ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հայ-ամերիկյան հարաբերությունները երկրորդում են տարածաշրջանային օրակարգին․ վերլուծաբան

Շարունակվում են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի գլխավորած պատվիարակության հանդիպումները Հայաստանում։ Ամերիկյան պատվիարակությունն արդեն հասցրել է հանդիպել ՀՀ վարչապետի, արտգործնախարարի հետ։ Ստորագրվել է «ՀՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիր։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դա նշանակում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները մաքսային ոլորտում թևակոխում են զարգացման նոր փուլ՝ վերահաստատելով համագործակցության իրենց հանձնառությունը, ամրապնդելով երկկողմ հարաբերություններ։ Նախատեսված են նաև հանդիպումներ նոր գործարարների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

Հայ-ամերիկյան հարաբերություններում բազմաթիվ հարցեր հիմք են տալիս նոր հարցադրման՝ արդյո՞ք հայ-ամերիկյան համագործակցությունը ենթակա չէ տարածաշրջանային օրակարգին։ Այս հարցադրումը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենի ներկայացուցչական այցը Հայաստան և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստում հնչած հայտարարություններն ու կնքված համաձայնագրերը քննարկելուց առաջ, վերլուծաբանը նախ նկատում է, որ Օ՛Բրայենի այցը պարզապես այց չէր, այլ ռազմավարական երկխոսության շրջանակներում իրականացվող այց էր և դրա մասին ինչպես հարկն է նախապես չհայտարարելը տարակուսանք է առաջացնում․

«Տպավորություն է, որ բոլորովին վերջերս է եղել նման պայմանավորվածություն, և չեմ բացառում, որ սա կարող է կախված լինել ոչ միայն Հայաստանի շուրջ զարգացումներով, այլ նաև Հայաստանի ներքին զարգացումներով, որ մենք հիմա տեսնում ենք այս օրերին»։

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում Օ՛Բրայենը հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակից ռազմավարական գործընկերության հասցնելու մասին հայտարարեց։

«Մենք երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար ենք տեսել, գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ կան։ Մենք նաև պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել։ Անցած տարի տեղի ունեցավ մեր համատեղ առաջին զորավարժությունը, մենք սպասում ենք ավելիին»։

Վերլուծաբանը, սակայն, հիշեցնում է, որ հայ-ամերիկյան հնգամյա ռազմավարական երկխոսությունը մեծ արդյունք չի տվել, որ այսօր կարողանանք վստահաբար խոսել այն մասին, որ ռազմավարական գործընկերությունը մեծ ձեռքբերումներ է ապահովելու։ Թեև հայտարարությունները բարձրագոչ են, արդյունքը հուսադրող չէ՝ ըստ վերլուծաբանի․

«Եթե տարիների երկխոսությունը բերեց ընդամենը հանձնաժողովի ստեղծման, ապա, մեղմ ասած, շատ հարաբերական է արդյունավետությունը։ Այսինքն, մի քանի տարվա երկխոսությունը, երևի թե, պետք է բերեր հայ-ամերիկյան հարաբերության հարցում որակապես գոնե մեկ օրինակի, որ ցույց տար, որ տարիների ռազմավարական երկխոսությունը տվել է ահա այսպիսի արդյունք»։

Օ՛Բրայենի այցի ու նիստի օրակարգում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առաջընթացին Միացյալ Նահանգների աջակցությունը շեշտվեց։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ասաց, որ աշխատում են տնտեսական հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, և եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա այդ հնարավորություններն ավելի կմեծանան։

Հակոբ Բադալյանը հակված է կարծելու, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցի հիմքում տարածաշրջանային հարցերն են և Վաշինգտոնն այսօր ավելի անկաշկանդ է դարձել, քանի որ որոշ հարցեր տարածաշրջանում լուծվել են։ Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ԱՄՆ չի էլ թաքցնում իր հետաքրքրությունները տարածաշրջանում․

«Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ռեգիոնում ստատուս քվո է փոխվել, դուրս է եկել Արցախի հարցը, այսպես ասած, և այդ առումով Արևմուտքը Հայաստանի հարցում դարձել է ավելի անկաշկանդ, որովհետև, հակառակ դեպքում, այս հարաբերությունները Հայաստանի հետ ունենալու դեպքում խնդիր էին ունենալու Ադրբեջանի դժգոհության հետ։ Հիմա այդ խնդիրը չունեն, և զուտ այդ պատճառով է փոխվել հռետորաբանությունը և դինամիկան, աշխատանքի ինտենսիվությունը»։

Վերլուծաբանը ամերիկյան հետաքրքրությունը Միջին միջանցքի շուրջ, որը Չինաստանից՝ Ղազախստանով, այնուհետև Կասպից ծովով Ադրբեջանով,Վրաստանով դեպի Թուրքիա ու Եվրոպա ձգվող տրանսպորտային ուղի է, և որն ուշագրավ է նաև Հայաստանի համար, քանի որ Մետաքսի Ճանապարհի մի մասն է կազմելու, նորություն չի համարում։ Եվ պատահական չէ, ըստ Բադալյանի, որ Օ՛Բրայենը հիշատակեց Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով տնտեսական հնարավորությունների ընդլայնման մասին։

 «Օ՛Բրայենն անցյալ տարի պարզ հայտարարել է, որ ԱՄՆ համար այդ «Միջին միջանցքը» ռազմավարական առաջնահերթություն է։

Այսինքն, այս հարցում բոլորս էլ հասկանում ենք, որ այդ Միջին միջանցքը վերահսկելը մի կողմից թույլ է տալու վերահսկել Չինաստանից դեպի Եվրոպա ճանապարհներն ու լոգիստիկ հնարավորությունները, և մյուս կողմից այդ Միջին միջանցքը լինելու է պատվար Ռուսաստանի ու Իրանի և Ռուսաստանի ու գլոբալ հարավի միջև»։

ԱՄՆ Հարավային Կովկասում ունի երկու գերակա խնդիր՝ ձևավորել Ռուսաստանին ու Իրանին զսպելու միջավայր և Չինաստանին զսպելու նախադուռ։

Հայ-ամերիկյան իրական անկախ հարաբերությունները վերլուծաբանի համոզմամբ՝ անկասկած անհրաժեշտ հանգամանք են և լավ կլիներ, եթե քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը տարածաշրջանային օրակարգից դուրս բերելով քննարկեր ու կարևորեր դրանք։

Back to top button