ԿարևորՄշակույթ

4 նոր գիրք՝ 4-րդ ամառային փառատոնում․ «Նյումեգը» Երևանում գրքի ու արվեստի միջոցառում է կազմակերպում

2 օրում 3 համերգ, 4 նոր գիրք, 1 ֆոտոցուցահանդես և գրքային-մշակութային այլ իրադարձություններ է խոստանում «Նյումեգ» հրատարակչությունը «Ամառային փառատոն 2024»-ի հյուրերին։ Արդեն 4-րդ անգամ իրականացվող միջոցառման ամենակարևոր իրադարձության՝ 4 նոր գրքրեի մասին պատմում է հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյանը:

«Այս անգամ «Նյումեգն» առաջին անգամ ներկայցնում է խոհարարական գիրք, Քրիստինե Գրիգորյանը, որը Միացյալ Նահանգներում է ապրում, Գավառից իր հուշերը, բույրերը ու համերը հավաքել է մեկ գրքում ու շատ գեղեցիկ պատկերներով, հետաքրքիր պատմություններով համեմված գիրք է ներկայացնում Գավառի ուտեսնտների, ճաշատեսակների, աղանդերների մասին։ Բացի այդ Եվրո24-ի և ֆուտբոլի սիրահարների համար «Նյումեգը» ունի հետաքրքիր նորություն՝ Դավիթ Ջիշկարիանի գիրքը՝ Թբիլիսիի «Դինամոյի» մութ անցյալի մասին, որտեղ ֆուտբոլսիտների մեծ մասը օրվա մի մասը չեկիստներ էին կամ հատուկ գործակալներ, մյուս մասը՝ ֆուտբոլիստներ։ Շատ հետաքրքիր բացահայտումներ է արվում գրքում։ Միակ գեղարվեստական գիրքը Քարեն Մակմանուսի եռագրության երկրորդ մասը՝ «Մեզնից մեկը հաջորդ է» բեստսելերն է, որի առաջին մասը անցյալ տարի էինք ներկայացրել, և վերջին գիրքը, որ ներկայացնում ենք, շատ արդիական հետաքրքիր թեմայով «Արհեստական բանականություն և մարդկության ապագան» գիրքն է, որը պատմում է, թե ինչ է սպասվում մեզ ապագայում ռոբոտների, տեխնոլոգիաների զարգացման և արհեստական ինտելեկտի բումի շրջանակում»։

Սակայն փառատոնը ոչ միայն գրքի, այլև ընդհանրապես արվեստի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակ ունի՝ հայտնում են հրատարակչությունից ու խոստանում միջոցառաման երկու օրերի ընթացքում ապահովել բազմաբովանդակ ժամանց։ Հրատարակչության ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանն է մանրամասնում․

«Բացի գրքի ու հեղինակներ վերաբերյալ պանելային քննարկումներից, շնորհանդեսներից, մենք ունենում ենք նաև մշակութային ու արվեստի վերաբերյալ շատ հետաքրքիր քննարկումներ և այլ միջոցառումներ։ Օրինակ, այս անգամ ներկայացնելու ենք Վահան Ստեփանյանի լուսանկարների արխիվից Երևանի վերաբերյալ լուսանկարչական շատ մեծ, հետաքրքիր ցուցահանդես, բացի դրանից ունենալու ենք պանելային քննարկում, որը նվիրված է լինելու Եվրո 24-ին։ Ունենալու ենք նաև երաժշտական կատարումներ, այս տարի Կոմիտասի ազգային քառյակը նշում է իր 100 ամյակը և բացառիկ համերգով կբացեն մեր «Նյումեգ ֆեստ 2024-ը»»։

Ընտերցասեր հանրությունն այդ օրերին ներկա կգտնվի նաև հրատարակչության կազմակերպած մրցանակաբաշխությունների ամփոփումներին։ Այս տարի դրանցից մեկը կօգնի աղետի գոտի դարձած Ալավերդուն, իսկ մյուսը՝ Արցախից բռնի տեղահանված ստեղծագործողներից մեկին։

«Ներկայացնելու ենք «Նյումեգի» ընթերցողների մրցանակաբաշխությունը։ Այս տարի մրցանակը հանձնելու ենք Ալավերդիի գրադարանին, որովեհտև վերջին բնական աղետից տուժած մեր հաստատություններից մեկն է, և դա «Նյումեգի» համար սոցիալական ակցիա է, որոշել ենք մեր գրքերի հավաքածուն հանձնել դրա կարիքն ունեցող համակարգին։ Եվ երկրորդ մրցանակաբաշխությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ստեղծագործություններին առնչվող մրցանակաբաշխությունն էր։ Արդեն հայտնի է դափնեկիրը, կհայտարարվի նրա անունը, և կհրապարակվի նաև ստեղծագործությունների ժողովածուն»,- Մանրամասնում է հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

Փառատոնի ընթացքում ներկայացվող գրքերը կվաճառվեն մինչև 50 տոկոս զեղչով։ Միջոցառման մուտքն ազատ է, նախապես գրանցվելու կարիչ չկա։ Այն տեղի է ունենալու հունիսի 22-ին և 23-ին՝ ժամը 16-ից մինչև կեսգիշեր՝ «Երազ» այգում։

Back to top button