ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պետության տվյալներն «ամպերում» կլինեն․ կառավարությունը փոխում է տեղեկատվության պահպանման վայրը

Հայաստանում տվյալներն ավանդական սերվերների փոխարեն կպահվեն ամպային տիրույթում։ Կառավարությունն այսօր որոշել է աստիճանաբար փոխել պաշտոնական տեղեկությունների պահպանման վայրը՝ հաշվի առնելով ամպային տիրույթի ֆինանսական մատչելիությունը ու վնասների ցածր մակարդակը։ Ի՞նչ է ենթադրում ամպային տիրույթը և ինչո՞ւ է առաջացել տեղեկատվությունն այնտեղ փոխանցելու անհրաժեշտությունը։

«Քննարկում ենք՝ «գութանը ձիու վրայից հանենք, տրակտորի վրա դնե՞նք, թե՞ ոչ» հարցը»․ մոտավորապես այսպես բնութագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության քննարկման առարկա դարձած՝ պաշտոնական տեղեկատվությունը սերվերների փոխարեն ամպային համակարգում պահելու հարցը։

ԲՏԱ փոխնախարարն առաջարկում է պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղակատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման համար ավանդական սերվերների փոխարեն կիրառել ամպային լուծումներ։

Պարզ՝ ամպային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հասանելիություն ունենալ դրանց մեջ պահպանված ինֆորմացիային աշխարհի ցանկացած կետից, ցանկացած սարքավորման միջոցով՝ միայն գաղտնաբառ օգտագործելով։ Սրանք Հայաստանում ևս առօրյա լայն կիրառություն ունեն, մեզնից շատերին ծանոթ է, ասենք՝ SkyDrive-ը, Dropbox-ը, Google Drive-ը կամ Яндекс.Диск-ը։

Փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն ասում է՝ պետական համակարգում ավելի լուրջ ամպային սերվերների կիրառությունը միայն օգնելու է․

«Ամպային լուծումների կիրառույթունը նպաստելու է նաև ՀՀ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացման և անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։ Նախագծով առաջարկվում է սկզբնական փուլում ամպային տիրույթում տեղադրել այն տվյալները և տեղեկատվությունը, որոնք չեն հանդիսանա պետական գաղտնիք և հանրային տեղեկությունների դասակարգման արդյունքներով կհամարվեն ցածր ռիսկայնության»։

Թե ո՞ր տեղեկատվությունը սկզբանական փուլում կպահպանվի այս տարբերակով՝ քննարկվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ։ Այժմ իրականացվում է տվյալների քարտեզագրում, որով հնարավոր կլինի գնահատել պետական տեղեկատվության պաշարն ու կառուցվածքը, որոշել՝ ո՞ր տվյալներն են պահպանվելու ամպային սերվերներում։ Նիկոլ Փաշինյանը ևս տվյլաների պահպանամն այս համակարգը մի շարք խնդիրներ լուծող տարբերակ է համարում․

«Ինչո՞ւ է սա կարևորը․ առաջինը ֆիզիկական տարածքում պահելը շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Նախկինում մեր տվյալները բազմաթիվ պահեստներում թղթապանակներով էին պահվում, հետագայում, երբ համակարգչային տեխնոլոգիաներրը մեզ հասանելի դարձան, սկսեցին համակարգիչների մեջ պահել, բայց հետո էդ համակարգիչների, կրիչ սարքերի թիվը սկսեց մեծանալ և դա կապված է մեծ ծախսերի հետ։ Իհարկե, այստեղ կան նաև որոշակի կիբեր ռիսկեր, բայց նաև աշխարհն այդ կիբերռիսկերը հասցեագրել է և էլ չեմ ասում, որ կան տեղեկություններ, որոնք համարվում են ոչ զգայուն կամ պակաս զգայուն»։

Կառավարությունը նման որոշում է կայացնում՝ հաշվի առնելով, որ դա կնվազեցնի ֆինանսական միջոցների պահանջը, տվյալների կորսման կամ վնասման հավանականությունը, ինչպես նաև հնարավորություն կտա դրանց գտնել-օգտագործելը դարձնել ավելի օպերատիվ ու մատչելի։

Բայց արդյո՞ք կարելի է կարևոր տղեկատվությունը վստահել ամպային համակարգին։ Կառավարությունում կարծում են, որ այս հարցը վաղուց արդիական չէ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մի շարք երկրներ այնտեղ պահում են ամբենաբարձր գաղտնիության տեղեկատվություն․

«Բայց քանի որ մեր տեղեկություններն ավելի գաղտնի են, քան նրանցը, դրա համար մենք տենց մեծ քայլերով բան չենք անում»։

ԲՏԱ փոխնախարարը հավաստիացնում է՝ սկզբում այնտեղ պահպանվելու է ռիսկայնության ցածր մակարդակ ունեցող տեղեկատվությունը, զուգահեռ դրանք պահպանվելու են նաև սերվերներում, որոշ դեպքերում՝ թղթային տարբերակով։ Սա կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ ամպային համակարգը լիարժեք վստահության չի արժանանա։

«Նույն ամպային տիրույթուում ենթադրվում է, որ դա մի քանի տեղ է պահվում, մի քանի շերտերով է պահվում ու, եթե մեկի հետ մի բան տեղի ունենա, կարելի է երկրորդ տեղից դա վերականգնել։ Քանի որ նոր բան է, մենք փուլային տարբերակով ենք գնում, որ ամեն ինչ միանգամից չլցնենք էնտեղ ու հետո մատներս սխալ կնոպկայի կպնի ու պարզվի՝ ամբողջը կորսվել է»,- ասում է վարչապետը։

Միևնույն ժամանակ կառավարությունում վստահեցնում են՝ արտաքին ռիսկեր չկան․ տվյալների տերը շարունակում է մնալ պետությունը, դրանց հասանելիություն ունենալու են միայն պետության՝ դրա իրավունքն ունեցող ներկայացուցիչները։

Back to top button