ԿարևորՀասարակություն

Գյումրիում 50 ընտանիք տոնեց բնակարանամուտը

Հունիսի 13–ին տեղի ունեցավ «Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ. 1) «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու բազմաբնակարան շենքերի բացման արարողությունը:

50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ: Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովումն իրականացվել է Ակբա բանկի Վիզա-Բարերար քարտապանների ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն  Հայկակ Արշամյանը, Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ատենապետ Մարիա Մեհրանյանը,  ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ARTN հայկական հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Ռոբերտ Օղլախչյանը, Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Հիմնադրամի արտերկրում գործող միջազգային ցանցի ներկայացուցիչները տարբեր երկրներից, Սփյուռքից ժամանած հյուրեր և  պաշտոնատար անձինք:

Հանրապետության նախագահը, ողջունելով ներկաներին ասել է. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստան» հիմնադրամին և բոլոր բարերարներին: «Հայաստան» հիմնադրամը 1992 թվականից սկսած ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններում, առավելապես այնպիսի գործեր է արել, որոնք կարող էր անել միայն հիմնադրամը՝ շնորհիվ իր բարերարների: Կցանկանայի նաև, որ «Հայաստան» հիմնադրամի հետագա գործունեությունը ներառեր ավելի շատ կրթական, մշակութային, ստեղծագործական ծրագրեր: Այս շենքերի կառուցման գաղափարի մեջ կա նաև արվեստ և մշակութային ուղղվածություն: Այս միտքը ներդրվել է շենքերի կառուցման հիմքում, որովհետև հաշվի ենք առել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք Գյումրիում, որը մեր մշակութային, մեր գեղարվեստական ճաշակի ձևավորման կենտրոնն է»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ողջունելով ներկաներին, նշել է.  «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամին, Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմին, մեր երկար տարիների գործընկեր Ակբա բանկին, Ախուրյանի կոոպշին շինարարական ընկերությանը, «ՍՊ2» դիզայներական ընկերությանը՝ շենքերը նախածելու համար, АRTN ընկերությանը՝ տարիներ շարունակ Հիմնադրամի հեռուստամարաթոններին և հատկապես «Մեր Գյումրի» ծրագրին շարունակական աջակցության համար: Հուսանք, Հիմնադրամը հաջորդիվ նույնպես հնարավորութուն կունենա նոր շենքեր կառուցելու և անապահով ընտանիքներին տանիք տրամադրելու համար: Շնորհավորում եմ այն 50 ընտանիքներին, ովքեր այսօր մուտք են գործելու նոր բնակարաններ»:

Հիմնադրամի ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանի խոսքով, «Մեր Գյումրի» ծրագիրը մեծ կարևորություն ունի իրենց համար, քանի որ երկար տարիներ կենտրոնացած են եղել հենց այդ ծրագրի վրա: Նա շնորհակալություն է հայտնել իրենց հետ համագործակցած բոլոր կազմակերպություններին՝ Հիմնադրամի աշխատակազմին, շինարարներին և Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմին:

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, ասել է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ այսօր ևս 50 ընտանիք տոնում է բնակարանամուտ, 50 ընտանիքների համար բացվում է կյանքի մի նոր շրջափուլ: Գյումրեցիներից շատերը կյանքի ինչ-որ մի ժամանակահատված բնակվել են տնակներում, գիտեն որքան դժվարություններ և անհարմարություններ կան ժամանակավոր կացարաններում, որքան բարդ է տնակում ապրելը։ Շնորհակալություն եմ հայտնում բարերարներին և բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր իրենց աջակցությունն են ունեցել բնակարանների կառուցման գործում»:

Բացման ժամանակ խոսքով են հանդես եկել և իրենց շնորհակալական խոսքն են ասել նաև ARTN հայկական հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Ռոբերտ Օղլախչյանը և 44–օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած և նոր շենքերի շահառու Արմեն Բեբուրյանը:

1988 թվականի երկրաշարժի հետևանքով տնակներում բնակվող ընտանիքների կացարանային խնդիրները մշտապես եղել են Հիմնադրամի ուշադրության կենտրոնում:  Հիմնադրամը դեկտեմբերի 7–ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցել է շուրջ 50 շենք՝ բնակարանով ապահովելով ավելի քան 500 ընտանիքի։ 2015-ից սկսած Հիմնադրամը բնակարաններ է գնել և նվիրաբերել տնակներում բնակվող 45 ընտանիքի։

2019 թվականին՝ վերաիմաստավորելով Գյումրին տնակավաններից ազատելու ծրագրի գաղափարախոսությունը, մեկնարկեց «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակներում 2022 թվականին շահագործման հանձնվեց երկու շենք ընդհանուր 36 բնակարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով և չորս արվեստանոցներով։ Հատկանշական է արվեստանոցների առկայությունը շենքերում, որոնք նոր շունչ տվեցին վարպետաց քաղաք Գյումրիին ու տնակավաններից տեղափոխված ու նոր շենքերում բնակություն հաստատած երեխաներին։

«Մեր Գյումրի» ծրագրի չափանիշներին համապատասխան ընտրվել են՝ երկրաշարժի ժամանակ տուն կորցրած, մասնակի կամ ընդհանրապես փոխհատուցում չստացած, բազմանդամ (4 և ավել ընտանիքի անդամ ունեցող), բազմազավակ, Գյումրիում վերջին 25 տարին բնակվող, ինչպես նաև 44-օրյա պատերազմում հենաշարժողական վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքները։

Back to top button