ԿարևորՀասարակություն

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի 2024 թ․ 2-րդ և 3-րդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 600 մլն դրամով

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի 2024 թ․ երկրորդ և երրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 600 մլն դրամով․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։

Միջոցառման շրջանակում 2024 թվականին աջակցություն է ստացել 888 շահառու։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող շուրջ 10 հազար ընտանիք․ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 7 մլրդ դրամ։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին՝

·   առաջին բաղադրիչի շրջանակում՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,

·         երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Ծրագրի առաջին բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է՝

·         ունենալ առնվազն 2 անչափահաս երեխա,

·         հիփոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ից հետո,

·         տան արժեքը չգերազանցի 35 մլն դրամը,

·         ընտանիքը չունենա այլ բնակելի անշարժ գույք։  

Աջակցության չափը՝

·         երկու երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ է,

·         երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ,

·         չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ 

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է՝

·         դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալը,

·         ունենալ առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,

·         տան արժեքը չգերազանցի 35 մլն դրամը,

·         ընտանիքը չունենա այլ բնակելի անշարժ գույք։

Աջակցության չափը՝

·         ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված կազմում է մինչև 500 հազար դրամ,

·         երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։

Back to top button