ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում այսօր կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Թուրք դիվանագետը Նիժնի Նովգորոդ է ժամանել Մոսկվայից, որտեղ նախօրեին հանդիպել էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը հունիսի 11-ին Նիժնի Նովգորոդում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․

«Կողմերն անդրադարձել են միջազգային օրակարգի հիմնական խնդիրներին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տիրող իրավիճակին»։

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախօրեին Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ Շոյգուն առաջարկել է 2024 թվականի երրորդ եռամսյակում անվտանգության հարցերի շուրջ լայնամասշտաբ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել։ Ռուսական կողմը հաղորդում է.

 «Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով անվտանգության ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր։ Հաստատվել է ռազմավարական հավասար երկկողմ գործընկերությունը զարգացնելու մտադրությունը, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Թուրքիայի արտգործնախարարը մոսկովյան հանդիպումներում քննարկել է ուկրաինական խնդրի կարգավորման հարցը, Գազայում և Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չի շրջանցվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի թեման։

Նշենք նաև, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Նիժնի Նովգորոդ է ժամանել BRICS դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքին մասնակցելու համար։

Ուշագրավ է, որ Ֆիդանի այցը Ռուսաստան անմիջապես հաջորդել է Անկարայում հունիսի 10-ին Էրդողան-Ալիև հանդիպմանը։ Ըստ լրատվամիջոցների՝ Ալիևի այցը Թուրքիա ընդամենը մի քանի ժամ է տևել։ Լրատվամիջոցները Էրդողան-Ալիև հանդիպման մասին սեղմ, ընդհանուր բնույթի լուր են հաղորդել միայն։

Back to top button