ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքը տարածաշրջանի կապող օղակներից է. քաղաքագետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ Նախիջևանում տեղակայված ստորաբաժանումները հունիսի 12-ին մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Դրանց կներգրավվեն մարտական տեխնիկա, ավիամիջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Թեհրանի հետ  ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ մարտավարական զորավարժությունները միաժամանակ կանցկացվեն նաև Իրանի տարածքում՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ:

Վերջին շրջանում Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել նաև Թուրքիայի և Վրաստանի հետ։ Փորձագետները ադրբեջանական ակտիվ զորավարժությունները ՀՀ-ի վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելու համատեքստում են դիտարկում։  

Ադրբեջանը վերջին շրջանում Հայաստանի ներքին գործերին միջամտելու ակտիվ փորձեր է կատարում՝ ասում է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հիշեցնելով Խոջալուի, Մինսկի խմբի, Սահմանադրության փոփոխությունների մասին Բաքվից հնչած հայտարարությունները․

«Պետք է հաշվի առնենք, որ իրենց մոտ այդ զինավարժությունները, և՛ նախքան պատերազմը, և՛ պատերազմից հետո, պերմանենտ բնույթ են կրում։ Դա վկայում է այն բանի մասին, որ Ադրբեջանը բնավ մտադիր չէ իր առջև դրված խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով և փորձում է հայկական կողմի վրա նաև բարոյական ճնշում գործադրել, որպեսզի հասնի իր նպատակներին»։

Որոշ փորձագետների գնահատմամբ՝ զորավարժային ակտիվությամբ Ադրբեջանը փորձում է սեղմել Հայաստանի շուրջ օղակն ու «շրջափակման» մեջ պահել։

Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյան. «Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը ինկլյուզիվ ու կապող օղակներից մեկն է տարածաշրջանում, որը կապում է համ Թուրքիային, համ Ռուսաստանին, համ իրանին, բոլոր շահառուներին։ Հայաստանն այս դեպքում մնում է ավելի այսպես իզոլիացված վիճակում»։  

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ զորավարժություններին, ապա ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը հիշեցնում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք տեսել են Թբիլիսիի ոչ բարեկամական քայլերը, երբ այդ երկրի տարածքով են անցել Իսրայելից տարբեր զինամթերքով բեռնված ինքնաթիռները, իսկ Հայաստանի համար Վրաստանի տարածքն այդ ընթացքում փակ էր։

«Չեմ ասում, որ բացահայտ պատերազմի մեջ կմտնի (Վրաստանը — խմբ), իհարկե՝ ոչ, սակայն, որ կլինի կողմնապահ, եթե հաշվի առնենք, որ ինչքան մեծ կախվածության մեջ է գտնվում՝ ֆինանսական, տնտեսական, թուրք-ադրբեջանական տանդեմից. Վրաստանը, փաստացի կախյալ պետություն է, նաև՝ հաշվի առնելով, որ բարդ հարաբերություններ ունի և ՌԴ-ի հետ»։  

Իրանի պարագայում, սակայն, Գրիգորի Այվազյանն արձանագրում է, որ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը, նույնիսկ նախագահ Ռայիսիի մահվանից հետո, չի փոխվելու։ Ի դեպ, նույն համոզմունքն ունեն նաև իրանագետները։ Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը, սակայն, միաժամանակ նկատում է.

«Այդուամենայնիվ, Պարսկաստանը միշտ էլ իր շահերն էր հետապնդում և, այս պարագայում, երբ որ Պարսկաստանը խոսում է սահմանների անփոփոխելիության մասին, «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա մենք պետք է հասկանանք, որ այդքանով են նրանք խոսում դրա մասին, որքանով շահեկան է Պարսկաստանին և երբեք, և որևէ պարագայում, Պարսկաստանը, ինչպես նաև որևէ այլ երկիր, մեր փոխարեն մեր ազգային շահերը չի պաշտպանելու»։

Իրանագետների համոզմամբ՝ Իրանում սպասվող նախագահական ընտրությունները Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների վրա էական ազդեցություն չեն ունենա։ Ըստ ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի, սակայն, դա չի կանխորոշում այն, որ Իրանը չի կարող իր շահերից ելնելով, իր քաղաքականությունը փոփոխել 180 աստիճանով։ Հետևաբար, Այվազյանի ձևակերպմամբ, կարող ենք արձանագրել, որ մեր հույսը կարող ենք դնել միմիայն մեզ և մեր ներքաղաքական կայունության վրա։ 

«Ներքաղաքական ապակայունությունն այն պարագայում, երբ որ Ադրբեջանը սպառնում է մեր գոյությանը, մեզ համար անթույլատրելի շռայլություն է»։

Back to top button