ԿարևորՀասարակություն

Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը, հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։ «Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957թ․՝ Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։

Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

1991 թվականից բեմական խոսք էր դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր էր։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Back to top button