ԿարևորՄշակույթ

Ջութակահար Սոյունգ Յունը հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել հարավկորեացի ջութակահար Սոյունգ Յունը։ Նա նավագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հայ հանդիսատեսին ներկայացրել է ամերիկացի կոմպոզիտոր Սամյուել Բարբերի Ջութակի կոնցերտը` 3 մասից։

Սոյունգ Յունը համագործակցության մեծ փորձ ունի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ «Սերգեյ Սմբատյանի հետ ծանոթ ենք արդեն 20 տարի։ Նա ջերմ ու եռանդով լի երաժիշտ է։ Ինձ դուր է գալիս նրա հետ կիսվել երաժշտական գաղափարներով‚ երազանքներով և իհարկե ելույթ ունենալ նույն բեմում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ եմ ունեցել 4 անգամ‚ և ամեն անգամ աշխատանքը դարձել է յուրահատուկ ու հիշարժան ճամփորդություն։ Մեզ համար միշտ թանկ են լինում այն պահերը‚ որոնք ստեղծվում են փորձերի ու համերգների ժամանակ»‚- ասում է Սոյունգ Յունը։

Համերգի ընթացքում հնչել են նաև անգլիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Օպերայի ուրվականը» սյուիտը‚ հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների սյուիտներից‚ ինչպես նաև Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը։  

«Օպերայի ուրվականը» շատերին ծանոթ է որպես մյուզիքլ կամ որպես ֆիլմ։ Ժամանակակից կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի հանրահայտ «Օպերայի ուրվականը» սյուիտը Հայաստանում ներկայացվում էր առաջին անգամ։ Համերգային կատարմամբ ունկնդիրը վայելել է բոլոր այն մեղեդիները, որոնք հնչում են  ֆիլմում ու մյուզիքլում, և որոնք կոմպոզիտորը խնամքով միավորել է «Օպերայի ուրվականը» նվագախմբային սյուիտում։

Back to top button