ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղաքացիները հետապնդվելու են գրեթե ամենուր ու անընդհատ․ անվտանգային հնարավոր ռիսկեր՝ Երևանում քայլողների համար

Անվտանգության ու անձնական տվյալների պաշտպանության մասնագետները խնդրահարույուց են համարում ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթը, որով Ոստիկանությունը 24/7 ռեժիմով կկարողանա հասանելիություն ունենալ տնտեսվարողների, վարկային կազմակերպությունների, բանկերի, գրավատների, ուսումնական հաստատությունների մուտքերին ու հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկներին։

Ըստ նախագծի հեղինակների՝ թվարկված կազմակերպությունները առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է շենքերի մուտքը և հարակից տարածքները հսկող տեսախցիկներ տեղադրեն ու հասանելիություն տան ոստիկանությանը՝ հանցագործներին, անհետ կորած համարվող քաղաքացիներին արագ ու արդյունավետ հայտնաբերելու համար։ Մասնագետները պնդում են՝ սա քաղաքցիներին ավելի վերահսկելի դարձնելու և անձնական տվյալների ապօրինի հավաքագրման փորձ է։

Եթե այս նախագիծը ընդունվի, ապա Երևանի գրեթե ամբողջ տարածքը կվերահսկվի տեսախցիկներով, ինչը մի կողմից անվտանգային երաշխիքներ կտա հանցագործություններից պաշտպանված լինելու հարցում, մյուս կողմից՝ անձնական տվյալների հավաքագրման ու տարածման, ինչպես նաև օտարերկրա հատուկ ծառայությունների վերահսկողության անվտանգային նոր ռիսկեր կստեղծի։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հիմնավորում է՝ չկան կամ առնվազն տեսանելի չեն հազարավոր մարդկանց անձնական տվյալների պատշաճ պահպանման, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելու երաշխիքները․

«Բացարձակ երաշխիք չունենք, որ տեխնիկապես վերահսկվելու են, մենք մեր աչքերով ենք տեսել՝ ինչպես ադրբեջանցիները տեսախցիկներով, օրինակ, մարդկանց տներն էին ներխուժում, հիմա դրա քանակը տասնապատկվելու է, և փաստացի անվտանգությունից ելնելով, ինչ-որ բան է արվում՝ չապահովելով դրա անվտանգությունը»։

Քաղաքացիները հետապնդվելու են անընդհատ, քանի որ, ըստ նախագծի, տեսախցիկները պետք է վերահսկեն շենքերի մուտքերը՝ բոլոր կողմերից 30 մետր շառավղով։ Օրինակ՝ Երևանի կենտրոնում այդ հեռավորության վրա կարող են լինել բազմաթիվ այլ վայրեր, որտեղ մարդիկ կուզեն առանց ավելորդ աչքերի լինել՝ ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Սա կարող է հանգեցնել քաղաքական հետապնդումների, լրագրողների աղբյուրների բացահայտման կամ կոռուպցիայի․ «Առավել ևս, որ Հայաստանի պատմության մեջ ես հիշում եմ դեպքեր, երբ տեսախցիկների մասնավոր նկարահանումները ինչ-որ մարդիկ ստանում էին և հանրայնացնում, և դա երբեք իրավական հետևանքներ չի ունեցել, այիսնքն՝ մենք ունենք արդեն այդ մեխանիրզմները»։ 

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը սեփական տեսախցիկներ չի արտադրում, չունի տեղեկատվությունը փոխանցելու սեփական ցանցային սարքավորումներ, չունի կամ չի արտադրում Արհեստական բանականությամբ աշխատող լուծումներ․

«Քանի որ մենք փոքր շուկա ենք, չեմ կարծում, որ հնարավորություն է լինելու վերհսկելու էդ ամբողջ մատակարարման ցանցը, այսինքն՝ թե ճանապարհին՝ մինչև Հայաստան հասնելը, էդ սարքերի մեջ ինչ կդրվի, ու մենք արդյո՞ք ունենք տեխնիկական կարողություն՝ վերահսկելու։ Հստակ չի՝ կբացահայտե՞նք, թե՝ ոչ, վերջում ունենալու ենք ցանց, որին չենք տիրապետում, մենք չենք արտադրել, մենք չգիտենք մեջը ինչ կա և հասկանալի չի ՆԳՆ-ից բացի, էլ ո՞վ դրան հասանելիություն կստանա»։

Ըստ մասնագետի՝ խոցելի է նաև այն, որ բոլոր տվյալները հավաքագրելու և պահպանելու է ՆԳՆ-ի համապատասխան ՊՈԱԿ-ը, ինչը օտարերկրա հատուկ գործակալներին հնարավորություն է տալիս ավելի արագ կոտրել համակարգը և վերցնել քաղաքացիների անձնական տվյալները․

«Դա պաշտպանելը նշանակում է հսկայական ծավալների հետ գործ ունենալ, և չեմ հավատում, որ կա տեխնիկական կարողություն՝ կենտրոնացված մի բանը պաշտպանելու, մանավանդ, եթե դա կա ու էդ մասին հայտարարվում է, հասկանում ենք, որ ցանկացած օտարերկրա լրտեսական կազմակերպության համար մեծ խնդիր չի լինի դա կոտրել»։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին տնօրեն Գևորգ Հայրապետյանը նախ նշում է՝ դեռևս 2 տարի առաջ, երբ գործակալության տնօրենն էր, բացասական եզարակացություն է տվել նախագծին, ինչն արդեն նշանակում է, որ կան մարդու անձնական տվյալներին առնչվող խնդիրներ, մասնավորապես նշում է՝ կա տվյալների հավաքագրման ու օգտագործման օրինակնության և համաչափության կանոնների խախտում․

«Նախագծի փաթեթն ամբողջությամբ խնդիր ունի այս սկզբունքի հետ, նպատակները չափազանց ընդհանուր են, վկայակոչված են ոստիկանության ընդհանուր նպատակները՝ հանցագործությունների բացահայտման վերաբերյալ, դա մեկ, երկրորդ՝ հիմնավորման մեջ մի դեպքում նշվում է, որ տեսգրությունները չեն կարող որևէ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկություն հավաքելու նպատակ հետապնդել, ամեն դեպքում հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞նց ես կոնկրետ հանցագործություն բացահայետելու»։

Խնդրահարույց է նաև այն, որ ըստ նախագծի՝ տեսախցիկներ են տեղադրվելու նաև շտապ օգնության մեքենաներում, ինչը հակասում է բժշկական գաղտնիքի իրավունքին, նաև ըստ նախագծի՝ վճարովի հիմունքներով տվյալները կարող են փոխանցվել պետական կամ ոչ պետական մարմիններին՝ վերլուծություններ անելու համար․ «Սա անձնական տվյալների իրավունքի պաշտպանության խախտում է»։

Անցած շաբաթ՝ նախագծի համահեղինակ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս նշել էր՝ եթե մարդը քայլում է հանրային վայրերով, ապա արդեն ենթադրվում է, որ նրա տվյալները կարող են հասանելի դառնալ այլոց։ Նա վստահեցրել է՝ նախագիծը, բացի հանցագործներին հայտնաբերելուց, այլ նպատակներ չի հետապնդում։

Back to top button