ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երկրորդ «Մարտի 1», թե՞ «հոկտեմբերի 27»․ իշխանության ու ընդդիմության նախընտրելի զուգահեռները

Իրավական գնահատականների պահանջ և հայտնի դեպքերի հետ համեմատություն․ նախօրեին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո ԱԺ-ն աշխատանքը շարունակել է թեժ մթնոլորտում։ Լարվածության աստիճանը, սակայն, խորհրդարանում աստիճանաբար նվազել է։ Խշխանությունն ու ընդդիմությունը ներկայացրել են իրենց գնահատականները երեկ տեղի ունեցած իրադարձություններին։

Երկրորդ «Մարտի 1», թե՞ «Հոկտեմբերի 27»․ խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունն իրենց զուգահեռներն ունեն հունիսի 12-ին խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին Աժ-ի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների համար։ «Քաղաքացիական պայմանագրում» միտված են զարգացումները նույնականացնել «հոկտեմբերի 27»–ի հետ։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միաժամանակ զուգահեռներ է անցկացնում 2020-ի նոյեմբերի 9-ի իրադարձությունների հետ, երբ հարձակում իրականացվեց ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ։  

«Փորձում էին ժողովրդի հետ ներխուժել ԱԺ։ Ոչ ոքի համար, բնականաբար, անակնկալ չէ, չէ՞, թե ինչ էին նրանք ուզում անել։ Հայտարարվեց իրենց վեղարով առաջնորդի կողմից, որ նրանք փնտրում են նաև վարչապետին։ Սա, ըստ էության, ահաբեկչության փորձի հստակ դրսևորում էր, երկրորդ «նոյեմբերի 9» իրականացնելու այլանդակ ծրագիրը, իսկ հաջողության պարագայում՝ երկրորդ «հոկտեմբերի 27»։ Բոլորի համար էլ պարզ էր, որ այն ժամանակ, երբ ՀՀ օրենսդիր մարմնում է գտնվում հանրապետության վարչապետը, խորհրդարանական մեծամասնությունը, կառավարության անդամները և այդ խառնամբոխը բռնության կոչեր հռչակած, ներքին թշնամիների դեմ գործողություններ ծրագրող վեղարով առաջնորդողը փորձ է անում ներխուժել խորհրդարան, ակնհայտ է, որ նրանք դա անում են երկրորդ «հոկտեմբերի 27»-ի իրագործման ծրագրով»։

Նույն միտումնավոր սադրանքների մասին է խոսում նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Նրանք նախընտրում են զուգահեռներ անցկացնել «Մարտի 1»-ի հետ։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պնդում է, որ նախօրեին ոստիկանների կողմից իրականացված օպերացիան լավ նախապատրաստված գործողություն էր։

«Գործողությունը ծրագրավորված էր շատ պարզ․ օպերատիվ սադրիչների միջոցով թե՛ այս դահլիճում, թե՛ այս դահլիճից դուրս կազմակերպել, հրահրել բախումներ, որի արդյունավետ գործունեությունը պետք է լիներ այն, որ ոչ միայն հարյուրավոր քաղաքացիներ ստանային վնասվածքներ, այլ նաև տասնյակ քաղաքացիների նկատմամբ «կարվեր» կեղծ քրեական գործեր։ Դրա մեջ ներգրավված էր նաև Քննչական կոմիտեն, որը ոչ ավելի, ոչ պակաս «զանգվածային անկարգություններ» որակելով կեղծ քրեական գործեր է հարուցում»։

Խորհրդարանական ընդդիմությունը կառավարության հասցեին սկսել է օգտագործել «ոչ լեգիտիմ» ձևակերպումը, պնդելով, որ 2023 թվականի ծրագրի ձախողման պատճառով այն պետք է հրաժարական տա։

Առանց ակնարկների, արդեն ուղիղ անուններով խորհրդարանում որոշեց խոսել նաև վարչապետը՝ արդարացնելով ոստիկանության գործողությունները․

«Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը։ Ընդ որում, եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ դիմելով ոստիկաններին ասել, թե՝ «տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում»։ Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12–ի դեպքերից առանձնացրել է տուժածների մի քանի խումբ․

  • Ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիներ, որոնց նկատմամբ ոստիկանության ծառայողերի կողմից անհամաչափ ուժ է կիրառվել այն պայմաններում, երբ իրենք արդեն իսկ գտնվել են ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։
  • Քաղաքացիների գործողություններից տուժած ոստիկաններ։
  • Իրադարձությունների ընթացքում վնասվածքներ ստացած ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք դեպքի վայրում իրականացրել են մասնագիտական գործողեություն։

Օմբուդսմենը պետությունից ակնկալում է․ «Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ Պետք է հատուկ քննարկման առարկա դառնա նաև այն հարցը, թե արդյո՞ք հատուկ միջոցները կիրառվել են սահմանված չափանիշների և կարգի պահպանմամբ»։

Նիկոլ Փաշինյանn Աժ-ում արդեն նախանշեց, թե առաջիկա հնարավոր զարգացումներում ինչպես է պատրաստվում գործել իշխանությունը․

«Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն։ Մենք կլինենք սիրող և ենք սիրող, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև թույլ իշխանությունը աղետ է պետության համար։ Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն, և մենք լեգիտիմության և օրենքի և օրինականության ուժով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետությունը, հանրությանը, ժողովրդավարությունը, անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Սրանում, հույս ունեմ, որ տարընթերցում չկա»։

Մինչդեռ մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպություններ արդեն քննադատել են հունիսի 12-ի ոստիկանության գործողությունները Աժ շենքի մոտ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր հերթին հայտարարել է, որ ոստիկանները զգուշացումներից հետո են ստիպված եղել ուժ կիրառել։

Back to top button