ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զինծառայողների հիմնադրամն ամսական վճարներն ավելացրել է 26%-ով․ «Զինապահը» ամփոփել է 2023-ը

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը՝ «Զինապահն» այսօր ամփոփել է 2023թ գործունեությունն ու հաշվետվություն ներկայացրել։ Հիմնադրամում արձանագրում են՝ շուրջ 8 տարվա ընթացքում արդեն իսկ 12․500 շահառուի ֆինանսական հատկացում են արել։

Հաշվետու տարում նաև օրենսդրական մի քանի փոփոխություններ են հեղինակել, հատուցման մեխանիզմերը հարմարեցրել ֆունկցիոնալության գնահատման նոր կարգին։ Փոփոխության արդյունքում հիմնադարմի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության խմբի փոփոխության դեպքում հիմնադրամը հատուցման գումարները կշարունակի վճարել նախկին չափով, մինչև օրենքով սահմանված 20-ամյա ժամկետի ավարտը։

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը այս տարվա հունվարից վերանայել ու ավելացրել է զինծառայող շահառուներին տրվող ամսական գումարի չափը։ Սա նախորդ տարվա ամենակարևոր քայլերից մեկն է՝ 2023-ը ամփոփելիս շեշտում է «Զինապահի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը։

«Այս տարվա սկզբին հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց վերանայելու ու ինդեքսավորելու մեր շահառուների հատուցման ամսական գումարները 2024թ հունվարի 1-ից բարձրացնելով այն 26 տոկոսով։ Այս նախաձեռնության արդյունքում «Զինապահի» տարեկան պարտավորությունները աճել են շուրջ 4 միլիարդ դրամով»։

Հայաստանում պարտադիր դրամաշնորհային վճարներից ու նվիրատվություններից ձևավորվող միջոցներով հիմնադրամը 2017 թվականից մինչև 2024-ի առաջին եռամսյակի ավարտը ֆինանսական հատկացումներ է արել ավելի քան 12․500 զինծառայողի ու նրանց ընտանիքի անդամների։ Տրամադրված գումարի չափն արդեն գերազանցում է 91.5 միլիարդ դրամը։ «Զինապահի» գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը մանրամասնում է՝ անցած տարի հիմնադրամի եկամուտներն աճել են 26 տոկոսով։

«Զինապահի» գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյան

««Զինապահի» միջոցների շուրջ 150 միլիարդը ձևավորվել է պարտադիր դրոշմանիշային վճարներից, 18 միլիարդը՝ ակտիվների կառավարումից և 9.4 միլիարդը՝ նվիրատվություններից, որոնք եղել են ինչպես Հայատանից, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում ինչպես դրոշմանիշային վճար վճարող յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ մեր նվիրատուներին»,-ասում է Սարգսյանը։

2020թ 44-օրյա պատերազմից հետո հիմնադրամը հատուցումներ է տրամադրում մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին։ 2023-ին հիմնադրամը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել ու ֆինանսական հատուցման մեխանիզմերը հարմարացրել ֆունկցիոնալության գնահատման կարգին։ «Զինապահի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը մանրամասնում է՝ նոր կարգի համաձայն հիմնադրամի շահառու են ֆունկցիոնալության խորը, կամ ծանր սահմանափակում ունեցող զինծառայողները։

«Փոփոխության արդյունքում, որը հուսանք մոտ ժամանակներս կընդունվի, հիմնադարմի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության խմբի փոփոխության դեպքում հիմնադրամը հատուցման գումարները կշարունակի վճարել նախկին չափով մինչև օրենքով սահմանված 20-ամյա ժամկետի ավարտը»։

Օրենսդրական փոփոխություններից հետո հիմնադրամը հաշվետու տարում ֆինանսական հատկացումներից զատ, սկսել է նաև սոցիալական ծրագրեր իրականացնել։ Այսուհետև, օրինակ, ամսական լրացուցիչ 50-հազարական դրամ կհատկացվի այն շահառուներին, որոնք մանկուկ հասակի հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեն։

«Հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ ձեռնարկել է նաև «Զինհաբ» միասնական առցանց հարթակը, որը միավորում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք սոցիալական, կրթական ու աշխատանքային ծրագրեր են իրականացնում․․․ Ներկայում այս հարթակում գրանցված է շուրջ 27 գործընկեր կազմակերպություն, որոնք շահառուներին են ներկայացնում առաջիկայում սպասվող վերապատրաստումների, աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվություն»,-մանրամասնում է հիմնադրամի ներկայացուցիչը։

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը անցած տարի սկսել է ու մինչև 2025թ սկիզբը կավարտի զոհված զինծառայողների ճանաչման նախագիծը։ Նախատեսում են հիմնադրամի կայքում անվանական հրապարակել 4300 զոհված զինծառայողների անունները, լուսանկարներն ու նրանց մասին պատմող տեղեկություններ։ Հիմնադրամում վստահ են՝ այս ծրագիրը կօգնի անհատապես ճանաչել ու արժևորել հայրենիքի համար զոհվածներին։  

Back to top button