ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Միացյալ Նահանգները հաստատում է ամուր աջակցությունը Հայաստանին․ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն՝ Երևանում

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։ Նա հանդիպելու է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրակարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առաջընթացի ճանապարհին ԱՄՆ աջակցության հարցը։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ,Բրայենի ու ՀՀ ԱԳՆ Արարարտ Միրզոյանի գլխավորությամբ արդեն կայացել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շուրջ հանդիպումը, որի ընթացքում գնահատվել են երկկողմ հարաբերությունների խորացման ճանապարհին ձեռք բերված առաջընթացի հարցը, ինչպես նաև այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկման հարցեր: Մինչ այդ Միրզոյանն ու Օ՛Բրայենը առանձնազրույց են ունեցել։ ԱՄՆ Պետքարտուղարի օգնականը Հայաստանում կլինի նաև հունիսի 12-ին։ Նախատեսվում է նրա հանդիպումը նաև գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու և ստորագրելու իրական հնարավորություն է տեսնում, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա կարծում է, որ ՀՀ-ԱՄՆ ընդլայնված գործընկերությունը, ԱՄՆ շարունակական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը մեծ ներուժ ունի նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման գործում։

«Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Կա իրական հնարավորության պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»։

 Հայաստանը նաև մեծապես շահագրգռված է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա, ինչը լավագույնս արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, շեշտեց արտգործնախարար Միրզոյանը։

«Մենք այստեղ ենք՝ հաստատելու մեր ամուր աջակցությունը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին»,- ի պատասխան ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, շեշտելով նաև տնտեսական հնարավորությունների ընդլայնման կարևորությունը․

«Գիտենք, որ Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը և ժողովրդավարությունը զուգահեռ, կողք կողքի գոյություն ունեն։ Եվ անվտանգության, բարեկեցության ու ժողովրդավարության համար մենք իրականացվող բոլոր ջանքերին աջակցում ենք։ Մենք նաև աջակցում ենք տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Մենք աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն և մենք ուրախ ենք այդ ուղղությամբ աջակցել ջանքերին»։

Արարատ Միրզոյանը նշեց, որ հավատում է, որ ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ տալ։ Նա շեշտեց, որ Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը ևս մեկ օրինակ է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացող գործընկերությանը․

 «Ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է՝ չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում։ Չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին՝ Հայաստանի կառավարությունը վճռական է հետևել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանը՝ ամրապնդելու համապատասխան պետական ինստիտուտները, ապահովելու օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը»։

Հաջողության հասնելու համար արտգործնախարար Միրզոյանը անհրաժեշտ համարեց խորացնելու բազմաոլորտ համագործակցությունը, ներառյալ տնտեսության, էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Նախարարը հիշատակեց ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը և համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները։

Ապրիլի 5–ը հիշեց նաև Օ, Բրայենը։ Նա նաև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մասին խոսեց ու հիշեցրեց անցած տարվա սեպտեմբերին կայացած «Արծիվ գործընկեր– 2023» խորագրով հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները․

«Վերջին տարիներին Հայաստանը ձևավորել է աշխույժ տնտեսություն, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով։ Ապրիլի 5-ին, երբ Բրյուսելում մենք քննարկումներ ունեցանք վարչապետ Փաշինյանի, պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ, մենք երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար ենք տեսել, գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ կան։ Մենք նաև պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել։ Նախորդ տարի տեղի ունեցավ մեր համատեղ առաջին զորավարժությունը, մենք սպասում ենք ավելիին»։ ԱՄՆ պատրաստ է աջակցելու Հայաստանին և ԱՄՆ ծրագիրն է, որ ռազմավարական երկխոսությունը փոխարինվի ռազմավարական գործընկերության, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել փոխգործակցությունը։

Back to top button