ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել Վաշինգտոնի ջանքերով․ ակադեմիկոս Սաֆրաստյան

Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ շեշտել են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը, սակայն ակադեմիկոս Սաֆրաստյանը հիշեցնում է Անկարայի հիմնական նախապայմանի մասին, որը պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Նա համոզված է, որ հեռախոսազրույցը կայացել է Վաշինգտոնի ջանքերով։

Անկարան կշարունակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հետ, համոզված է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որից հետո տեղեկություն տարածվեց, որ երկու երկրների ղեկավարներն ընդգծում են իրենց քաղաքական կամքն առանց  նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։

Նրանք կարևորել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների անհրաժեշտությունը և վերահաստատել մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։ Այդ մասին, սակայն, մանրամասներ չեն հաղորդվում։

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան․ «Չնայած Թուրքիան հայտարարում է, որ առանց որևէ նախապայմանների ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, բայց իրենց ամենակարևոր նախապայմանը մնում է, իսկ դա այն մասին է, որ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիր չստորագրվի, Թուրքիան քայլեր չի ձեռնարկի հարաբերությունները կարգավորելու առումով։ Եվ քանի որ այդ պայմանագրի վերաբերյալ այս վերջին հաղորդագրությունում մենք տեսանք՝ հեռախոսազրույցի վերաբերյալ ոչ մի արձագանք չկա պայմանագրին, ապա ենթադրում եմ, որ Թուրքիան որևէ մտադրություն չունի իր պաշտոնական հայտարարությունից հրաժարվելու, այսինքն՝ Թուրքիան կշարունակի հայ-թուրքականը պայմանավորել հայ-ադրբեջանական պայմանագրով»։

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Ռեջեբ Էրդողանն էլ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Էրդողանը նաև ցավակցել է Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։

Հետևելով թուրքական մամուլի հրապարակումներին, ակադեմիկոս Սաֆրաստյանը նշում է, որ երկու երկրներում նույնաբովանդակ հայտարարություններ են տարածվել, սակայն խոսուն են թուրքական մամուլի վերնագրերը․ դրանք ավելի դրական շեշտադրումներ են պարունակում։ Հեռախոսազրույցը ներկայացվում է իբրև որոշիչ նշանակություն ունեցող, որը կարող է նոր դարաշրջան բացել հայ-թուրքական հարաբերություններում։

Սակայն փաստերի արձանագրումը այլ պատկեր է ենթադրում՝ լավատեսություն արտահայտող հայ-թուրքական հարաբերույթունների մասին հայտարարություններին զուգահեռ, հիշենք, որ արդեն երկու տարի է Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները չեն հանդիպում, թեև պարբերաբար նշվում է, որ շուտով առկա պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն լինի։ Խոսքը թերևս երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին էր, սակայն վստահեցումներ կան, տեղաշարժ՝ ոչ։

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են 2022թ․ հունիսի 1-ին՝ Վիեննայում։ Դա բանագնացների պաշտոնական չորրորդ հանդիպումն էր, որի ժամանակ կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Մոտ երկու շաբաթ առաջ էլ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մի շարք հարցերի շուրջ լայն փոխըմբռնում կա․

«Իհարկե, շարունակել ենք նաև Թուրքիայի հետ կագավորման գործընթացը։ Ունենք մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում և ակնհայտորեն, իհարկե, ժամանակն է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ»։

Դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմամբ 30 տարի է ինչ հետաքրքրություն է դրսևորում Միացյալ Նահանգները, շեշտում է ակադեմիկոս Սաֆրաստյանը։ Նա վստահ է, որ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը հենց ամերիկյան ջանքերի արդյունք է․

«ԱՄՆ–ը Հայաստանի անկախության հենց սկզբում, դեռ 1992 թ ցույց տվեց իր դիրքորոշումը, որ կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի ընդհանուր Հարավային Կովկասի տարածաշրջանի հարաբերությունների կարգավորմանը և Ռուսաստանի դերի թուլացմանը, և այս մոտեցումը տասնյակ տարիներով նրանք պահպանել են, քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ։ Սա ես կարծում եմ, որ նաև ամերիկյան դիվանագիտության ջանքերն են, որ Թուրքիան փորձում է գոնե հայտարարությունների միջոցով ցույց տալ, որ ինքը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»։

Արդեն երկու տարի է՝ տեղի չի ունենում հայ և թուրք բանագնացների հանդիպում, թեև անընդհատ նշվում է, որ շուտով դա տեղի կունենա։ Վերջին անգամ թուրք բանագնաց Քըլըչն Անթալիայում առաջարկել էր հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Հայ բանագնաց Ռուբինյանը ասել էր, որ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ։

Back to top button