ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Կատալիստի» առաջին ալիքը․ առաջնորդներ ձևավորող ակադեմիան ամփոփելու է արդյունքները

2023 թ․ սեպտեմբերից Երևանում գործում է «Կատալիստ» ակադեմիան։ Քիմիական ռեակցիան արագացնող նյութի՝ կատալիզատորի անունով կոչվող ակադեմիան նախատեսված է 8-ից 18 տարեկան պատանիների համար։ Այստեղ փորձում են «կատալիստներ» կրթել, որոնք առաջնորդներ կդառնան ու կարագացնեն դրական։ Կրթական ծրագիրը կազմվել է՝ ըստ սովորողների տարիքային խմբի կարիքների ու նախասիրությունների՝ Կանադայի և ԱՄՆ-ի փորձը հաշվի առնելով։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո «Կատալիստ» ակադեմիայի հիմնադիր Արտակ Խաչատրյանը մեկ տարի ուսանել է Քուվեյթում։ Բիզնեսի և կառավարման վերաբերյալ դասախոսությունները ազդակ են դարձել այլընտրանքային, ոչ ֆորմալ կրթական ակադեմիայի ստեղծման համար։

Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արտակ Խաչատրյան․ «Պատանիներն իրենց հիմնական դասերից հետո այցելում են ակադեմիա։ Մենք հանրապետական դպրոցների հետ ոչ թե մրցակցում ենք, այլ համագործակցում, որովհետև հաճախ մեր կրթական համակարգը չի հասցնում  լրացնել այն բացերը, որ պատանիները ունեն։ Այստեղ օգնության է գալիս Կատալիստ ակադեմիան»։

«Կատալիստ»-ի 6-ամսյա կրթական ծրագիրը 4 ուղղություն ունի, որոնք ձևակերպված են ԱԲԱԱ հապավումով։ Առաջին Ա-ն անձնային աճն է՝ պատանիների փափուկ հմտությունների զարգացումը ժամանակի կառավարման, քննադատական մտածողության, ստեղծարարության և հուզական ինտելեկտի ոլորտներում։ Հաջորդը բիզնեսը և կարիերան է։ Պատանիներն ուսումնասիրում են մարքեթինգ, ֆինանսներ և գաղափարների գեներացում։ Երրորդը արդի ժամանակակից տեխնոլոգիաներն են՝ ծրագրավորման ուղղություններ, արհեստական բանականություն, բլոքչեյն տեխնոլոգիաներ և այլն։ Չորրորդը արժեհամակարգի ձևավորումն է։ 

«Կատալիստը նույն կատալիզատորն է, որն արագացնում է ռեակցիաները, բայց չի մասնակցում։ Մարդկանց էլ կարող ենք կոչել կատալիստներ, որովհետև նրանք այն մարդիկ են, այն կատալիզատորներն են, որոնք դրական փոփոխություններ են կերտելու ինչպես իրենց անձնական, մասնագիտական կյանքում, այնպես էլ ուրիշների։ «Կատալիստ» ակադեմիայի գաղափարախոսության հիմքում կատալիստների ձևավորումն է, որոնք աշխարհին միմիայն բարիք են բերելու»։

Ակադեմիան ունի տարիքային 3 խումբ՝ 8-11, 12-14 և 15-18 տարեկաններ։ Դասընթացի վերջում պատանիները ներկայացնում են իրենց ավարտական աշխատանքը։ Հունիսի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում 25 պատանի ելույթ է ունենալու և ամփոփվելու է դասընթացի արդյունքները։

«Չորս ուղղություններից պատանիները վերցնում են մի թեմա, խորանում դրա մեջ և փորձում են հանրությանը, մարդկանց ցույց տալ, որ իրենք այդ ոլորտում դառնալու են գիտակ կամ մասնագետ։ Նպատակ ունենք կամուրջ ստեղծել պատանիների, գործատուների, համալսարանների և այն մասնագետների միջև, որոնք կկարողանան աջակցել  պատանիներին իրենց ապագա հաջողությունները կերտելու մեջ»։

Այժմ համագործակցում են «Եվրասիա» ավագ դպրոց-վարժարանի, «Օհանյան», «Փոքրիկ Իշխան» և Global Bridge կրթահամալիրների հետ։ Տարբեր ձևաչափերով գործակցում են նաև Եվրասիա միջազգային համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտականի հետ։ Կրթական ծրագրի վճարումը համաֆինանսավորմամբ է։ Ամսական արժե 70 հազար դրամ, որի 50 տոկոսը վճարում է ծնողը, մյուս 50 տոկոսը՝ ԱՄՆ-ի գործընկերները։ Գագիկ Պողոսյանը «Փոքրիկ Իշխանը» կրթահամալիրի սաներից է։  Ցանկանում է կառուցապատող դառնալ։ 

«Ինձ տպավորել է վերելակային ելույթը, որտեղ պետք է 30 վայրկյանում պատմես քո բիզնեսի մասին այնպես, որ հետաքրքրվեն դրանով։ Ես ներկայացնելու եմ ռեսուրսների կառավարում, որ բոլոր կառուցապատողներն իմանան, թե ինչպես է պետք կառավարել ռեսուրսները՝ ճիշտ արդյունք ստանալու համար»։

6-ամսյա կուրսն ավարտելուց հետո պատանիները մտնում են «Կատալիստ» ալիանս։ Սա համայնքային կազմակերպություն է, որտեղ կառույցի գործընկերներն իրենց ռեսուրսներով աջակցում են անդամներին։ Ալիանսի 5 աստիճանները բարձրանալով՝ նրանք դառնում են համայնքային կազմակերպության կառավարման անդամ, որոշում են ակադեմիայի գործունեությունը։ 

Հունիսի 24-ից մինչև օգոստոսի 24-ը ակադեմիան «Ամենախենթ ամառը» ծրագիր է իրականացնելու։ Պատանիները գեներացնելու են բիզնես գաղափարներ, մրցակցային ֆոնդը կազմելու է 1500 ԱՄՆ դոլար։  

Back to top button