Գերդաստաններ

«Կապույտ երկնքի» առեղծվածը, անտեսանելի հնչյուններն ու պատարագը. Ոսկանյաններ. «Գերդաստաններ»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, կոմպոզիտոր, երգիչ և մանկավարժ Արզաս Ոսկանյանը հայտնի է ամենքին իր «Պատարագով», օպերաներով, գործիքային կոնցերտներով, խմբերգային ստեղծագործություններով, իսկ դուստրը՝ Մարգարիտա Ոսկանյանը խմբավար է, որդին՝ Գրիգորը, որն այսօր ստեղծագործում է Հոլանդիայում, սիմֆոդիրիժոր է։

1940-ական թվականներին Դիլիջանում էր ապրում շինարար-վարպետ Գրիգորը, որին տեղացիներն անվանում էին Ուստա Գրիգոր։ Նրա հայրը՝ Ոսկան Ոսկանյանն իր գերդաստանով հաստատվել էր Դիլիջանում մոտ 300 տարի առաջ։ Ըստ ընտանեկան լեգենդի՝ Ուստա Գրիգորի նախնին եղել է արքեպիսկոպոս, թարգմանիչ, 1666 թվականին Ամստերդամում «Աստվածաշունչը» հայերենով հրատարակած Ոսկան Երևանցին։

Ուստա Գրիգորն ուներ վեց երեխա՝ Թերեզան, Ասիան, Ֆարիզդան, Լիպարիտը, Ֆրիդան, Արզասը։ Երևի կռահեցիք, որ Արզասը, հենց  հանրահայտ կոմպոզիտոր, Արզաս Ոսկանյանն է, որը ծնվել է 1947 թվականին։

Ուստա Գրիգորը  ոչ միայն հմուտ շինարար էր, այլև հրաշալի երգում էր, հայտնի էր աշուղական երգերի մաքրամաքուր կատարումներով։ Հայկական երգարվեստի նկատմամբ ունեցած սերն էլ Գրիգորը փոխանցել էր իր երեխաներին, որոնք էլ  ստեղծել էին իրենց ընտանեկան անսամբլը։ Այստեղ Ֆարիզդան հիանալի կատարում էր աշուղական և ազգագրական երգեր, և այդ կատարումները մինչ օրս  պահպանվում են Ոսկանյանների անձնական ձայնադարանում՝ ասում է Արզաս Ոսկանյանը։

Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցին զուգահեռ՝ դեռևս պատանի Արզասը հաճախում էր պիոներների պալատի փողային նվագախմբի պարապմունքներին, սովորում էր նվագել նաև շեփոր, տրոմբոն, գալարափող և երգում էր դպրոցի ջազ նվագախմբում։ Հետո արդեն բացվում է մի ճանապարհ, այնտեղ նա հանդիպում է տաղանդավոր կոմպոզիտորների, որոնք էլ խորհուրդ են տալիս նրան շարունակել  իր ընտրած ուղին։

Արզաս Ոսկանյանի կինը դաշնակահարուհի Քնարիկ Սիմոնյանն է։ Ասում է՝ հետաքրքիր է իրենց ամուսնության պատմությունը։

1976 թվականին ջերմեռանդ տղան ավարտեց Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիան և միաժամանակ սկսեց հաճախել Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասընթացներին։ Երազանքի կատարման դուռը կամաց-կամաց բացվեց, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում հիմնադրվեց «Հայոց երգեցողության դասարանը», որը ղեկավարում էր երգիչ, թավջութակահար Արզաս Ոսկանյասնը։ Այստեղ էլ գենետիկ հիշողությունն իր դերն ունեցավ։

1970-ական թվականներին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում դասավանդում էր երգեցողություն և գործիքավորում ու ղեկավարում էր նաև Կոնսերվատորիայի ժողովրդական երգի հավաքման ուսանողական գիտարշավները։ Բազմաթիվ երգեր են հավաքագրել՝ նպաստելով հայ երգի զարգացման պատմությանը։

Արզաս Ոսկանյանը որպես ինքնատիպ երգիչ մասնակցոել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած համերգներին, հանդես է եկել տարբեր համերգային ծրագրերով։ Եղել է բազմաթիվ երկրներում՝ Բելգիայում, Լայուքսեմբուրգում, Գերմանիայում, Անգլիայում, Հունգարիայում, Ռուսաստանում։ 1989-1992 թթ. ստեղծել և ղեկավարել է «Խորան» կանանց երգչախումբը, 1991թ.-ին «Երիտասարդ վարպետներ» հայոց ավանդական երաժշտական համույթը, 1992-ին՝ «Սրինգ»-ը։ Արզաս Ոսկանյանը զգալի աշխատանք է կատարել հայ երգի հայեցի մատուցման գործում։ Պրոֆեսորը «Պատարագ» ստեղծագործության համար պետական մրցանակ է ստացել։

Արզաս Ոսկանյանը փիլիսոփայական նուրբ պատկերացմամբ է մոտենում հնչյունի գաղափարին. «Հնչյունը անտեսանելի գոյական է, նրան տեսնել չի կարելի», -ասում է նա:

Նա այդ ըմբռնումով էլ դաստիարակում է իր սաներին, սովորեցնում հոգու ձայներով մոտենալ այդ աննշմար էակներին։

Արզաս Ոսկանյանն անսահման բարեխղճությամբ է աշխատում երիտասարդների հետ և մեծ հույսեր է կապում երիտասարդ երգիչ Տիգրան Շահինյանի հետ, կարծում է, որ նա կարող է շարունակել Շառա Տալյանին։

Կոմպոզիտորի դուստրը, մեծանալով ստեղծագործական այս մթնոլորտում, պիտի ընտրեր նույն ճանապարհը։ Հոր հետ հաճախ էր լինում աշխատավայրում, զրուցում երաժիշտների, կոմպոզիտորների, նաև խմբավարների հետ։ Եվ ահա երաժշտական դպրոց, դաշնամուր, որոնումների ճանապարհ. նշմարվեցին առաջին հաջողությունները։ Ավելի շատ նրան գրավեց խմբային երգեցողության խմբավարի մասնագիտությունը։ Մարգարիտան պատարագը մեկնաբանած խմբավար է, Կոնսերվատորիայում ամբիոնի վարիչ։ Նրա գերագույն նպատակն է ներկայանալ  բացառապես հայ կոմպոզիտորների՝ հատկապես հոգևոր երգերով։

Մարգարիտայի աշխատանքում արդեն արձանագրվում են մեծ հաջողություններ և հրավիրվում է ղեկավարելու նորաստեղծ «Պատարագ» երգչախումբը։ Նա պարտավորվում է երիտասարդ և դեռևս ուսանող երգիչներին ծանոթացնել համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններին, նրանց համար բացահայտել կատարողական արվեստի գաղտնիքները։

«Պատարագ» երգչախումբը միշտ սպասված հյուր է և՛ Հայաստանի համերգային դահլիճներում, և՛ արտերկրում։ Սպասված է, քանի որ ունի կատարողական բարձր արվեստ, ինքնատիպ մեկնաբանություն։

Արզաս Ոսկանյանի որդին՝ Գրիգոր Ոսկանյանը, սիմֆոդիրիժոր է։ Նրա կյանքում ևս հայրը մեծ դեր է ունեցել, սակայն Գրիգորն իր աշխատանքում աչքի է ընկել իր ղեկավարման յուրահատուկ մոտեցումներով։ Գրիգորի շնորհիվ կյանքի կոչվեց Կոմիտասի մասունքներից Արզաս Ոսկանյանի ստեղծած երաժշտապարային դրաման։ Գրիգորն այսօր Հոլանդիայում է ստեղծագործում։

Գերդաստանի երիտասարդները ևս շարունակում են երաժշտական գրավիչ  ճանապարհը։ Մարի Եղիկյանը, որը Մարգարիտայի դուստրն է, նվագում է ֆլեյտա, մեծ սեր ու հետաքրքրություն ունի այս գործիքի նկատմամբ։ Միքայել և Արզաս Ոսկանյանները սովորում են Հոլանդիայում՝ Մաստրիխտի կոնսերվատորիայում։ Միքայելը թավջութակ է նվագում, Արզասը՝ ջութակ։ Նրանք մշտապես կապի մեջ են  հանրահայտ պապի հետ, խորհուրդներ են վերցնում, պատմում իրենց հաջողությունների մասին։

Ոսկանյան գերդաստանում ժամանակն արագ է անցնում, քանի որ անելիքներն ու սպասումները շատ են, հուզիչ են հանդիպումները, երազանքները՝ պարտավորեցնող։

Back to top button