ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԱԺ–ում ընդդիմությունն ու մեծամասնությունը խոսում են վերջնագրերով

ԱԺ արտահերթ նիստ գումարելու ընդդիմության պահանջն այսօր խորհրդարանում դարձյալ կրքեր է բորոբոքել ու միմյանց վերջնագրեր ներկայացնելու առիթներ տվել։ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմադիր երկու խմբակցությունների միջնորդությունը լիագումար նիստերի օրերին  արտահերթ  նիստ հրավիրելու առաջարկը և համաձայնել, որ արտահերթ նիստը հրավիրվի հունիսի 17–ին՝ ժամը 18.30–ին։ Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, սակայն,  չեն թաքցնում՝ արտահերթին մասնակցել չեն պատրաստվում։ Վարչապետի իմպիչմենտի փոխարեն, ի դեպ, ընդդիմադիրներն առաջարկում են ԱԺ ուղերձի տեքստ քննարկել։  

Վարչապետի իմպիչմենտ պահանջելու համար բավարար չեն ոչ ընդդիմադիր պատգամավորների ձայները, ոչ էլ փողոցի ճնշումը՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում բացահայտեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հակառակ պնդումներին, թե փողոցի ընդվզումը բավարար էր գործ անելու համար։

– Հա՞, շա՞տ բավար էր, այդպե՞ս եք գնահատում։ Բա ինչո՞ւ չեղավ, ինչո՞ւ ՔՊ–ից որևէ պատգամավոր «չպոկվեց»։

Բա դուք ասում էիք «պոկվում» են։

Ո՞վ է ասում։ Ասնեք՝ շարժման շրջանակներում մեկը մի բան է հայտարարում կանգնում վերագրում, ասում են՝ դուք այսպիսի բան ասացիք։ Ասենք՝ կարող է Էդգար Ղազարյանը մի անհասկանալի ձևակերպում տա, ասեն՝ այ, տեսեք, շարժումը այսպիսի բան է պահանջում։

Մի թողեք նման բաներ հայտարարեն։

Ախր լսե՛ք, այս շարժման առավելությունը գիտե՞ք որն է, որ բացարձակ ժողովրդավարական շարժում է։

Ընդդիմադիրների ձայներն այժմ բավարար են արտահերթ նիստ գումարելու առաջարկի համար։ Անհրաժեշտ 27-ի փոխարեն ունեն 33 ստորագրություն։ Իմպիչմենտի գործընթացը ստորագրությունների այլ համամասնություն է պահանջում՝ ըստ  ԱԺ կանոնակարգ օրենքի։ Առաջին փուլում անհրաժեշտ է պատգամավորների 36 ձայն։ Այս հարցում էր 35 ձայն ունեցող ընդդիմությունն ապավինում «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ, այժմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի օգնությանը։ Եթե նա միանար նախաձեռնությանը, հարցը կընդգրկվեր ԱԺ օրակարգում , իսկ դրանից հետո կպահանջվեր ևս 18 պատգամավորի ձայն․ վարչապետին իմպիչմենտ հայտնելու համար անհրաժեշտ է 54 ձայն։ Դրանք  ընդդիմադիրները պետք է «գտնեին» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։  

Իշխան Զաքարյանի արձագանք–վերջնագրից արդեն պարզ է, որ նա առաջին փուլում իր ստորագրությունը չի տա ընդդիմությանը։ Անկախ պատգամավորի խոսքով՝ նաև Սրբազանին է զգուշացրել՝ 53 ձայն կունենան, 54-րդը կհամարեն՝ գրպաններում դրված։

ԱԺ փոխնախագահ, ՔՊ խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ այս հարցում ընդդիմադիրները համակիրներ ՔՊ շարքերում չեն գտնի․

«Մեր դիրքորոշումն այն է, որ ոչ, իրենք իշխանություն չեն ստանալու մեզանից, երկրորդն էլ՝ իրենք կարող են իշխանություն ստանալ ժողովրդից, եթե մասնակցեն հերթական խորհրդարանական ընտրությունների, ժողովուրդն էլ համարի, որ իրենց պետք է քվե տա»։

Արտահերթ ընտրությունների գաղափարը ընդդիմադիրների օրակարգում դեռ կա, դիտարկում են մանդատները վայր դնելու տարբերակը։ Այստեղ ամեն ինչ կախված է իշխանության կեցվածքից՝ պարզաբանում է Արծվիկ Մինասյանը։ Միանգամից կլսեք նաև նրա առաջարկին Ռուբեն Ռուբինյանի պատասխանը։

Արծվիկ Մինասյան․ «Չէ, անելանելի վիճակում չենք։ Այո, մանդատների դնելու հարց մեր օրակարգում կա։ Դա այն ժամանակ պետք է կիրառվի, երբ ունենաս արդյունք։ Իշխանությունը ինքն է չէ՞ ասում՝ դե դրեք մանդատները վայր, գնանք ընտրությունների։ Հարց չկա, թող իրենք էլ դնեն։ Երկուսով էլ դնենք։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը հրաժարականը տալիս է, և չի հավակնում ժ/պ մնալ։ Թող տեղակալներից մեկը լինի, ի՞նչ խնդիր կա, եթե որևէ պրոբլեմ չունեն»։

Ռուբեն Ռուբինյան․ «Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի ոչ մի բան տեղի չի ունենա որովհետև ընդդիմության մանդատները վայր դնելու հետևանքով ոչ մի սահմանադրական կամ օրենսդրական որևէ ճգնաժամ չի առաջանում։ գուցե, Աժ–ում մի փոքր ավելի լուռ լինի։ Քաղաքական ճգնաժամ տեսականորեն կարող է առաջանալ, երբ ընդդիմությունը ներկայացնում է հանրության մի մեծ հատվածի վստահությունը և պատգամը և եթե իրենք քաղաքական ակցիա են իրականացնում և հեռանում են խորհրդարանից, դրանից ինչ–որ բան կարող է փոխվել։ Կարծում եմ, մենք գործ չունենք այդպիսի ընդդիմության հետ»։

«Հայաստան» խմբակցության քարտուղարն այժմ փորձում է պարզաբանել, թե ինչ նպատակ է հետապնդում ընդդիմությունը, երբ խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում է ԱԺ ուղերձի տեքստ ընդունել, որով գնահատական կտան իրենց իսկ կառավարության ծրագրի կատարմանը։

«Ուղերձը առաջին հերթին կարևոր չափանիշ է, որ ժողովուրդ, տեսեք այս մարդիկ, որ նույնիսկ իրենք են խոստովանում, որ չեն իրականացնում իրենց ծրագիրը, այլ իրականացնում են ուրիշ ծրագիր, նույնիսկ այդ ծրագիրը պատրաստ չեն համապատասխանեցնել իրենց գործողություններին։ Չենք ասում է, իշխանություն տվեք մեզ։ Սա այդ դեպքը չէ։ Երբ մենք առաջարկում ենք իմպիչմենտ, նշանակում է, մենք առաջադրում ենք մեր վարչապետի թեկնածուին։ Այդ ժամանակ իրենք կարող էին ասել՝ իշխանություն են ուզում։ Բայց հիմա առաջին կարևոր քայլը այս ուղերձի հետևյալն է՝ ասում ենք, ինքներս գնացեք փոփոխություն առաջարկեք։ Սա քայլ է»։

Բանավեճն ԱԺ ամբիոնից վերջնագրերով և հեգնանքով էր նաև ընդդիմության՝ «դրսից» ֆինանսավորման հարցի շուրջ։ Ընդդիմության և իշխանության ընկալումները բախվում են  Արթուր Խաչատրյան–Վահագն Ալեքսանյան պատգամավորների ելույթներում։

Արթուր Խաչատրյան․ «Այս իշխանությունները մեգասուտ են «բստրել» և փորձում են հրամցնել։ Ինչ որ տեղի է ունենում «դրսից» ֆինանսավորված է։ Իրենց նշանակած գլխավոր դատախազին ասում ես՝ «դրսից» ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է՝ չկա։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալին հարցնում ես, ասում է չկա։ Անվտանգության մարմինները ոնց որ թե ձայն չեն հանում։ Բա ստերի մասին եք խոսում, այդ ստերը հիմնավորող մի բան բերեք ասեք»։  

Վահագն Ալեքսանյան․ «Միանգամից թարգմանած կկարդամ ռուս պրոպագանդիստ Իգոր Կորոտչենկոյի գրառումը, որը նա արել է անցած ամսվա 26–ին հանրահավաքի օրը։ Եվ այսպես․ «նորից հատկացվել են հարյուրավոր միլիոններ Փաշինյանի հեռացման համար և այդ հարյուրավոր միլիոնները նորից գողացվել են էֆեկտիվ մենեջերների կողմից»։ Եթե մեր ընդդիմադիր գործընկերները պնդում են, որ նման բան չկա, դա ապացուցելու մի ճանապարհ կա։ Հրապարակել այն բոլոր ֆինանսական մուտքերը, որ ունեցել է շարժումը, նաև պարոն Կորոտչենկոյի մտավախությունը փարատելու համար հրապարակել այն բոլոր ծախսերը, որոնք որ կան»։

Առաջարկը, բնականաբար, շարունակություն չունեցավ։ Փոխարենը՝ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիոլյանը հայտարարում է՝ Բաքուն սպասում է Շարժման մարելուն ու նոր պահանջներ ներկայացնելուն։ Ըստ պատգամավորի՝ այս պայքարով  կասեցնում են նաև այդ սցենարը։

Back to top button