Հաջողության նոտա

Չլինել ուրիշ երկրում մետրոյի հասարակ ուղևոր, մնալ հայրենիքում, զարգանալ և զարգացնել․ բանաստեղծ Արմեն Սարգսյանի «Հաջողության նոտան»

Գրականությունը նրա տարերքն է, նրա աշխատանքը․ հրատարակչական–խմբագրական գործերը նրան մեծ բավականություն են պատճառում։

Բանաստեղծ, խմբագիր, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը հստակ գիտեր, թե որ ոլորտն է ընտրելու ու ինչ է անելու․ նա գնաց իր նպատակի հետևից, իսկ ոգեշնչման աղբյուրն ուսուցիչն էր։

Կարևոր է համարում կրթությունը, ասում է՝ ժամանակակից աշխարհում ձգտում են կարդալ որոշակի գրքեր, դրանից հետո հայտարարում, որ իրենք այս կամ այն մասնագետն են, շատերն այսօր ձգտում են գիտելիք ստանալ, բայց տեղեկությունը գիտելիք չէ։

Նրա առաջին և դեռ միակ «Չկարդացած գրքերի փոխարեն» գիրքը տևական ժամանակ առաջին հորիզոնականում էր, մինչև 2019 թվականը այն ամենավաճառվողն է եղել։ Ինչո՞ւ նման վերնագիր։ Որովհետև նա ընտրել է «նրան» չկարդացած գրքերի ու չդիտած ֆիլմերի փոխարեն, հետո հետն ամուսնացել է։

Արմեն Սարգսյանը կարևոր է համարում ճիշտ վերնագրի ընտրությունը։ «Ասում են՝ գնված գրքերի կեսն են կարդում, ընտրում են վերնագրով, գեղեցիկ փաթեթավորմամբ, ինպես, օրինակ, մարդուն ընդունում են տեսքով, հետո խելքով ճանապարհում։ Գիրքն էլ է մարդու պես», – նշում է բանաստեղծը։

Կարծում է՝ Հայաստանում գրական աշխարհն այսօր լավ վիճակում է․ տարեկան մոտ 2500 գիրք է լույս տեսնում, որից 500 թարգմանություն է։ Նա հանգստի ժամանակ գրեթե չունի, այն քիչ ժամանակը, որ ունի, նախընտրում է անցկացնել իր երեխայի հետ։ Սիրում է ճանապարհորդել և բացահայտել նոր աշխարհներ։ Ճանապարհին ընթերցում է կամ գրում է բանաստեղծություններ, գրի առնում այն, ինչ ապրել է, տեսել ու զգացել է։ Թեպետ ունի հրատարակած դեռ մեկ գիրք, բայց չի դադարում գրել, ասում է՝ գրելը հաց ու ջրի պես է, առանց դրա չի կարող։ Գրում է, բայց չի շտապում ներկայացնել ընթերցողին, խստապահանջ է սեփական անձի նկատմամբ։

Իր երկրում, իր ոլորտում մի բան փոխում է, ուրիշ երկրում մետրոյի հասարակ ուղևոր չի ուզում լինել։ Նրա կյանքի ֆիլմի գլխավոր հերոսը մարդն է, որն անդադար ճանաչում է աշխարհն ու իրեն։

Back to top button