Հասարակություն

Բարեփոխումներ՝ դեղորայքի շուկայում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

2014 թվականի մարտին ՀՀ նախագահի առողջապահության նախարարություն կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականով դեղորայքի շուկայում պետք է կատարվեն բարեփոխումներ` պահպանելով արդյունավետ, որակյալ և անվտանգ դեղերի շրջանառությունը՝ միաժամանակ իջեցնելով դրանց գները: Առողջապահության նախարարությունն էլ մշակել է դեղորայքի գների իջեցման նոր ծրագիր, ըստ որի՝ և տեղական, և ներմուծվող դեղերի գները կիջնեն 20-ից 30 տոկոսով: Առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանի խոսքով` այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ արտասահմանյան դեղագործական կազմակերպությունները Հայաստանում միջամտում են դեղերի գների կարգավորմանը`ելնելով իրենց մենաշնորհային դիրքից: Օրինակ՝ շվեյցարական «Նովարտիս» ընկերության «Վոլտարեն» դեղամիջոցը Հայաստան է ներմուծվում մի գնով, իսկ հարևան եվրոպական երկրներից նույն արտադրության դեղորայքը ներմուծվում է ավելի էժան գնով:

«Մեր տնտեսվարողներին մենք հնարավորություն ենք տալիս, փնտրեն եվրոպական շուկայում և գտնեն նույն դեղն ավելի էժան և ներմուծեն  Հայաստան` պահպանելով ի հարկե այն բոլոր պայմանները, որը մենք իրենց առջև դրել ենք դեղերի շրջանառության ոլորտում մատակարարման ժամանակ»:

Նախարարի խորհրդականի ձևակերպմամբ`դեղերի գների տարեց տարի բարձրացումը կապված է արտադրողներից և տարադրամի փոխարժեքի տատանումներից և վստահեցնում է, որ այս էժանացումը չի ազդի որակի վրա, քանի որ Հայաստան ներմուծվող յուրաքանչյուր դեղ անցնում է որակի փորձաքննություն: Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հակոբ Թոփչյանն էլ նշեց, որ նոր օրենքը կարգավորելու է դեղերի շրջանառության ոլորտը` սկսած դեղարտադրությունից, փորձարկումից, մինչև դեղի գրանցում:

Հակոբ Թոփչյանի խոսքով` օրենքը վերաբերելու է նաև կեղծ դեղերին: Կեղծ դեղ հասկացողությունը չնայած տարածված է ամբողջ աշխարհում, սակայն դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենը կարծում էր, որ Հայաստանն այս երևույթից հեռու է, քանի որ շուկան փոքր է։ Սակայն վերջին տարիներին կեղծ դեղեր հայտնաբերվեցին ինչպես տեղական շուկայում, այնպես էլ ներմուծման տարածքում, իսկ այս օրենքը կհստակեցնի կեղծ դեղերի հետ կապված պայքարը: Անցյալ տարի Հայաստանում հայտնաբերվել է 4-5 կեղծ դեղ, որոնք հանվել են շուկայից, իսկ ներմուծողները՝ ենթարկվել քրեական պատասխանատվության:

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը նկատում է, որ դեղերի շուկայում վիճակը բարվոք է: Անցյալ տարի դեղագործական շուկան բավականին մեծ աճ է գրանցել: Տեղական արտադրանքն ավելացել է 26 տոկոսով, իսկ արտահանումը՝ 30 տոկոսով:

Back to top button