ԿարևորՍպորտ

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը

Ջերմուկում հունիսի 10-18-ն անցկացվում է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը։ Այս տարի միաժամանակ են անցկացվում շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։

Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մանկապատանեկան մրցաշարին մասնակցում են շուրջ 90 շախմատիստներ։ Մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դրամ:

17-րդ կարգի շրջանային մրցաշարին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի և Իրանի առաջատար շախմատիստները: Մասնակիցների թվում են Եվրոպայի 2023 թ. թիմային առաջնության բրոնզե մեդալակիրներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը, 2022 թվականի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Մանուել Պետրոսյանը, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանը, Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի լավագույն 5-յակում գտնվող գրոսմայսեր Արջուն Էրիգաիսին և այլք:

2 խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը հնդիկ Արջուն Էրիգաիսին է, որն առաջին խաղափուլում հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ երկրորդում առավելության է հասել Շանթ Սարգսյանի նկատմամբ: Վերջին՝ 9-րդ խաղափուլը կանցկացվի հունիսի 18-ին:

1.5 միավոր ունեն ռումինացի Դյակ Բոգդան-Դանիելը և Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը:

Խաղերը մեկնարկում են ժամը 15:00-ին:

Back to top button