ԿարևորՄիջազգային

Իրանում շահագործման է հանձնվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս կազմող Ռաշթ-Կասպյան երկաթուղային գիծը

Իրանում շահագործման է հանձնվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Գիլան նահանգում գտնվող Ռաշթ-Կասպյան երկաթուղային գիծը, որը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, հայտնում է Իրանի կառավարությունը։

Իրանի հյուսիսում գտնվող Ռաշթ քաղաքից մինչև Կասպից նավահանգիստ ընկած հատվածը Ռաշթ-Աստարա երկաթուղու շինարարության սկզբնական փուլն է։ Հետագայում նախատեսվում է կառուցել գծերի հաջորդ հատվածը Կասպից նավահանգստից մինչև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստարա քաղաքը։

«1403 թվականի գարնան վերջին օրը (իրանական օրացուցային տարին սկսվել է 2024 թվականի մարտին — խմբ.), նախագահի պաշտոնակատարի (Մուհամմադ Մոխբերի) մասնակցությամբ շահագործման է հանձնվել Ռեշտ-Կասպյան երկաթուղու մի հատվածը»,- ասվում է իրանական կառավարական տելեգրամյան ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ
.
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռաշթ-Կասպյան երկաթուղին Իրանի երկաթուղային ամենակարևոր և առաջնահերթ նախագծերից մեկն է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքն ավարտին հասցնելու գործում։ Այս նախագիծը մեծ նշանակություն ունի Մերձավոր Արևելքի երկրների և Եվրոպայի հետ Իրանի առևտրի համար։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ նավահանգիստ (Հնդկաստան) մուլտիմոդալ երթուղի է, միջանցքի երկարությունը 7,2 հազար կիլոմետր է։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս է կազմում նաև Հայաստանը։ Միջանցքի ներդրումային ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2009 թ. աշնանը։

Back to top button