ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ժամկետանց նռնակներ, արտահերթ ընտրություններ․ դրվագներ ԱԺ ճեպազրույցներից

Թեև Աժ լիագումար նիստը աշխատեց հագեցած օրակարգով, պատգամավորները շարունակում են քննարկել հունիսի 12–ին խորհրդարանի շենքի մոտ ոստիկանության գործողությունների համաչափությունը։ Ընդդիմությունը պատրաստվում է կոնկրետ փաստերով ուսումնասիրություն նախաձեռնել, իշխանությունն իր հերթին պնդում է, որ հարձակում է տեղի ունեցել խորհրդարանի վրա։ Լիագումար նիստի լարված աշխատանքներից հետո, այժմ խորհրդարանը պատրաստվում է արտահերթ նիստին, որը նշանակված է հունիսի 17–ին։   

Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է հետաքննություն սկսել՝ պարզելու, թե արդյո՞ք հունիսի 12–ին Աժ–ի շենքի մոտ ոստիկանությունը ժամկետանց հատուկ միջոցներ է օգտագործել է։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ այդ քայլին են գնում տարբեր վերլուծաբանների գնահատականներից ելնելով։

 «Դրանով է պայմանավորված բեկորային վիրավորումները։ Այնտեղ, ասում են, ինչ–որ նյութ կա, որը պետք է հնարավորություն տա բեկորայիններից խուսափելու։ Երբ հատուկ միջոցը ժամկետանց է, առաջացնում է նման հետևանքներ։ Մեր քաղաքացիները դրա պատասխանը պետք է ստանան»։

Բաղրամյան պողոտայում կիրառվել է հատուկ միջոցների ընդամենը մի փոքրիկ մաս, որովհետև ոստիկանությունը մինչև վերջին պահը ձեռնպահ էր մնում դրանք կիրառելուց, հայտարարում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ 100–ից ավելի վիրավորների փաստի համար ցավում է, բայց գոհ է ոստիկանության գործողությունների արդյունքից՝ զոհեր չեն եղել։ Խորհրդարանի իշխանական թևից պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Արթուր Հովհաննիսյանը համաչափ և պրոֆեսիոնալ են համարում ոստիկանների գործողությունները։

 Անդրանիկ Քոչարյան․ «Այո, բեկորներ լինում են։ Ինչ էին տարածում՝ թուրքական հատուկ միջոցներ։ Իրենց փորձագետներն ովքե՞ր են, որ միանգամից ինչ–որ դետալներ վերցրեցին և որոշեցին արտադրող երկիրը։ Ցուցարարներին, երբ հոգևորականը տանում էր բախման պետք է հաշվի առներ, որ ոստիկանության զինոնացում կա նաև հատուկ միջոցների կիրառում, որն այնուամենայնիվ, վտանգ իրենից ներկայացնում է։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Դրանից նույնիսկ կարող են թունավորվել»։

Արթուր Հովհաննիսյան․ «Ինչպե՞ս է եղել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նման հարձակում է տեղի ունենում Հայաստանի պետականության վրա կաթողիկոսի օրհնությամբ։ Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը հստակ, պլանավորված հարձակվել է Աժ վրա, իսկ ՀՀ ոստիկանությունը՝ ի տարբերություն 2020 թվականի նոյեմբերի 9–ի, երբ կարողացան ճեղքել ԱԺ շենքը, կառավարության շենքը, հիշո՞ւմ եք ինչ եղավ։ Հիմա էլ էին նույնն ուզում անել՝ վերջանականապես ՀՀ կառավարումը արտաքին ուժերին հանձնելու և Հայաստանը գուբերնիա սարքելու համար»։

Ոստիկանության աշխատանքի գնահատականը չեն կիսում ընդդիմադիր պատգամավորները։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պնդում է՝ ոստիկանների գործողությունները 100–ից 90 դրվագներում եղել են ոչ իրավաչափ։ Պատգամավորը կեղծ է համարում նաև պնդումները, որ Բագրատ սրբազանն իր հայտարարություններով միտումնավոր լարել է իրավիճակը՝ խոսելով Աժ–ում ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու մասին և ժողովրդի հետ միասին Աժ շենք մտնելու կոչով։ Արծվիկ Մինասյանը և Հայկ Մամիջանյանը հերքում են դեպքերի այդպիսի վերծանումը․

Արծվիկ Մինասյան․ «Այստեղ քրեաիրավական գնահատականը անխուսափելի է։ Ապօրինի նախաձեռնված քրեական վարույթը՝ «զանգվածային անկարգություններ», իրականում պետք է գլխիվայր շուռ տված վարույթ լիներ։ Իրական վարույթը պետք է լիներ «սահմանադրական կարգի տապալումը», լիազորությունների անցմամբ քաղաքացիներին առանձնապես ծանր վնասվածքներ պատճառելը»։

Հայկ Մամիջանյան․ «Բագրատ սրբազանը մի քանի անգամ կոչ է արել ոչ մի բան չնետել ոստիկական շարքեր։ Բազմիցս հայտարարվել է, որ շենքերը մեզ չեն հետաքրքրում, բառացի մեջբերում եմ անում Բագրատ սրբազանի ասածից»։

Ընդդիմությունը այժմ պատրաստվում է հունիսի 17– ին 18.30–ին նշանակված արտահերթ նիստին, որով կառավարության ծրագրի ձախողման համար առաջարկում է ընդունել կառավարությանն անվտահություն հայտնելու ԱԺ միջնորդություն և կառավարության հրաժարականի պահանջ։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը Աժ ճեպազրույցների եկել էր կառավարության 2021 թվականի ծրագրով, որտեղ արտացոլված էին ԼՂ կարգավիճակի և իրավունքների համար մշակված ծրագրերը․

 «Վերջին հարց ու պատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ։ Փաշինյանը հերթական անգամ ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ մարդը, ով 2018 թվականին արդեն գիտեր, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս իր ամբողջ՝ 2018–2020 թթ գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն և Ադրբեջանը դա շատ մասնագիտորեն օգտագործեց։ Խաբել է ժողովրդին նաև պատերազմից հետո, սա 21 թվականի կառավարության ծրագիրն է»։  

Երկուշաբթի օրը նշանակված արտահերթ նիստին ինչպես է դիրքավորվելու խորհրդարանական մեծամասնությունը, հասկանալի է դառնում թերևս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պատասխանից․

 «Թող գնան, եթե հիմա արդեն ուզում են ստեղծեն նոր կուսակցություն, կարող են անունը դնեն «Հայ առաքելական կուսակցություն» և զբաղվեն քաղաքականությամբ, կաթողիկոսին էլ դնեն որպես առաջին համար, 26 թվականին մասնակցեն ընտրությունների։ Սա է ճանապարհը ո՛չ պետական, ո՛չ ժողովրդավարական ճանապարհով այլևս հնարավոր չէ Հայաստանում իշխանություն փոխվի։ Մոռացեք, վե՛րջ։ Ժողովրդի ճնշմամբ միշտ կարող է իշխանափոխություն լինել, ժողովուրդը ՀՀ–ում ինչ ուզի, կանի։ ՀՀ–ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ, և չխառնեք ժողովրդին հանկարծ տարբեր խմբակների հետ։ Եվ իրապես անհանգստացած ժողովրդին էլ թող չմոլորեցնեն և բերեն խառնեն իրենց խմբակի հետ ու բերեն այստեղ դարձնեն լուսաձայնային նռնակների վիրավորներ, որ մի հատ էլ հետո մենք մեզ վատ զգանք, որ մեր քաղաքացիները վնասվել են»։

Խորհրդարանական մեծամասնությունից պնդում են, որ արտահերթ ընտրությունների այլևս չեն գնալու։ Պնդում են, որ նախորդ հրաժարակններն ու արտահերթ ընտրություններում արձանագրված արդյունքները արդեն ցույց են տվել քաղաքացիների դիրքորոշումը։

Back to top button