ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պապոյանը Քերոբյանի գործի մանրամասների մեջ խորանալու ժամանակ և ցանկություն չի ունեցել․ նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ներկայացրել է 100-օրյա պաշտոնավարման արդյունքները՝ խոսելով մի շարք ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին։ Որպես կարևոր նախաձեռնություն Պապոյանն առանձնացրել է «Աբրոս» առևտրաարդյունաբերական ՓԲԸ-ի և նախարարության միջև կնքված հուշագիրը, որով Հայաստանում կստեղծվի պղնձի կատոդի գործարան։ Տարեկան 50 հազար տոննա արտադրողականությամբ գործարան ենք պլանավորում՝ վստահեցրել է նախարարը։ Պապոյանն անդրադարձել է նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող ծրագրերին, խոսել, մասնավորապես, մեղվաբույծների փոխհատուցումների մասին։ 

Ներդրումային ծրագրերի մասին խոսելիս՝ նախարար Գևորգ Պապոյանը, մասնավորապես խոսեց «Մերսեդես-Բենց» ավտոսրահ և սպասարկման կենտրոն կառուցելու ծրագրի մասին, որի ներդրումային ծավալը 3.5 մլրդ դրամ է։

«Նախատեսվում է նոր 100 աշխատատեղ՝ միջինը 600 հազար աշխատավարձով»։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում էլ Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ կբացվի՝ տեղեկացրեց Պապոյանը։

«Սա աշխարհի ամենաառաջատար համալսարաններից մեկն է, և կառավարությունը շենք է հատկացնելու, մնացած ներդրումները կիրականացնեն, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ մեր աջակցության ծրագրով ենթակառուցվածքներ կստեղծենք՝ Գյումրու տուրիստական կլաստերի շրջանակում»։   

Նախարար Պապոյանը, խոսելով գյուղատնտեսության ոլորտում գյուղացիներին ցուցաբերված օժանդակությունների մասին, ասաց, որ բուժամիջոցների հետ կապված որոշակի խնդիրներ առաջացել են, սակայն նախարարությունը կարողացել է լուծումներ գտնել։

«Օրինակ, Շիրակի հարթավայրում մկնանման կրծողներ էին հայտնվել, որոնք ստանդարտ չափերից մեծ էին և երևի թե ինչ-որ մուտացիայի արդյունքում էին, հսկայական վնասներ տվեցին մեր գյուղացիական տնտեսություններին։ Մենք կարողացանք էլի օպերատիվ և արագ կազմակերպել դեղերի գնումները և անվճար տվեցինք մեր գյուղացիներին։ Դրանով խնդիրն էականորեն լուծվեց»։ 

Նմանատիպ իրավիճակ էլ, բայց ծղրիդների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում է առաջացել, ինչը նույնպես լուծվել է՝ նշեց  Պապոյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ էկոնոմիկայի նախարարը խոսեց նաև այն մասին, թե ինչ միջոցներ է պատրաստվում իրականացնել նախարարությունն ապագայում, այդ թվում նաև՝ աղետի գոտում քաղաքացիների գույքի կորստի հետ կապված։

«Վստահաբար, մեր քաղաքացիները վստահ թող լինեն, որ մենք իրենց միայնակ չենք թողելու և չենք թողել բնական աղետի ժամանակ»։

Էկոնոմիկայի նախարարից լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ ժառանգություն է ստացել նախկին նախարարից, հետաքրքրվեցին նաև Վահան  Քերոբյանի և նախարարության այլ աշխատակիցների ներգրավմամբ քրեական գործի մասին։    

«Քրեական գործերի բովանդակության, էության մեջ, անկեղծ, որ ասեմ՝  ո՛չ ժամանակ է եղել, ո՛չ էլ ցանկություն է եղել խորանալու։ Դա իմ գործը չէ։ Ոչ դրա ժամանակը կա էստեղ աշխատելու, ո՛չ էլ, էլի եմ կրկնում, ցանկությունը։ Դրանք իրավապահների գործն է, իրավապահները կքննեն և որոշումներ կկայացնեն»։

Ըստ նախարարի՝ մեկ դրվագով են միայն, ուզած թե չուզած, աշխատում՝ ինտենսիվ այգիների ծրագրով, որտեղ, նախարարի ձևակերպմամբ, «էլի չարաշահումների հատված կա, քրեական գործ և այլն»։ Այստեղ, նախարար Պապոյանի խոսքով, իրավիճակը դրական է այնքանով, որ բազմաթիվ քաղաքացիներ ցանկություն ունեն օգտվել ծրագրից։

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մեղադրվում է կոռուպցիոն չարաշահումների մեջ։ Գործով  անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ՝ գործուն զղջման հիմքով։ Քննությունը շարունակվում է Վահան Քերոբյանի և «Synergy»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով, որոնք հրաժարվում են ընդունել իրենց մեղքը։ Քերոբյանը մնում է տնային կալանքի տակ, իսկ Հովհաննիսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։

Back to top button