենք ժամանակն ենք ավելացնում, որպեսզի կարողանան երկու եղբայրները միասին ծառայություն իրականացնեն»։

Օրենքների նախագծերի փաթեթով կարգավորում է նաև պայմանագրային զինծառայողների համար ոչ աշխատանքային և տոնական օրերին ծառայության դիմաց չվճարված աշխատավարձերի վերադարձը։

Առաջարկվում է հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով ստանալու հնարավորություն ընձեռել նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպաներին:

Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նոր խնդիր է բարձրաձայնում, որին բանակը նոր է սկսել առնչվել։

«Քիչ չեն այն դեպքերը, երբ մարդիկ ավարտում են ռազմաուսումնական հաստատությունները, որից հետո դիմում են և, խախտելով պայմանագրի կետերը, հեռանում ծառայությունից։ Սա նկատվում է ռազմաբժշկական, ավիացիոն ֆակուլտետը ավարտողների մոտ։ Ես վստահ եմ, որ տուժանքները դա այն միջոցը չէ, որ դրանով մենք փորձում ենք վերականգնել ԶՈՒ պատճառված վնասը։ Տեսեք՝ ԶՈՒ–ն պլանավորում է տարիներ առաջ՝ որ թվին ինչքան սպաներ է ստանալու բազային կրթությամբ և, ըստ այդմ, իրականացնում համապատասխան պլանավորում, և գալիս է պահը, երբ սպան ասում է՝ ես չեմ ծառայում, վերցրեք ձեր առավելագույնը 10 միլիոնը, ես գնացի։ Ստանում է օդաչուի որակավորում, վճարում է 10 միլիոն, ինչը օդաչուի համար ընդհանրապես թիվ չէ, գնում է քաղաքացիական մի տեղ էլ վերապատրաստում է անցնում և, բնականաբար, անցնում է քաղաքացիական ավիացիա բարձր աշխատավարձով ծառայության։ Այսինքն՝ ռազմաուսումնական հաստատությունը օգտագործում են մասնագիտություն ստանալու և բանակից ազատվելու, վերջում էլ իրենց կյանքը 10 միլիոնի դիմաց, սա առավելագույնն է, կառուցելու»։

Նկարագրված իրողությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները անթույլատրելի են համարում և արդեն խոսում են այս իրավիճակի լուծումները օրենքով սահմանելու մասին։

Back to top button