ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Էրազմուս+»-ի նախագծերը նոր հմտություններ և նոր հնարավորություններ են խոստանում աշխատաշուկայում

Ակադեմիական հանրությունը կծանոթանա ևս 12 ծրագրի, որից 8-ը բարձրագույն կրթության ոլորտում, 4-ը՝ միջին մասնագիտական: «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառման շրջանակներում ներկայացվեցին կարողությունների զարգացման մի շարք ծրագեր ամենատարբեր ոլորտներում։ Համագործակցության նոր հնարավորություններ են բացվում ինչպես բարձրագույն կրթության ոլորտում, այնպես էլ միջին մասնագիտական ոլորտում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։

«Մենք ունենք ծրագիր, որ անդրադառնում է գլխավոր կատարման ցուցիչներին, որոնք վերաբերում են համալսարանի մենեջմենթին, դասախոսությանը: Մի քանի ծրագիր ունենք, որ անդրադառնում են կանաչ կրթությանը, թվային, ներառական հմտություններին։ Համագործակցությունը եվրոպական բուհերի հետ միասին է»։

«Եվրասիա» միջազգային համալսարանը «Էրազմուս+» ծրագրի հարուստ փորձ ունի։ Համալսարանի համակարգմամբ իրականացվել են հաջողված ծրագրեր, և այսօր էլ համալսարանը ներգրավված է տարբեր ծրագրերում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց բուհի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։

«Նախագծերից մեկը նվիրված է միկրոորակավորումների ներդրմանը Հայաստանում և Վրաստանում։ Եվ մեկ այլ նախագիծ, որը մեր համալսարանի համահամակարգմամբ է իրականացվում, նվիրված է ԵՄ ծրագրերում համեմատաբար նորեկ բուհերի միջազգայնացմանը։ Միկրոորակավորում ասելով՝ նմատի ունենք համեմատաբար կարճաժամկետ նպատակների համար հարմարեցված կրթական գործընթացի վերջնարդյունքների հաստատումը։ Այսինքն՝ այն բոլոր դասընթացները, վերապատրաստման ծրագրերը, որոնց մեր երիտասարդները մասնակցում են, բոլորը տեղավորվում են միկրոորակավորումների հայեցակարգի շրջանակներում։ Մեր երիտասարդները շատ հաճախ մասնակցում են այդ դասընթացներին և դա նպաստում է աշխատաշուկայում իրենց մրցունակության բարձրացմանը»։

«Էրազմուս+» ծրագրին մասնակցում է նաև Վանաձորի պետական համալսարանը։ Բուհի ներկայացրած «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» նախագիծը փետրվարին է մեկնարկել։ Բուհի ներկայացուցիչ Լուսինե Վարդանյանի փոխանցմամբ՝ նախագծի շրջանակներում նախատեսվում է մշակել և կրթական ծրագրերում որպես կամընտրական դասընթացներ ներառել այնպիսի հմտություններ, ինչպեսիք են թվային, մեդիա գրագիտությունը, ներառականությունը, առաջնորդությունը և այլն։

«Հմտություններ, որոնց տիրապետումը շատ կարևոր է 21-րդ դարի դինամիկ աշխատավայրերում մրցունակ մնալու համար։ Նախագծի նպատակն է կամրջելու այն բացը, որը կա բուհերի կողմից առաջարկվող հմտությունների և աշխատաշուկայի պահանջների միջև։ Դա զգալիորեն կբարելավի ուսանողների կարիերայի հեռանկարները, կխթանի նրանց մրցունակությունը աշխատաշուկայում»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս կարևորում է «Էրազմուս+»-ը ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի համար։ Ընդգծելով, որ այն լայն հնարավորություններ է բացում դասախոսների և ուսանողների առաջ, դեսպանը հայտնում է , որ մինչ օրս ավելի քան 5000 անձ է օգտվել ծրագրից։ «Էրազմուս+» ծրագիրը յուրահատուկ գործիք է, որը հայկական բուհերին հնարավորություն է տալիս Արևելյան գործընկերության այլ երկրների բուհերի և ԵՄ բուհերի հետ համատեղ ծրագրեր իրականացնել: Մենք ունենք 8 ծրագիր, որոնցից 4-ը ինստիտուցիոնալ են, 4՝ ազգային, ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նրա փոխանցմամբ՝ ազգայիններն այնպիսի ինստիտուցիոնալ կարողություն են ստեղծելու, որոնցից մյուս բուհերն էլ կարող են օգտվել: Փոխնախարարը կարծում է, որ նախարարությունը մեկ հարկի տակ է հավաքում ծրագրերը և հնարավորություն է տալիս բուհերի միջև երկխոսություն ստեղծել:

Back to top button