ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Առողջապահության նախարարը՝ դոնոր. արյան պաշարները մշտապես լրացման կարիք ունեն

Ամբողջ աշխարհում հունիսի 14-ը նշվում է որպես Արյան դոնորի միջազգային օր։ Այդ օրը տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Հայաստանը ևս ամեն տարի միանում է այդ արշավին միջոցառումների շարքով, որոնց նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին։ Այս տարի էլ ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը համատեղ կազմակերպել էին բացօթյա արյունատվություն՝ նվիրված Արյան դոնորների համաշխարհային օրվան։ Ըստ ԱՆ տվյալների՝ ՀՀ–ում գերակշռում են վճարովի դոնորները, բայց տարբեր ծրագրերի շնորհիվ փորձում են երկրում զարգացնել անվարձահատույց դոնորության մեխանիզմը։

«Միացեք մեզ, դարձեք դոնոր, փրկեք կյանքեր»։

Անհրաժեշտ հարցաշարը լրացնելուց և թերապևտիկ զննում անցնելուց հետ, արյան դոնոր դարձավ նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ընդգծելով անվարձահատույց արյունատվության կարևորությունը և անհրաժեշտությունը, նախարարը նշեց, որ բոլոր երկրներն իրենց արյան պաշարները հիմնականում լրացնում են հենց անվարձահատույց դոնորության շնորհիվ, և կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասել է 80 տոկոսի:

«Ցավոք սրտի, մենք դեռ այդքան լավ ցուցանիշներ չունենք և պետք է հասարակական մտածողության և դիրքորոշման փոփոխության հասնենք: Մենք պետք է պատկերացնենք, որ բոլորս ինչ-որ պահի կարող ենք արյան անհապաղ ներարկման կարիք ունենալ, և, եթե մենք ինքներս այդ պաշարները չլրացնենք, կկանգնենք լուրջ խնդիրների առջև: Որպեսզի մեր հանրապետությունում արյան ռազմավարական պաշարները մշտապես լինեն համալրված, ապա բավարար է, որ 5000 մարդ տարին մեկ անգամ արյուն հանձնի»։ 

Արյուն հանձնելով ոչ միայն կյանքեր են փրկվում, այլև բժշկական տեսակետից դա օգտակար է հենց դոնորի համար։ Հակառակ բոլոր միֆերին, Ավանեսյանը ևս մեկ անգամ ընդգծում է, արյուն հանձնելը ոչ մի վտանգավոր հետևանք չունի: Ավելին՝ արյան դոնոր կարելի է դառնալ պարբերաբար։ Կանայք կարող են տարեկան 4 անգամ արյուն հանձնել, տղամարդիկ` 5 ։ Լինում են 3 տեսակի դոնորներ` վճարովի, հիվանդի հարազատներ և անվարձահատույց։

ՀՀ–ում գերակշռում են վճարովի դոնորները, բայց տարբեր ծրագրերի շնորհիվ փորձում են երկրում զարգացնել անվարձահատույց դոնորության մեխանիզմը, հայտնեց Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը․

«Ամբողջ աշխարհում անվարձահատույց դոնորության կարևորությունը բավականին մեծ է, և մի շարք երկրներում այն 100 տոկոս է կազմում, վարձատրվող դոնորներ նշված երկրներում գոյություն չունեն։ Հայաստանում նկատվում է անվարձահատույց դոնորների քանակական աճ։ 2023 թվականի տվյալներով՝ ամբողջ ՀՀ–ում մոտավորապես 17 հազար արյունատվություն է եղել, անվարձագհատույց դոնորությունը կազմել է 9,2 տոկոս, դոնորի հարազատները կազմել են 23,4 տոկոս։ 67,4 տոկոս կազմել են վարձատրվող դոնորները»։

Հայկ Գրիգորյանը նշեց, որ արյան բանկը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ–ում, և որ արյան պաշարները մշտապես լրացվում ու թարմացվում են։ Սովորաբար արյան պետական պաշարների պակասություն չի լինում, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին ասաց արյունաբանական կենտրոնի տնօրենը և ներկայացրեց արյուն հանձնելու քայլերի հաջորդականությունը։

«Թերապևտիկ զննումից հետո պարտադիր նմուշառում է արվում արյան հեմոգլոբինը ստուգելու համար, ապա իրականացվում են արյան հետազոտությունները մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ։ Արյունատվությունն իրականացնելուց հետո պարտադիր հավաքված արյունը նույնպես հետազոտվում է։ Շատ կարևոր է հենց արյան կանոնավոր դոնորությունը, ոչ թե մեկ ֆիքսված օր արյուն հանձնելը։ Արյան բաղադրամասերի պաշարները պարբերաբար լրացման կարիք ունեն»։

Ծննդաբերությունից մինչև ավտովթար՝ Հայաստանում ամեն օր բազմաթիվ մարդիկ արյան փոխներարկման կարիք են ունենում, իսկ մարդու կյանքը փրկելու համար արյունն անփոխարինելի է, և միայն մարդը կարող է դառնալ արյան աղբյուր։ Դոնոր դառնալու համար միայն ցանկությունը քիչ է, քանի որ դոնոր կարող է դառնալ բացառապես առողջ մարդը։ Ամենակարևորը, սակայն, արյան դոնոր դառնալու գիտակցումն է։ Դատելով բացօթյա արյունատվության միջոցառման մասնակիցների ակտիվությունից, գիտակցումն իսկապես կա, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-թերապևտ Ասղիկ Խաչատրյանը․

«Այս ժամի դրությամբ ունենք 24 դոնոր, գերակշռողը կանայք են։ Տարիքային խմբերի պետք չէ բաժանել, բայց այս ամենի կարևորությունը ավելի հասուն տարիքի մարդիկ են հասկանում»։

Դոնոր կարող են դառնալ 18 տարեկանը լրացած անձինք, ինչպես նաև առնվազն 52 կգ քաշով իգական և 62 կգ քաշով արական սեռի ներկայացուցիչները։ Դոնոր դառնալ ցանկացողների հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները կանանց դեպքում պետք է լինեն 125-180 գրամ/լիտր, տղամարդկանց դեպքում` 135-188, իսկ արյան ճնշումը պետք է այդ պահին չլինի շատ բարձր կամ ցածր, երակազարկն էլ 60-90 զարկ 1 րոպեում։

Նաև կարևոր է իմանալ, որ արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր։ Արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործել ոգելից խմիչքներ։ Արյան կետ հարկավոր է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։ Դոնորից վերցվում է 400-450 մլ արյուն, ինչը նույնիսկ առողջարար է մարդու համար` սրտանոթային հիվանդությունների ռիսկն է նվազում, նյութափոխանակությունն է կարգավորվում, արյան շրջանառությունը նույնպես լավանում է։ Մասնագետները վստահեցնում են՝ արյան դոնորները միջինում 5-7 տարի ավելի երկար են ապրում, քան ոչ դոնորները, որովհետև նրանք սիստեմատիկ ստուգվում են ու կարող են խնդրի դեպքում կանխարգելել ցանկացած հիվանդություն։

Back to top button