ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հուսով են՝ տուն կվերադառնան․ մինչ այդ բիզնեսը Հայաստանում են զարգացնում

Հնարավորինս արագ ինտեգրվել ու աշխատանք գտնել․ Արցախից բռնի տեղահանվածները փորձում են կամ բիզնես ծրագրեր իրականացնել, կամ տարբեր ծրագրերով աշխատանք գտնել։ Ոսկանյանների ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 44–օրյա պատերազմից հետո, երբ թշնամին Հադրութում հայտնվեց։ Արցախի բիզնես փորձը նրանք տեղափոխել են Արարատի մարզ։

Արարատի մարզի Սիս գյուղում է ապրում արցախցի Ոսկանյանների ընտանիքը։ Նրանք ֆիզիկապես այստեղ են, հոգով՝ Արցախում՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Այնտեղ են թողել վերանորոգած տունը, բիզնեսը, ողջ ունեցվածը, և ամենակարևորը՝ հիշողությունները։ Նարինե Հակոբյանը ընտանիքի հարսն է, Արցախի մասին խոսում է կարոտն աչքերին։ Հայաստան են տեղափոխվել 2020–ի 44–օրյա պատերազմից հետո։ Այստեղ խմորեղեններ է պատրաստում․ վաճառքը քիչ է, բայց նաև երբեմն արտահանում է․

«Հիմնական խնդիրն իմ համար հետ վերադարձի հարցն է, հողի, ջրի կարոտը ոչ մի բառով հնարավոր չէ նկարագրել։ Սա ամենից վատ ցավն է։ Փորձում եմ իմ ցավը մեղմել խմորի միջոցով։ Մեկ–մեկ պատվիրատուները ասում են, որ խմորի մեջ Արցախի պայքարի հոտն ենք զգում։ Դա ինձ շարունակելու մեծ կայծ ու թևեր է տալիս»։

Տնից դուրս գալիս անգամ չէին էլ մտածում, որ հետ չեն վերադառնալու։ Գիտեին՝ կրակը կդադարի ու տուն կգնան։ Բայց պարզվեց՝ թշնամին հայրենի գյուղում է։ Սիսում ընտանիքը վարձով է բնակվում, բարձր վարձավճարների պատճառով է արցախցիների մի մասը հեռանում Հայաստանից՝ ասում է Գարիկ Ոսկանյանը․

«Մի երկու–երեք ամսով ՌԴ գնացի, աշխատելու, բայց չկարողացա մնալ։ Հետ եկա։ Շատերն են գնում աշխատանքի, տան վարձերն են թանկ։ Գնում են, քանի որ և՛ աշխատանք են հեշտ գտնում, և՛ բնակարանի վարձերն են ավելի էժան»։

Մեծ Թաղերում հիմնած «ՄԹԱԳ» ընկերությունը զբաղվում էր տուրիզմով՝ հյուրեր էին ընդունում։ Բացի այդ, զբաղվում էին նաև քացախի, գինու և օղու արտադրությամբ։ «Արատտա» խնձորի քացախը արդեն արտադրում են նաև Հայաստանում։ Ոսկանյանների ընտանիքը նաև մեղվաբուծությամբ էր զբաղվում Արցախում։ Այստեղ նույնպես շարունակում են այդ գործը։ Հեշտ չէ մեղվաբուծությունը, մանրուքները ու գաղտնիքները շատ են․

«Մեղրը պիտի պահես հողի տակ, որ մեկ ջերամստիճանում լինի։ Քանի որ հիմնականում դեղ են որպես օգտագործում, պետք է նույն ջերամստիճանն ապահովես։ Էն կողմում սկլադ ենք սարքելու»։

Կլիմայով, աշխարահրագրական դիրքով, ծաղիկներով պայմանավորված՝ մեղրը տարբեր համ է ունենում։ Պատրաստվում են մեծացնել ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ իրացման շուկան։ Գարիկ Ոսկանյանը Եվրոպական Միության ծրագրի 120 շահառուներից մեկն է։ «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակում մեղվաբուծությունը զարգացնելու 3,5 մլն դրամի աջակցություն է ստացել, նույնքան էլ պատրաստվում է ինքը ներդնել։ Ոսկանյանները վստահ են՝ մի օր տուն են վերադառանալու․

«Մենք էլ ենք այդ հույսով ապրում, երևի դիվանագիտական ճանապարհով, հնարավոր կլինի վերադառնալ, որ կարողանայաինք ընտանիքով գնալ ու շարունակել աշխատել»։

Բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության խնդիրները լուծելու համար տարբեր ծրագրեր են իրականացվում։ Դրանց մի ամսը համակարգում է ԱՍՀ նախարարությունը, մյուսը՝ էկոնոմիկայի։ Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանվածներից  13 հազար մարդ տարբեր ծրագրերով աշխատանք է գտել։

2024  թվականի համար նաև պիլոտային ծրագիր է իրականացվում։ Արդյունքում՝ մոտ 1000 անձի զբաղվածություն կապահովվի։ 3 բաղադրիչից բաղկացած պետական ծրագիրը ուսում ստանալու, պրակտիկայի ու աշխատանք գտնելու  հնարավորություն է տալիս։

Back to top button