ՀարցուԳԻՏԱփորձ

Մուզիկանտ զբաղվե՞լ պոլիտիկա․ «ՀարցուԳԻԻՏԱփորձ»

«Պատերազմի 5-րդ, թե 7-րդ օրն էր․ ես արդեն իմ էլեկտրոնային փոստին վեպեր էի ստանում արցախյան 44-օրյա պատերազմի մասին, հեղինակները պատրաստվում էին դրանք հրապարակել, որովհետև էյֆորիկ ինչ-որ պահ կար։
«Հաղթելու ենք», չգիտեմ ինչ ենք անելու․․․ ու մարդիկ վեպե՜ր էին գրել»։

Մենք շնորհակալ ենք այն գրողներին, ովքեր հանդգնել են խոսել կյանքի մասին վեպ ու պոեմի լեզվով, որոնց գրականությունը երկրի քաղաքական ու սոցիալական պատկերի վկայությունն է, խնդիրների արձագանքը։ Բայց սա միայն այն դեպքում, եթե նրանք արդեն մահացել են։

«Հիմա պատկերացրեք՝ Թումանյանը ճառ է ասում ինչ-որ միտինգի։ Որևէ վկայություն կա՞, որ Տերյանը ինչ-որ միտինգի ճառ է ասել, կամ Չարենցը, կամ ձեր ամենասիրած գրողը։ Երբե՛ք։ Նրանք իրենց ստեղծագործություններով կարողացել են հասնել հասարակության գիտակցությանը»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզել ենք՝ մուզիկանտ չզբաղվե՞լ պոլիտիկա։

***

Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապոկներ հագին
Եվ գահը արել է ֆայտոն։

Ստալինյան անձի պաշտամունքի արյունոտ տարիներին Չարենցը բանտում այս բանաստեղծությամբ միանձնյա քաղաքական բունտ էր անում։ Նա բանտում սեր ու ընկերություն երգելու համար չէր հայտնվել․ ակտիվ քաղաքական-քաղաքացիական գործունեությունն ու այն պոեզիա դարձնելը նրան ներվեց միայն հետմահու։ Բայց հիմա դպրոցներում մեզ վեհ հանդիսավորությամբ փաթեթավորված այդ ընդվզումն են սովորեցնում։ Ավելի ընդունակներն այդ բանաստեղծություններում գեղեցիկ ձևակերպումներից բացի արժեքներ, գաղափարախոսություն, որոշակի դեպքերում որոշակի կերպ վարվելու ուղեցույց, դրա ազդեցություն ու հետևանք կտեսնեն։ Բայց սա անցած կյանքի մասին մի բան է՝ անցած մարդու կողմից գրված ու մենք սպառում ենք այն մի տեսակ հանգստությամբ, պարզապես ի գիտություն ընդունելով։

Եվ կարծես շատ բան չի փոխվել․ մեր ժամանակներում ապրող գրողների քաղաքական խոսքը նույնպես կարող է դատապարտվել, առնվազն՝ ֆեյսբուքում։ Եվ հաճախ նրանք ծառ ու ծաղիկ են երգում, գուցե որովհետև այդպես են ուզում, գուցե որովհետև մենք ասել ենք՝ «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։

Արդյո՞ք արվեստ ստեղծելը «կեղտոտ քաղաքականությամբ» չզբաղվելու ալիբի է, կյանքը գրական-գեղարվեստական արժեք դարձնող մարդը կարո՞ղ է խուսափել այդ կյանքում տեղի ունեցող քաղաքացիական, սոցիալական զարգացումներին անդրադառնալուց, ի՞նչ ենք ակնկալում մտավորականներից և ի՞նչ են գրում նրանք մեր օրերում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մովսես Խորենացին, Խաչատուր Աբովյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը և Հրանտ Մաթևոսյանը․ ես թվարկում եմ վեց գրողի, որոնք շատ լավ իմացել են՝ ինչ է պետականությունը, ինչ է պետությունը, ինչ է պետության վարքականոնը, էդ պետության մեջ հասարակության վարքականոնը և դրանք արտացոլել են իրենք «Հայոց պատմության» մեջ, «Վերք Հայաստանի»-ի մեջ, «Երկիր Նաիրի»-ի մեջ, «Գիրք ճանապարհի»-ի մեջ, «Ծառեր»-ում և այլն»։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ զրույցն ապահով կետից՝ անցյալից ենք սկսում։ Ասում է՝ ոչ մի ժամանակում քաղաքականացվածությունը գրողի համար դրական ու բարերար հատկանիշ չի եղել, քանի որ այն միշտ ենթադրում է սուբյեկտիվություն։ Բայց այ մատը զարկերակին պահելը, հասարակական, քաղաքական ու սոցիալական իրողություններին անդրադառնալը կարևոր է եղել բոլոր ժամանակներում։ Արքմենիկն ամենօրյա ռեժիմով է առնչվում գրվող ու գրված գրքերին ու ներքին մոնիթորինգի վրա հիմնվելով է ասում՝ հետպատերազմյան Հայաստանում գրողները վերջապես սկսել են իրենց ավելի պատասխանատու զգալ այն իրադարձությունների հանդեպ, որոնց մեջ ապրում են․ ժամանակակից հայ գրողը սկսել է ժամանակակից Հայաստանի կյանքի մասին գրել։

«Ես պետք է հիշատակեմ անպայման Հովհաննես Երանյանի ստեղծագործությունը՝ «Մեղքի պարան» գիրքը, որը դեռևս 17 թվականին լույս տեսավ և շատ-շատ բաներ, որ հետագայում մեր երկրում կատարվեցին, այդ գրքում արտացոլված է։ Շատ կարևորում եմ Վահագն Գրիգորյանի «Պողոս- Պետրոս» գիրքը, որը լույս տեսավ 2019 թվականի վերջին և այնտեղ այնքան մանրամասնորեն է գրված, թե մեզ ինչ պատերազմ է սպասվում 20 թվականին, անգամ ընկերներիցս մեկը շշմել էր, որ 19 թվականին փորձեք գուգլում փնտրել, «Զանգեզուրի միջանցք» խոսույթը դուք չեք գտնի, բայց Վահանգի վեպում արդեն կա։ Շատ սթափ գնահատումներ, վերարժևորումներ, կողմնորոշվելու հարցեր կային Գուրգեն Խանջյանի «Ներսուդուրս» գրքում։ Եվ վերջին շրջանի վեպերը Հովհաննես Հովակիմյանի «Մենք՝ արմեններս» վերնագրով վեպը և Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպը․ երիտասարդ տղաներ են ու շատ լավ զգում են իրականությունը»։

«Ընդամենը մի ամիս ու մի քիչ առաջ է շնորհանդեսը եղել, կոչվում է «Հանրապետություններից Երրորդը», ինձ թվում է՝ արդեն վերնագրից պարզ է, որ քաղաքական-քաղաքացիական բոլոր բաներն իր մեջ ունի ու ինչ-որ իմաստով նաև փորձ է հասկանալու երրորդ հանրապետության ֆենոմենը, իր լավ ու վատ կողմերը։ Գիրքը գրել եմ պատերազմից հետո․ հայ մարդու, տարբեր մարդկանց, հերոսների հոգևիճակն է, ընդհանրապես երկրի վիճակը, մարդկանց մտահոգությունները, վախերը»։

Նորայր Սարգսյանը ասում է՝ գրողը ոչինչ չպիտի․ կգրի այն, ինչ ինքն է ուզում, ինքն իր համար ոսկե կանոններ ունի․ իրեն ազատ է զգում օրվա իրողությունների մասին խոսելիս, բայց դա չի ենթադրում, որ բոլորը պետք է դա անեն։ Գուցե միայն նրանք, ովքեր ուրիշ կերպ չեն կարող․

«Իմ կարծիով հիմա մեր գրականությունը շատ բազմազան է,  իմիջիայլոց մինչև պատերազմը ավելի բազմազան էր, պատերազմից հետո բոլորս վերադարձանք ակունքներին՝ պետությունից գրել, ազգային-ազատագրական պայքարից։ Հիշում եմ դպրոցական տարիքում հայ գրականությունից ինչ-որ սառնություն էի զգում, որովհետև մի տեսակ ոնց որ մարդու մասին չլիներ էլի, ինչ-որ պատմական դեպքերի, ինչ-որ հաղթանակների մասին էր։ Ասում էի՝ Դոստոևսկին նույն ժամանակ ապրել ու լրիվ ուրիշ բան է գրել։ Հիմա արդեն սկսում եմ լավ հասկանալ էդ ինչ խնդիր է, որովհետև եթե քո շնչին կանգնած է էդ աղետը, դու չես կարող, էլի, սիրավեպ գրել, մի քիչ չի ստացվում, էլի։ Հիմա սկսել եմ ավելի շատ սիրել հայ գրականությունը»։

Իր գիրքը, ասում է, քաղաքական մեսիջ չէ։ Փորձել է իրականությունը բառ դարձնել, ծնվել են հերոսներ, որոնք ապրում են ճիշտ մեր կյանքից, որոնք ունեն մտքեր, որոշակի վարք։ Կարծում է՝ երբեմն դրանք օրվա քաղաքականության մասին կարող են ավելին պատմել, քան քաղաքական լուրերը։ Իսկ այն, որ մեր հասարակությունը չգիտի այդ գրքերի գոյության մասին, շատ ավելի վատ մի բանի մասին է  խոսում․

«Իմ կարծիքով, ինքդ քեզ էլ պիտի վիրավորի էդ փաստը, որ շատ հպարտ ասում են՝ դե էսօր գրող չկա։ Լավ դու էդ ի՞նչ հասարակությանն մեջ ես ապրում, որ գրող չկա։ Իմ կարծիքով, ման գալ է պետք, պետք է կարդալ։ Էդ տարի 5-6 վեպ է տպվել էն թեմատիկայով, ինչի մասին յութուբով ինչ ապուշություն ասես մարդիկ կնայեն։ Բայց ինչ-որ մարդիկ կան ձեր շուրջը ապրող, ովքեր երկար նստել, ուսումնասիրել են, փորձել են ինչ-որ բան ասել։ Թե դու ուզում ես գտնել էդ մարդկանց, պետք է բոլորին կարդաս։ Կարող է 50 հոգու կարդաս, 2-ին գտնես, դա լուրջ բան է։ Ոնց որ, օրինակ, ես էլ ընդհանրապես հեռուստացույցը չմիացնեմ ու ասեմ՝ ո՞ւր են մեր հաղորդավարները, ուր են մեր մեկնաբանները։ Եթե դու չես կարդում գրքեր, բանականաբար չկան էդ գրողները»։

«Մեր մտավորականները հեղինակություն էին, մեր գրողները հեղինակություն էին ու հասարակությունն անսում էր նրանց ձայնը։ Այսօր, ցավոք (և դա մտավորականների մեղքը չէ, հասարակության մեղքն է), մեր մտավորականները չունեն հեղինակություն հասարակության մեջ։ Ո՞նց կարող են ունենալ, երբ մեր հասարակության մեծամասնությունը չի լսում լավ երաժշտություն, չի դիտում նորմալ նկարչություն, չի առնչվում արվեստի բարձր նմուշներին»։

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ կարևոր է նաև հասկանալ՝ ինչ ենք պահանջում մտավորականներից։ Այն մեծերը, որոնք մատնացույց ենք անում ասելով՝ «իսկ հիմա այսպես չեն գրում», գրել են բոլորովին այլ պայմաններում․

«Մեր բոլոր գրողները էդ դժվար՝ ցեղասպանության, առաջին հանրապետության կազմալուծման շրջանի, գործել են, իրենց գաղափարները բարձրացրել են պետականության չգոյության պայմաններում և ստիպված են եղել պետական շատ ու շատ ինստիտուտների գործառույթ վերցնել իրենց վրա։ Թումանյանը մենակով գնում էր հայ-թաթարական կռիվների, բարիշացնում սպիտակ դրոշով, Րաֆֆին նստում էր, մի ամբողջ կրթության նախարարության գործ էր անում իր վեպերով, Տերյանը ինչ-որ դեկրետներ էր գրում։ Հիմա, երբ խոսում են մշակութային գործչի դիրքավորման մասին, ամեն ցույցի, միտինգի ասում՝ ո՞ւր են գրողները, բան, մենք պետք է միշտ հիշենք, որ ամեն դեպքում այս հասարակության ամենախելացի մասը մտավորականներն են՝ ուզեք, թե չուզեք, քամահրեք, թե չքամահրեք ու իրենք շատ սթափ են, շատ լավ գիտեն, որ կան գործառույթներ, որոնք էսօր պետք է կատարեն պետական ինստիտուտները։ Ու իրենք էդ բեռները շատ մեծ հաճույքով իրենց ուսերից գցել են։ Բայց դա չի նշանակում, որ գրողը պետք է որդեգրի պասիվ կեցվածք»։

Գրողը, ամեն դեպքում, ինչ-որ բաներ պիտի ու չպիտի՝ կարծում է Արքմենիկ Նիկողոսյանը։ Նա չպիտի դառնա լրագրող ու հապճեպ արձագանք տա կատարվողին, պիտի ժամանակ տա իրեն մարսելու տեղի ունեցածը, մտածելու այդ մասին ու գրելու այն՝ կյանքը պատմության մեջ թողնելու գիտակցումով։ Գրողը չպիտի դառնա ակտիվիստ, չպիտի դառնա անտարբեր։ Բայց սրանք միայն հարցուփորձերի արդյունքում ձևավորված եզրահանգումներ են։ Իսկ ստեղծագործելու ազատությունն անքննելի է՝ գիտափորձերով ու վերջնական կնիքներով չսահմանափակվող։

Back to top button