ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ինչի՞ մասին են Վաշինգտոնից ու Բրյուսելից Բաքվի ստացած ուղերձները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։

Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից Ալիևն իր հերթին ընդգծել է «Հայաստանում իրավական ակտերի հիման վրա Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ տալու կարևորությունը»։

Հեռախոսազրույցին նախորդել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Արցախի հայերի իրավունքների երաշխավորման մասին հայտարարությանը, որը նույնպես Բաքուն անպատասխան չի թողել։

Ադրբեջանում պահվող բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին հնարավորինս շուտ ազատ արձակելու և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհապաղ ավարտին հասցնելու կարևորությունն է շեշտել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը՝ Ալիևի հետ հեռախոսազրույցում։ Նա Ադրբեջանին կոչ է արել դա անել հնարավորինս շուտ՝ հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Կառույցի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ նաև գրված է․

«ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ցանկացած ձևով հավատարիմ է մնում կողմերի համար օգտակար հետագա ներգրավվածությանն աջակցմանը»։  

Ըստ ադրբեջանական կողմի՝ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ խաղաղության նախապայման ունի. իր պահանջն է, որ հայկական կողմը փոփոխություն կատարի Սահմանադրության մեջ։ Ալիևը հիշեցրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդիրը, որպեսզի, նրա ձևակերպմամբ, ամբողջությամբ փակվի անցյալի մնացորդ հակամարտության էջը։

Փորձագետներն այս համատեքստում ուշագրավ են համարում այն, որ ավելի վաղ՝ հունիսի 19-ին, ԵՄ արտաքին անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրավոր պատասխանելով ԵԽ պատգամավորներից մեկի հարցմանը, շեշտել էր Արցախից տեղահանվածների վերադարձի իրավունքի մասին։ Բաքուն արցախահայերի իրավունքների իրացման մասին Բորելի այս հայտարարությունը «կեղծ ու սադրիչ» է որակել։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Եվրամիությանը զերծ մնալ «կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ջանքերը»։  

Անդրադառնալով Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նկատել է, որ՝ «խաղաղության պայմանագրի անհապաղ կնքման» ձևակերպումը հիշեցնում է 2023 թվականի հունվարը, երբ դարրձյալ նույն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, դարձյալ Ալիևի հետ հեռախոսազրույցում, դարձյալ «անհապաղ» հորդոր էր հղել Լաչինի միջանցքը բացելու կապակցությամբ, որն այդ պահին փակ էր արդեն ամսից ավելի: Ի մի բերելով այս անցուդարձերը՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշում է.

Հակոբ Բադալյան. «Դարձյալ հիշեցնեմ, թե շատ մարդիկ ու խմբեր ինչպես էին Հայաստանում մատուցում այդ «անհապաղ հորդորը», ասելով, որ Ալիևը դիմանա հազիվ երկու-երեք օր: Հիմա, երբ պետքարտուղարը Ալիևի հետ խոսելիս դարձյալ օգտագործում է «անհապաղ» ձևակերպումը, այս դեպքում Հայաստանի հետ համաձայնագրի «անհապաղ կնքման» շեշտադրումով, անկեղծ ասած, սկսում է մտահոգել «նախադեպի ուժը», առավել ևս այն պարագայում, երբ հեռախոսազրույցի մասին հայտնի դառնալուն զուգահեռ հայտնի է դառնում, որ Ալիևը անցկացնելու է խորհրդարանի արտահերթ ընտրություն, որը նախատեսված էր 2025 թվականի փետրվարին»:

Ըստ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանը, իր ռազմավարական նպատակները ձևակերպելիս, nւժի կիրառման հարցն է մշտապես պահում իր քաղաքական զինանnցnւմ։ Ֆեյսբուքյան գրառմամբ Աբրահամյանը, մասնավորապես, նկատել է․

«Ադրբեջանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետ չի կանգնել իր հրահրած սպառազինությունների մրցավազքից և զինված ուժերի արմատական ռեֆորմներին զուգահեռ  հսկայական գնումներ է անում»։  

Այն հիմնական միջազգային դերակատարները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային երկարատև խաղաղության դիրքերից, Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, պետք է այսպիսի փուլերում զսպեն ադրբեջանական ագրեսիվ մղումները, հակառակ դեպքում, դրանք մի շրջափուլում կմտնեն անկանխատեսելիության դաշտ, իսկ դրա հետևանքների դեմ պայքարն այլևս անիմաստ կլինի»։

Back to top button