ԿարևորՔաղաքական

ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության կարգավիճակը կբարձրացվի Ռազմավարական գործընկերության․ համատեղ հայտարարություն

ՀՀ ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել սույն համատեղ հայտարարությամբ:

Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալեց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի:

Ակնկալում ենք ուրվագծել առաջիկա ամիսներին մեր հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները։ Կողմերը դրական են գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին և ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը և նշել եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները։

Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

Աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը

Պատվիրակությունները քննարկել են ավելի սերտ համագործակցության միջոցով փոխադարձ բարգավաճման, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հաշվի առնելով 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ժամանակ կայացած կարևոր քննարկումները:

Նշելով, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունն արդեն քառապատկվել է՝ կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել առավելագույնս ընդլայնել առևտրային ու տնտեսական կապերը:

Կողմերը քննարկել են պատժամիջոցների և արտահանման վերահսկման հարցերում աճող համագործակցությունը: Նրանք նաև քննարկել են արտահանման լիցենզավորման հնարավորություններն՝ առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների առևտուրը դյուրացնելու նպատակով:

Քննարկումները կենտրոնացել են նաև Հայաստանի պարենային անվտանգության և էներգետիկ անկախության խթանման՝ ներառյալ ատոմային էներգիայի և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ԱՄՆ առևտրային լուծումների բացահայտման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքները:

ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատև խաղաղության միջոցով խրախուսելով և ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապակցվածությունը:

Այս խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը և էական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին: Միացյալ Նահանգները ընդունում է շարունակվող տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելիս և մտադիր է շարունակել աջակցել այս ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին։

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում տեղահանված անձանց և փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի ջանքերը, իսկ Հայաստանը երախտագիտություն է հայտնել ավելի քան 21 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության համար, որը Միացյալ Նահանգները տրամադրել է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու համար։

Փոխշահավետ համագործակցության ամրապնդում՝ անվտանգության և իրավապահ ոլորտներում

Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով:

Պատվիրակություններն ընդգծել են նաև համագործակցության կարևոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները նաև ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը և պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:

Հիմնվելով Հայաստանի պարեկային ծառայության հաջողությամբ ստեղծման փորձի վրա, որը համազգային ընդգրկում է ստացել 2023 թվականին` կողմերը քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ ներքին գործերի նախարարությանն ապագա աջակցության տրամադրումը՝ ներառյալ ծրագրված ջանքերն՝ ուղղված ոստիկանական կրթության զարգացմանն ու մարդկային ռեսուրսների կառուցվածքային ստորաբաժանումների արդիականացմանը՝ հաշվետվողականության և դիմակայունության բարձրացման համար:

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում և պատրաստակամ է խաղաղապահության և իրավապահ մարմինների զարգացման ուղղությամբ հավելյալ համագործակցության հարցում:

Արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանում

Պատվիրակություններն ամփոփել են արդարադատության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ գնահատելով ԱՄՆ-ի նշանակալի ներդրումը Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ջանքերում։ Միացյալ Նահանգները մտադիր է նաև շարունակել աջակցել հայկական հաստատություններին, որոնք կենտրոնացած են կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի վրա, ինչպես նաև դատական ​​անաչառության, ամբողջականության և անկախության խթանմանն ուղղված ջանքերին:

Պատվիրակությունները քննարկել են զոհերին և վկաներին աջակցելու և արդարադատության մատչելիության ապահովման պլանավորված ծրագրերը: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ամուր քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար անկախ միջավայրի զարգացմանը՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման և թափանցիկության բարձրացման նպատակով:

Երկուստեք ընդգծվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության հարգման կարևորությունը և հանձնառություն են ստանձնել համատեղ աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հայաստանի զարգացման նպատակին:

Back to top button