ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Չենք շահագրգռել, օգնել ենք, որ գան․ ընդդիմադիրները հակադարձում են իրավապահներին

Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ ենթադրաբար անկարգություններ կամ խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 12 անձի նկատմամբ, ևս 11-ը մեղադրվում են ակցիայի մասնակիցներին ենթադրաբար նյութապես շահագրգռելու մեջ։ Քննչական կոմիտեն նաև քրեական վարույթ է նախաձեռնել ոստիկանական գործողությունների իրավաչափությունը որոշելու համար։ Ընդդիմադիրները, մինչդեռ, համոզված են՝  իրավապահների գործողությունները իրավաչափ չեն եղել, իսկ առաջադրված մեղադրանքներն անհիմն են ու քաղաքական ճնշում են հիշեցնում։

Քննչական կոմիտեն նախաքննություն է իրականացնում պարզելու՝ արդյոք հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներում ոստիկանական գործողություններն իրավաչափ էին․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Ընդդիմադիրները, սակայն, քննության արդյունքներին չեն սպասում՝ պնդում են՝ անհամաչափ ուժ է կիրառվել և ամեն ինչ արվում է ոստիկանական գործողություններն արդարացնելու համար։

«Նպատակը նաև ուրիշ բան է՝ հետագայում պնդել, որ եթե անգամ դու տուժել ես, վնասվածք ես ստացել, այստեղ իրավապահ մարմինները, ոստիկանը, բերետավորները կապ չունեն, այլ մյուս քաղաքացու հրահրած գործողությունների պատճառով ես վնասվածք ստացել»,– ասում է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիրներն ավելի վաղ խոսել էին նաև հետաքննություն սկսելու մասին՝ պարզելու արդյո՞ք հունիսի 12-ին Աժ-ի շենքի մոտ ոստիկանությունը ժամկետանց հատուկ միջոցներ է օգտագործել։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ այդ եզրակացությունը եկել են՝ տարբեր փաստեր համադրելով։

«Դրանով է պայմանավորված բեկորային վիրավորումները։ Այնտեղ, ասում են, ինչ-որ նյութ կա, որը պետք է հնարավորություն տա բեկորայիններից խուսափելու։ Երբ հատուկ միջոցը ժամկետանց է, առաջացնում է նման հետևանքներ։ Մեր քաղաքացիները դրա պատասխանը պետք է ստանան»,-պնդում էր Մամիջանյանը։

Ընդդիմադիրները պնդում են՝ ամեն ինչ արվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարկաբեկելու համար։ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծում է՝ իրենց փաստաբաններն ակտիվ ներգրավված են, իրենց ձևակերպմամբ՝ կեղծ զանգվածային անկարգություններ որակումը ստացած գործողություններում քրեական հետապնդման մեջ հայտնված քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեջ։

«Հրապարակային մեղադրանքները, որ հնչեցնում են, և Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից փորձում է ներկայացնել, հիմա քննչական մարմինները և իրավապահ համակարգը ամբողջ ծավալով լծված են դրանք ապացուցելու կամ այդ ուղղությամբ փաստեր հավաքելու գործին»։

Շուրջ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Բախումների հետևանքով 98 քաղաքացի ու ոստիկան տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոստիկանական գործողությունները խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ «ահաբեկչություն» որակեց։ Կառավարոթյան ղեկավարը հայտարարեց՝  ոստիկանությունն իրականացրել է «օրենքով իրեն վերապահված գործառույթները օրենքի շրջանակներում»։

«Բոլոր լուսանկարները կնայվեն, կհետազոտվեն կուսումնասիրվեն կքննվեն ու եթե պարզվի, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից դուրս որևէ բան է տեղի ունեցել, դրան էլ պետական ինստիտուտները համապատասխան արձագանք կտան»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիրները դեպքից 6 օր հետո դեռ հեռակա բանավեճի մեջ են իշխանության ներկայացուցիչների ու իրավապահների հետ։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանը պնդում է՝ մեղադրանքներն անհիմն են ու չփաստարկված, հարձակում չի եղել․ իսկ փողոցը փակելը կամ մուտքն ու ելքը խոչընդոտելը, վստահաբար հարձակում չէ՝ կարծում են։

«Ազգային ժողովը Բաղրամյան փողոցի վրա է, մուտքն էլ այդ կողմից է, եթե հավաքի մասնակիցները ցանկանային գրոհել, կգրոհեին, ի՞նչ խնդիր կա, այդտեղ ոստիկանական մի շարք էր կանգնած ի տարբերություն Դեմիրճյան փողոցի, որտեղ հռոմեական լեգիոներների շթերով զինված 4-5 շարք ոստիկաններ էին։ Իրենք ակնհայտորեն խախտել են Սահմանադրությամբ ու նաև «Հավաքների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ ասվում է, որ ոստիկանության աշխատակիցները պարտավոր են ապահովել հավաքի անցկացման անվտանգությունը։ Իսկ մենք տեսնում ենք, որ իրենց իրենց գործողություններով անվտանգության փոխարեն նպաստում են անկարգությունների»,-կարծում է փաստաբանը։

Դաշնակցականները նաև քաղաքական ճնշում են համարում Ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար քաղաքացիներին գումարով շահագրգռելու  մեղադրանքները։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել, այդ թվում դաշնակցական Գերասիմ Վարդանյանը։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանի պնդմամբ՝ ոչ թե շահագրգռել, այլ օգնել են ցանկացողներին հասնել ակցիայի վայր։

«Կառույցի բոլոր անդամները, որոնք ցանկանում են գնալ հավաքի չունեն, օրինակ, մեքենաներ որ կարողանան գնալ։ Կառույցը ապահովում է մեքենաներով ու ասում է՝ այդ մեքենան կլինի կուսակցական կամ ոչ կուսակցական մարդու, լիցքավորեք․ այս 10-12 հազար դրամը մեքենան լիցքավորելու, վառելիքի համար է, որ մարդիկ գնան 4-5 հոգի։ Դատարանին ասում եմ, եթե դուք կբերեք ապացույց, որ 10-12 հազարը բաժանվել է 5 հոգու մեջ, մեքենան չի լիցքավորվել, ու մարդիկ մեքենան հրելով են եկել, ես կընդունեմ, բայց դա աբսուրդի թատրոն է, չի եղել նման բան»։

Քննչական կոմիտեից հաղորդում են՝ այս պահին հունիսի 12-ի դեպքերի հետ կապված քրեական հետապնդում է հարուցված 12 քաղաքացու նկատմամբ․ նրանցից մեկը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կատարելու, իսկ 11-ը խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանցից 11-ը ձերբակալվել է, արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։

Back to top button