ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զիջումների սահմանը 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն է․ վարչապետ

2018 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Հայաստանը պետք է գնար զիջումների կամ պատերազմի ճանապարհով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի զիջումների սահմանը։ Զիջումների սահմանը Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն է՝ ասել է վարչապետը։

ՀՀ վարչապետը ԱԺ–ում խոստովանել և հաստատել է, որ վախեր ունի։ Իշխանության և ընդդիմության վախերի մասին խոսակցությունը խորհրդարանում ծավալվել է  Նիկոլ Փաշինյանի և «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանի միջև։

–Դուք գիտե՞ք ինչ է պատասխանատվությունը։ Այո, ես վախենում եմ։ Ես վախենում եմ, որ Հայաստանի պետությունը զրոյացնելու ոմանց ծրագիրը իրականություն դառնա, որովհետև, ցավոք, երկրում, ցավոք, այս դահլիճում, ցանկապատից այս կողմ և այն կողմ ահագին մարդիկ կան, որ գիտակցաբար այդ օրակարգն են տանում։

Ես էլ վախենում եմ, որ ձեր իշխանությունը այդ ձեր վախերով, անընդհատ զիջելով, միակողմանի զիջումներով մի օր կկորցնենք ինքնիշխանությունը և ընդհանրապես ՀՀ և ժողովրդի գոյությունը։ Եթե չլինեիք իշխանություն, ի՞նչ վիճակ կլիներ։ Տվե՞լ եք այդ հարցը ձեզ։

Այո, տվել եմ և պատասխանն էլ գիտեմ։ Կլիներ ամեն ինչ նույնը, մի տարբերությամբ, որ ՀՀ–ն կլիներ գուբերնիա։

Իրավիճակի համար մեղավորներին Փաշինյանը հիշեցնում է 2018 թվականից առաջ  ստեղծված իրավիճակը՝  թյուր իրականությամբ, անդրադառնում  նաև ձևավորված անվտանգային դաշինքին ու գաղտնազերծում դրա ապագային առնչվող մտադրությունները։

«Մեղավորը նրանք են, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը։ Դուրս կգանք, դրանով եք մեզ վախեցնո՞ւմ եք։ Հաջորդ քայլը հենց դուրս գալն է, կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ասեմ ուր ենք գնում և ասեմ, որ արդեն գրեթե հասել ենք տեղ․ գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով ՀՀ»։

Փաշինյանին ուղղված ընդդիմության հիմնական հարցերից մեկն առնչվում է զիջումների սահմանին, որ Հայաստանը պատրաստ է անել Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելու ճանապարհին։ Վարչապետին հարցն ուղղեց Մհեր Սահակյանը․

«Ակնհայտ է, որ թուրք–ադրբեջանակն տանդեմը մեր ինքնության հետ կապված խնդիր ունի, և դուք էլ մի քանի անգամ բարձրաձայնել եք այն այս ամբիոնից՝ մեր պատմության, մեր շարունակության, մեր տեսակի հետ կապված խնդիր ունի։ Հիմա այս զիջումների մեջ որտե՞ղ է այդ տեղը, որ հասկանալու եք, որ վերջ, էլ չկա զիջելու, էլ չկա շարունակելու»։

Փաշինյանն ընդունում է նշված խնդրի առկայությունը։ Որպես վերջնարդյունք նշում է ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետրը։

Այս համատեքստում Փաշինյանն անում է ևս մեկ խոստովանություն, որը համարում է իր ամենամեծ սխալը։ Պնդում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով 2016 թվականից արդեն բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ–ում գործող կարգի լուծարումը։

«Քաղաքական իշխանությունը 98 թվականից խաբել է, որ ԼՂ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս հնարավոր է։ Դա եղել է անհնարին։ Մենք այդ ձեր բերած օրակարգին հավատացել ենք և դա է մեր սխալը։ Իմ ձախողումն այն է, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել, որ բոլորին պետք է ասեմ ճշմարտությունը։ Բայց գիտեք ինչո՞ւ, որովհետև նաև հասկացել եմ, եթե այդ խոսույթը դուրս բերեմ, հետագա հետևանքները կապվելու են այդ խոսույթը, ասելու են՝ փլուզեց հայկական խոսույթը և ամեն ինչ եղավ դրա համար։ Ի՞նչն է ձեր քաղաքական պերմանենտ ձախողումների պատճառը։ Մի բան, որ դուք չեք հրաժարվում ժողովրդին խաբելու քաղաքականությունից։ Բառեր եք ասում, ԵԱՀԿ ՄԽ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե, Պրահայի սկզբունք, Լակվիլան և Մուսկոկան, Դովիլի հայտարարությունը։ Ժողովուրդը զարմանում է՝ էս ինչեր են ասում։ Ֆեյք է այդ ամեն ինչը, սուտ է ծայրից ծայր։ Դուք 98 թվականից Ղարաբաղի հարցը օգտագործել եք միայն մի նպատակի համար, որ Հայաստանում սպանեք, ճնշեք, հարստահարվեք, ասելով, որ այդ ամեն ինչը անում եք Ղարաբաղի հարցը լուծելու համար»։  

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը սկզբունքային դիրքորոշում չունի ԵԱՀԿ ՄԽ պահպանելու հարցում։ Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ դիմել է հայկական կողմին ՄԽ–ն լուծարելու համատեղ առաջարկության հանդես գալու համար։ Այսօր արդեն Հայաստանի վարչապետը խորհրդարանում նշում է, որ ՄԽ անդամենրը իրար հետ չեն խոսում, չկա շփում, հետևաբար, ըստ Փաշինյանի՝ «ԵԱՀԿ ՄԽ դե ֆակտո գոյություն չունի»։

Վարչապետը վստահեցրել է՝ ՀՀ գործող կառավարությունն իր հայտարարած բոլոր նպատակների հետևից հետևողականորեն գնացել է, այլ բան, որ ճանապարհին այլ հանգամանքներ են պարզվել:

Back to top button