ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բաքվի անհանգստության հիմքում ռազմական խախտված բալանսի վերականգնման մտավախությունն է

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգիչ է համարում ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը և կարծում, որ այն հիմնավորում է մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է Խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը վիժեցնելու և Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Այս հայտարարությունն ԱԳՆ-ն արել է՝ ի պատասխան  հայ–ֆրանսիական սպառազինական գործարքին Բաքվի քննադատությանը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարը հայտարարել էր, որ  «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։ Ռազմական փորձագետներին Ադրբեջանի արձագանքը չի զարմացնում։ Նրանց կարծիքով՝ Բաքվի անհանգստության հիմքում նաև սռազմական խախտված բալանսի վերականգնման մտավախությունն է։

Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում «ռևանշիստական ուժերին»՝ հայտարարել է Բաքուն։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով հայ-ֆրանսիական նոր՝ CAESAR հրետանային համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը, նշել է, որ այն  լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս և բացատրել․

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը Հարավային Կովկասում օկուպացիա և ագրեսիա իրականացրած երկիր է. նման երկրին զինելը անընդունելի է»։

Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ X-ի իր միկրոբլոկում ֆրանսիացի պաշտոնյան տեղեկացրել էր նաև սպառազինության նոր գործարքի մասին:

«Նոր կարևոր հանգրվան՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ»։  

Հայ-ֆրանսիական գործարքը մասնագետները կարևոր են համարեում  թե՛ ռազմական,  թե քաղաքական առումով։  Նշում են, որ ձեռք բերված Սեզարները աշխարհի լավագույն հաբուցների առաջին եռյակում են։

Ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել է Թարիզի միջազգային ցուցահանդեսին, ասում է, որ հայ-ֆրանսիական նոր գործարքի վերաբերյալ լուրերը միանգամից են տարածվել։  Բաքվի հիստերիկ արձագանքը փորձագետը բնական է համարում։

«Շատ բնական եմ համարում հիստերիան Բաքվի կողմից։ Նրանք հնարավոր ամեն ինչ պիտի անեն՝ ցույց տալու, որ մենք ռևանշիտ ենք. իրենք ունեն այդ խնդիրը հստակ դրված իրենց առջև։ Միևնույն ժամանակ իրենք վերջերս Իսրայելի հետ մեծ գործարք կատարեցին՝ էլի մեծ հեռահարության հրթիռների ձեռքբերում էր»։

Փորձագետի կարծիքով՝ Բաքվի անհանգստության հիմքում նաև Հայաստան-Ադրբեջան ռազմական խախտված բալանսի վերականգնման մտավախությունն է։ «Սեզար»-ների ձեռք բերումն այդ խնդիրը միանգամից չի լուծում, բայց քայլ է ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ։

«Բայց, մյուսց կողմից, այնպիսի բալանսավորում սա չի առաջացնում, որ ասենք, ահա, այս ձեռքբերումով արդեն ամեն ինչ տեղը կընկնի։ Բայց թրենդն ընդհանուր տեսանկյունից շատ լավն է։ Այդ տեսանկյունից կարելի է համարել գոնե թե սիմվոլիկ առումով մեծ ձեռքբերում և հաստատումն է այն բանի, որ մեր բարեկամ երկիրը չի թաքցնում իր նկրտումները. առնվազն արդեն հստակ տարբերակում է, որ ոչ թե փորձում է իրեն նեյտրալ պահել, այլ՝ մեծ խաղացողի դեր ստանձնել տարածաշրջանում»։ 

Սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է՝ այսպես է արձագանքել Բաքվին պաշտոնական Երևանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, շեշտել է․

«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս։ Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»:

Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ հիշեցրել է արտգործնախարարությունը և հավելել․

«Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մտահոգում է ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը։ Այն գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո, Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Արտգործնախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք։

Back to top button