ԿարևորՀասարակություն

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 11-ին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը և Ֆրանսիական Հանրապետության Մարդկանց, Սեփականության և Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ասոցիացիայի նախագահ Բերնար Ջաննինը ստորագրել են հումանիտար հակաականային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր:

Արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները, «ՀԱՓԿ» ղեկավար անձնակազմը:

ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հումանիտար հակաականային գործունեության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հաստատումը, նշել փոխգործակցության կարևորությունը։ 

«Մենք կարևորում ենք փորձի փոխանակման անհրաժեշտությունը և գործընկերային ծրագրերի իրականացումը, որոնք կծառայեն հումանիտար hակաականային ոլորտի գերնպատակին, այսինքն՝ մարդկանց համար հնարավորություն կստեղծեն ապրել անվտանգ և առավել ազատ»։  

Լևոն Խաչատրյանը նշել է. «Փոխըմբռնման հուշագիրն իրավական տեսանկյունից պարտադրող բնույթ չի կրում, այն կախված է կողմերի նախաձեռնություններից, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը կանեն հնարավորը, որ այն չմնա թղթի վրա»։

Ֆրանսիական Հանրապետության Մարդկանց, Սեփականության և Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ասոցիացիայի նախագահ Բերնար Ջաննինն իր խոսքում ևս կարևորել է հումանիտար հակաականային ոլորտում «ՀԱՓԿ» հետ համագործակցությունը։ 
Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո պրն․ Բերնար Ջաննինը տեսաներկայացման միջոցով ցուցադրել է հակաականային ոլորտում ֆրանսիական փորձը և նոր մոտեցումները։ 

Back to top button