Էկոսֆերա

«Բնության դեսպանները»՝ Բուսաբանական այգում․ «Էկոսֆերա»

Հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։ Այն միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից է, որն ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրում: Օրվա առթիվ կարևորվում են էկոկրթական ծրագրերի անցակացումը և բնապահպանական գիտելիքներով զինված հասարակության ձևավորումը։

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված բնապահպանական միջոցառումներից առանձնացրեցինք «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին բնապահպանական կրթություն իրականացնող 10 կազմակերպություն և 15 դպրոց ՀՀ մարզերից և Երևանից։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում եռուզեռ է, երեխաները ոչ միայն ուրախ ժամանակ են անցկացնում, այլև «զինվում են» բնապահպանական գիտելիքներով։ ՀՀ-ի տարբեր մարզերից և Երևանից դպրոցականները շտապում են ներկայացնել իրենց իսկ բնությունահեն աշխատանքները։ Նրանցից են Կոտայքի մարզի Նոր Գեղիի դպրոցի սարները։ Երեխաների պաշտպանության օրը առիթ էր մեկ հարթակում համախմբելու բնապահպանական կրթությամբ զբաղվող կազմակերպություններին, դպրոցներին, մեծահասականներին ու փոքրիկներին։

«Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդեսը նախաձեռնել են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն ու «ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը։ «Էյ Թի Փի» բնապահպանական կրթության բաժնի ղեկավար Իզաբել Շատոյանի խոսքով՝ գաղափարն է մեկ հարթակում համախմբել բնապահպանական տարբեր նախագծեր իրականացրած դպրոցներին, կազմակերպություններին և նպաստել նրանց միջև նոր համագործակցության կամուրջ ստեղծելուն։

Գործնական հմտություններ, ավելին՝ արդեն իսկ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվում են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի սաները։ Ջերմատնային գործունեություն, մակարոնեղենի արտադրություն, չրարտադրություն, տեղի խոտաբույսերից պատրաստված թեյի տեսակներ, հողախառնուրդ, սնկարտադրություն, այս ամենով զբաղվում են հենց ագրոդպրոցի Աշակերտները։

Ինչպես միջոցառման օրը, այնպես էլ վայրը պատահական չէ ընտրված։ Բուսաբանական այգին Երևանում բնությանը հնարավորինս մոտ լինելու ամենաջերմ վայրերից է։ Բուսաբանության ինստիտուտի ծրագրերի համակարգող Անի Բայբուրդյանն ասում է, որ դպրոցականների հետ հանդիպում բուսաբանական այգում հաճախ է լինում։

Ինչպե՞ս ապրել հաշտ բնության հետ, և ինչպե՞ս ուղղակի կամ անուղղակի մասնակից դառնալ բնապահպանական խնդիրների մեղմանը. այս հարցերի պատասխանները մեր առօրյա գործողություններում են՝ ինչպես օրինակ ծորակից խնայողաբար ջուրն օգտագործելը, շրջակա միջավայրը չաղտոտելը, պլաստիկի կիրառությունը նվազեցնելը և այլն։ Այս վարքագծով օգնում և նպաստում ենք բնության պահպանությանը։

Back to top button