ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տեղահանված արցախցիները հունիսի 15-ից սկսած կարող են դիմել բնակարանային աջակցության համար

Կառավարությունն այսօր հաստատել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու կարգը։ Ըստ այդմ՝ արդեն վաղվանից քաղաքացիները կարող են օնլայն դիմումներ ներկայացնել բնակարան գնելու, կառուցելու կամ գործող հիպոտեկային վարկից մարումներ անելու համար նախատեսված պետական աջակցությունը ստանալու համար։ Կառավարությունը աջակցությունը կտրամադրի 3 փուլով և տարբեր սահմանաչափերով՝ կախված, թե տեղահանված արցախցիները Հայաստանի որ բնակավայրում են ցանկանում տուն կառուցել կամ գնել։

Հունիսի 15-ից կառավարությունը կսկսի ընդունել Արցախից բռնի տեղահանված ընտանիքիների բնակապահովման ծրագրի դիմումները։ Գործադիրը հաստատել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ըստ այդմ՝ քաղաքացիներն արդեն կարող են առցանց դիմումներ ներկայացնել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասնում է՝ գործընթացն ամբողջությամբ առցանց հարթակում է տեղի ունենալու։ Դիմումները կմշակվեն ըստ ծրագրի պայմանների, այնուհետև կգեներացվեն նաև հավաստագրերը։ Դրանք նույնպես կլինեն էլեկտրոնային։

«Հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով քաղաքացիները կարող են մոտենալ այս ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող բանկերից իրենց նախընտրելին և արդեն սկսել գործընթացը, մինչ այդ, իհարկե, պետք է ընտրեն այն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի մեր ծրագրի աջակցության չափին և պայմաններին։ Ըստ այդմ էլ՝ բանկը կսկսի գործընթացը, և արդեն ծրագրի հիմնական դրույթները կմտնեն իրենց բնականոն ընթացքի մեջ»,– մանրամասնում է Խաչատրյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան

Գործադիրը մեկ ամիս առաջ էր հաստատել Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովության ծրագիրը, որով շահառուներից յուրաքանչյուրին կտրամադրվի 2-5 միլիոն դրամ Հայաստանում տուն կամ բնակարան ձեռք բերելու, կառուցելու կամ գործող հիպոտեկային վարկից մարումներ անելու համար։

Աջակցության չափը կախված է նրանից, թե որ բնակավայրում է նախընտրելի տունը։ Կառավարության սահմանած ծրագրից արցախցիները 3 փուլով կօգտվեն։

«Առաջին փուլով աջակցություն են ստանալու 3 և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները, նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները։ Իսկ հուլիսի 15–ից կկարողանան դիմել այն ընտանիքները, որոնք ունեն 2 անչափահաս երեխա, բայց ցանկանում են տուն կառուցել, այս դեպքում իրենք մի հերթ առաջ են ընկնում»,– մանրամասնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Հունիսի 15-ից կընդունվեն այն շահառուների դիմումները, որոնք ցանկանում են տուն կամ բնակարան գնել։ Արդեն մեկ ամիս հետո՝ հուլիսի 15-ից կընդունվեն բնակելի առանձնատուն կառուցելու ցանկություն ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ օգոստոսի 1-ից՝ այն ընտանիքների դիմումները, որոնք ունեն արդեն գործող հիպոտեկային վարկ։ Ծրագրից օգտվելու համար շահառուներն անպայման պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինեն՝ շեշտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձիք, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, այս ընթացքում դիմել են և ստացել են քաղաքացիություն։ Մենք այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք ու եկել ենք եզրակացության, որ սա ճիշտ մոտեցում է, և մենք պետք է գնանք այս ճանապարհով, ու այս որդեգրած սկզբունքը պետք է գործի, որպեսզի մենք մեր նպատակներից չշեղվենք»։

Աջակցության ծրագիրն այլ պարտադիր պայմաններ էլ ունի․ ձեռք բերվող բնակարանի մակերեսը չպետք է պակաս լինի 12 քմ-ից՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով: Տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը: Ծրագիրը չի գործի նաև այն դեպքերում, եթե ընտանիքի անդամներից առնվազն մեկը դիմելու պահին ՀՀ-ում սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն ունի:

Կառավարությունը շուտով կգործարկի նաև նոր կայք, որի միջոցով քաղաքացիները կկարողանան ավելի պատկերավոր տեղեկություններ ստանալ ծրագրի շրջանակներում առավել նախընտրելի համարվող համայնքների ու բնակավայրերի վերաբերյալ։

Վարչապետը կարևորում է, որ բնակարաններով ապահովելուց բացի կառավարությունը նաև տեղահանված քաղաքացիների զբաղվածությանն աջակցի։

«Ենթադրենք, մի ընտանիք գինեգործությամբ զբաղվելու նպատակ ունի, պարզ է, որ նա պետք է ընտրի մի բնակավայր, որտեղ գինեմետ խաղաղի արտադրությունը հնարավոր է, այսինքն՝ նաև մեծ բովանդակային աշխատանք կա իրականացնելու»,– ասում է Փաշինյանը։

Կառավարության նախնական կանխատեսումներով ծրագրից կօգտվի մինչև 25 հազար բռնի տեղահանված ընտանիք։ Ընդհանուր առմամբ, ամենահամեստ հաշվարկներով՝ բնակարանային ապահովումն իրագործելու համար կծախսվի շուրջ 800 միլիարդ դրամ։

Back to top button