ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը

Մոսկվան հուսով է, որ Երեւանում կհասկանան՝ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռում է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:

«Հույս ունենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,- ասել է Գալուզինը:

Հունիսի 19-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին ասել էր, որ սառեցրել են մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Մարտին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։ Մայիսի 31-ին Հայաստանը չէր մասնակցել Ալմաթիում կայացած պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Back to top button