Երաժշտական եռանկյունի

Մկրտիչ Բաբաջանյան․ դիրիժոր, երգիչ և նկարիչ. «Երաժշտական եռանկյունի»

Մկրտիչ Բաբաջանյանը հայ ժամանակակից օպերային երգիչ և դիրիժոր է։ Ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիան՝ 1996-ից արդեն աշխատում էր օպերային թատրոնում որպես դիրիժոր։ 1999-ին, իրադարձությունների բերումով մեկնեց Գերմանիա, որտեղ և սկսեց  օպերային մենակատարի իր 25-ամյա կարիերան։  

«Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այդ տասնամյակների աշխատանքը հսկայական փորձառության և մշտական կատարելագործման ժամանակաշրջան էր։ Մասնակցել եմ բազմաթիվ ներկայացումների՝ կատարելով ամենատարբեր դարաշրջանների օպերային երաժշտություն, աշխատել եմ եվրոպական թատրոններում բազմաթիվ ռեժիսորների և դիրիժորների հետ։ Եղել են և՛ավանդական, և՛ ամենաառաջադեմ, նույնիսկ արտառոց օպերային ներկայացումներ։ Օպերային ռեժիսուրան շատ է փոխվել, և հենց դրանով էլ հետաքրքիր է»,- ասում է երաժիշտը։

Մկրտիչ Բաբաջանյանը երբեք չի կորցրել կապը հայրենիքի հետ։ Մի քանի տարի առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Կոնստանտին Օրբելյանի հրավերով ղեկավարել է ներկայացումներ որպես դիրիժոր, բեմադրել օպերային ներկայացումներից մեկը։

Վերադառնալով Եվրոպա` Մկրտիչ Բաբաջանյանը դարձավ Վագներյան երաժշտական միության լիիրավ անդամ։

«Գիտեք, Գերմանիայի Դաշնությունում գործում է 74 օպերային թատրոն, իսկ Վագներյան միությունների քանակը աշխարհում հասնում է 124-ի։ Այդ բոլոր միությունների աշխատանքով է պայմանավորված վագներյան ժառանգության հանրահռչակումn աշխարհում, օպերային նոր ներկայացումների բեմադրությունները և Վագներյան Բայրոթյան ամառային փառատոնի ամենամյա անցկացումը, որն, ի դեպ, առաջին անգամ տեղի է ունեցել 1872 թվականին։ Ինձ համար մեծ պատիվ է անդամակցել այդ միությանը և հռչակավոր թիմի մաս կազմել», — շարունակում է Մկրտիչ Բաբաջանյանը։

Նրա հաջորդ տարերքը կերպարվեստն է, որը միշտ ձգել է մեր հաղորդման հերոսին, բայց միայն վերջին տարիներին է նա սկսել  մասնագիտորեն զբաղվել կերպարվեստով, մշակել սեփական տեխնիկաներ և աշխատել տարբեր նյութերի, հատկապես թղթի հետ` բացահայտելով դրանց նոր արտահայտչական հատկությունները։

Այսօր Մկրտիչ Բաբաջանյանի աշխատանքները ցուցադրվում են տարբեր եվրոպական ցուցասրահներում, գնվում են ժամանակակից արվեստի սիրահարների կողմից։ 

Back to top button