Սփյուռքի ձայնը

Լավագույն տարիներն ու արդյունավետ աշխատանքը Հայաստանում են․ ամերիկահայ ինժեներ Վարդան Էսեյան. «Սփյուռքի ձայնը»

Պոլիս, Փարիզ ու Նյու Յորք․ Նյու Յորքի պետական համալսարանի առողջապահական գիտական կենտրոնի ուսումնական հիվանդանոցի ինժեներ Վարդան Էսեյանը Հայաստանում կամավոր է։ Աշխատում է AVC ծրագրում, նաև ուժերը փորձում է լուսանկարչության ու լրագրության ոլորտներում։ Երեք տասնամյակ Նյու Յորքի լավագույն համալսարանում ինժեներության ու դասավանդման բնագավառներում աշխատած մեր հայրենակիցն իր կյանքի լավագույն  ու արդյունավետ տարիները համարում է Հայաստանում ապրելու և կամավորություն անելու շրջանը։

«Դեռ մի քանի տարի առաջ աղջիկներիս հետ եկա Հայաստան ու իմ ներդրումն ունեցա կամավորական ծրագրում։ Այդ ժամանակ էլ հասկացա իմ՝ հայրենիքում աշխատելու դերն ու նշանակությունը և արդեն մի քանի տարի գալիս եմ Հայաստան, ապրում հյուրընկալ ընտանիքում և իմ գիտելիքներն օգտագործում տարբեր ոլորտներում», —  ասում է Վարդան  Էսեյանը։

Նա 10 տարեկանում է լքել Պոլիսը։ Ասում է, որ մանկությունն անցել է հետաքրքիր միջավայրում, բայց նաև եղել են շատ խնդիրներ։ «Պոլսի կյանքը, մանկությունը աննկարագրելի էր, հետաքրքիր ու յուրահատուկ։ Սակայն հայ մարդու համար այն ժամանակ, ինչպես այսօր, կային բազմաթիվ խնդիրներ թուրք հասարակության հետ։ Հենց այդ տարբեր խնդիրներից խուսափելու համար հայրս որոշեց տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ նույնպես հեշտ չէր։ Այդ հասարակությունն էլ պահանջում էր արագ ինտեգրում, լեզվի իմացություն, ինչն ինձ համար խնդիր չէր, քանի որ Պոլսում սովորել էի ֆրանսիական դպրոցում», — ասում է Վարդան  Էսեյանը։

Տեղափոխվելով ԱՄՆ՝ Վարդանը շարունակել է իր մասնագիտացումը և անցել աշխատանքի։ Նրա շնորհիվ բազմաթիվ գիտական հայտնագործություններ են եղել առողջապահության բնագավառում, գիտելիքները փոխանցել է նաև նոր սերնդին։ Մեր հայրենակիցը նշում է, որ իր դասերի ժամանակ հայ երիտասարդների է հանդիպել, նրանցից 4-ին ուղղորդել գիտական տարբեր նվաճումների։

Back to top button