ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Լեյշմանիոզի, աղիքային վարակների, տրավմատիկ խանգարումների վտանգ․ մասնագետները քննարկել են ջրհեղեղի առողջապահական հետևանքները

ԵՊԲՀ ռազմաբժշկության ֆակուլտետի շրջանավարտները, ուսանողներն ու դասախոսները գիտեն՝ ինչպես օգնել աղետի մեջ հայտնված մարդկանց․ համալսարանում կա աղետների բժշկության ամբիոն, որտեղ ուսանողները սովորում են ջրհեղեղների, երկրաշարժների կամ այլ բնական աղետների ժամանակ ցուցաբերվող հոգեբանական ու բժշկական առաջին օգնության կանոնները։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ասում է՝ աղետի գոտում մարդկանց օգնելու 3 փուլ կա, առաջինն ամենակարևորն է․

«Որովհետև այն հստակ տևում է 72 ժամ և կոչվում է «փրկության» փուլ, երկրորդը արդեն փաստացի կարեկցանքի աշխատանքներն են, երրորդը՝ վերականգնումը և վերակառուցումը, որոնք կարող են տարիներ տևել, բայց առաջին փուլում կազմակերպված սինխրոնիզացրած աշխատանքները շատ ավելի բարձր արդյունավետություն են ապահովում»։

Մուրադյանի գնահատմամբ՝ պատասխանատու կառույցներն արագ ու արդյունավետ են գործել առաջին փուլում։ Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը պատմում է՝ երբ մի քանի գյուղերի հետ կապը կտրվել էր կամուրջների փլուզման պատճառով, ուսանողները, այնուամենայնիվ, կարողացել են հատել վարարած գետը․

«Եղել են կտրված գյուղեր՝ 7 գյուղ՝ կամուրջների փլուզման հետևանքով, և նրանք անցել են այդ կողմը՝ մասնագիտական բժշկական օգնություն ցույց տալու բնակչությանը»։ 

Առաջին՝ փրկության փուլը հաղթահարված է, այժմ մասնագետները պատրաստվում են աղետի առողջապահական հետևանքները վերացնելու փուլին։ Մանկաբույժ- վարակաբան Հռիփսիմե Ապրեսյանը թվարկում է՝ կարող են առաջանալ ինֆեկցիոն հիվանդություններ, թունավորումներ, շնչառական հիվանդություններ, տրավմատիկ խանգարումներ։ Հատկապես երեխաների մոտ, մանրամասնում է մասնագետը, ամենավաղ առաջին ախտանիշը հոգեբանական խանգարումներն են, այնուհետև՝ խմելու ջրի աղտոտման հետևանքով առաջացող վարակիչ հիվանդությունները․

«Խմելու ջրի աղբյուրների աղտոտման հետևանքով կարող ենք ունենալ բազմաթիվ վարակներ, որոնք այդ տարածաշրջանում առկա են, և հիմնական վտանգը անմիջապես ջրհեղեի ժամանակ կամ անմիջապես հետո՝ ջրերի աղտոտումն է, ոչ միայն ջրերի, այլև սննդի։ Ոչ հիգիենիկ պայմաններում այդ սննդի աղտոտումից կարող ենք ունենալ տարատեսակ աղիքային վարակներ, հաջորդ խնդիրն այն է, որ մաքրման ժամանակ փակ տարածքում, կարող են աշխատել տարբեր մեքենաներ․ գեներատորներ, որոնք արտանետում են CO գազ, որը կարող է վտանգավոր լինել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար»։

Այս պահին աղետի վայրից դեռևս նշված ախտանիշներով պացիենտներ չկան, բայց մասնագետը զգուշացնում է՝ առանց այն էլ այս մարզերում տարածված հիվանդությունը՝ լեյշմանիոզը կարող է գլուխ բարձրացնել։

«Խոնավ միջավայրերում շատ ակտիվանում է մոծակների, մլակների բազմացումը, ակտիվացումը, իսկ այս տարածարջանը լեյշմանիոզի աղբյուր է, կան ռիսկեր, որ շատանալու է լեշմանիոզի քանակը։ Որպես նեղ մասնագետ, որը զբաղվում է այս խնդրով, պատրասվում ենք այս ուղղությամբ աշխատել, որ վաղ հայտնաբերվի, կանխարգելվի»։ 

Քննարկումը կազմակերպել էր «Հերացի» վերլուծական կենտրոնը։ Քննարկման մասնակիցները անդրադարձան նաև աղետների ժամանակ քաղպաշտպանության խնդիրներին, հիշեցրին դասական կանոնները՝ հետևել ազդարարման համակարգներին, պատսպարվել ապահով տեղում, ունենալ լուսային կամ ձայնային սարքեր, վնասվելու դեպքում՝ ինքնօգնությամբ կամ փոխօգնությամբ ձեռքի տակ եղած միջոցներով վիրակապվել։

Back to top button