ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը․ իրանագետը գլխավոր հավակնորդի մասին խոսելը դեռ վաղ է համարում

Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը։ Նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը 5 օր է և կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-ից 10-ն Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կուսումնասիրի յուրաքանչյուր գրանցվողի համապատասխանությունն անհրաժեշտ պահանջներին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 12-ին և, ըստ կառավարության հայտարարած ժամանակացույցի՝ կտևի մինչև հունիսի 27-ը։ Նախագահական ընտրությունները հունիսի 28-ին են նշանակված։

Իրանը հունիսի 20-ի ողբերգությունից 12 օր անց սկսում է 14-րդ՝ արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը, որը կտևի 5 օր՝ մինչև հունիսի 3-ը։ Իրանագետ Ժաննա Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է.

«Իրականում, քանի որ Իրանում պետական ինստիտուտները բավականին կայացած են, կարելի է ասել, Իրանը կարողանում է հեշտությամբ հաղթահարել ստեղծված իրավիճակը և գործել օրենքին համապատասխան։ Շատ արագ նախագահի մահից հետո ձևավորվեց խորհուրդը, որը նշանակեց արտահերթ ընտրությունների օր։ Այժմ էլ արդեն սկսվել են թեկնածուների գրանցման գործընթացը, որը տևելու է մինչև հունիսի 3-ը»։  

Նախագահի թեկնածուների գրանցման մեկնարկից հետո առաջինը իր թեկնածությունն է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին նույնպես գրանցվել է որպես նախագահի թեկնածու։ Այս մասին հաղորդելով, Tasnim գործակալությունը նաև նկատել է.

«Լարիջանին բավական լուրջ հեռանկարներ ունեցող թեկնածու է նախագահի պաշտոնի համար։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, աշխատելով որպես մշակույթի նախարար, Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակող ընկերության նախագահ, Նպատակահարմարության խորհրդի անդամ, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և Խորհրդարանի խոսնակ»։

Իրանագետ Ժաննա Վարդանյանը նույնպես կարծում է, որ այս պահին գրանցված թեկնածուներից միակ խոշոր և լուրջ շանսերով նախագահի թեկնածուն Ալի Լարիջանին է։ Դա էլ, սակայն, իրանագետի խոսքով, միայն այն դեպքում, եթե Սահմանադրության պահապանների խորհուրդը նրա թեկնածությունը հաստատի։

Իրանագետը հիշեցնում է, որ Լարիջանին 2021-ի ընտրություններում ևս նախագահ դառնալու հայտ էր ներկայացրել, սակայն, նրա թեկնածությունը 2021-ին ՍՊԽ-ը չհաստատեց։ Իրանագետի խոսքով՝ հիմա էլ հարց է՝ արդյո՞ք այս անգամ կհաստատեն, թե՞ ոչ։ Վարդանյանը նկատում է նաև, որ քանի դեռ գրանցման փուլը շարունակվում է, դժվար է ասել, թե էլ ո՞վ կգրանցվի և ի՞նչ շանսեր կունենա։ Բացի այդ, իրանագետի խոսքով, կարևոր է նաև, թե ում թեկնածությունը կցանկանան պահպանողականներն առաջ տանել։

Ավելի վաղ նախագահի թեկնածու էին առաջադրվել նաև խորհրդարանում բաֆեղցիների ներկայացուցիչ Մուհամեդրզա Սաբաղյանը, Իսլամական խորհրդի նախկին ներկայացուցիչ, Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Մուստաֆա Քավակբյանը և խորհրդարանում Սպահանի ժողովրդի ներկայացուցիչ Աբբաս Մուքթադայը։ Նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին առանց անուններ հրապարակելու հայտարարել է.     

«Մինչ այժմ գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած անձանց ընդհանուր թվից միայն երեք թեկնածու ունեն համապատասխան բնութագրեր, նրանց գրանցումը պաշտոնապես հաստատվել է»։

Իրանագետի ձևակերպմամբ, ընդհանուհր առմամբ, Իրանում տեղի է ունենում այն գործընթացը, որը պետք է տեղի ունենար 2025 թ.-ին, եթե չլիներ ողբերգական ավիավթարը, որը պարզապես արագացրեց այդ գործընթացը։

«Այժմ ամեն դեպքում դա ընթանում է իր նորմալ ընթացակարգով, ինչպես որ կընթանար, եթե լիներ 2025 թ.-ին»։

Հունիսի 4-ից բոլոր թեկնածությունները 7-օրյա ժամկետում կուսումնասիրի Սահմանադրության Պահապանների խորհուրդը ՝ նախագահի պաշտոնի հավակնորդի որակավորումների համապատասխանությունը պարզելու համար:

Հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Ցուցակի հրապարակումից հետո յուրաքանչյուրը կունենա 15 օր նախընտրական քարոզարշավի համար։ Իրանի նախագահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին։  

Եթե ​​թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չստանա ձայների մեծամասնությունը, ապա հուլիսի 5-ին նախատեսված է երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։

Իրանում նախագահն ընտրվում է ուղղակի համընդհանուր քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով։ Այդ պաշտոնը կարող են զբաղեցնել երկու անընդմեջ ժամկետից ոչ ավելի: Նախագահ կարող է դառնալ Իրանի՝ 40-ից մինչև 75 տարեկան քաղաքացին, որն ունի իրանական ծագում, առնվազն մագիստրոսի կոչում և պետական ​​մարմիններում ղեկավար պաշտոնում աշխատելու փորձ։

Արտահերթ ընտրությունների արդյունքում, ըստ իրանագետ Ժաննա Վարդանյանի, Իրանում ո՛չ արտաքին, ո՛չ ներքին առումներով առանձնապես մեծ փոխոխություններ չեն լինի։

«Չեմ կարծում, թե լուրջ փոփոխություններ կարող են լինել, քանի որ Իրանում ամենակարևոր ինստիտուտը հոգևոր առաջնորդի ինստիտուտն է, և որոշումների կայացման տեսանկյունից ևս այն առաջնային դերակատարում ունի։ Հետևաբար՝ մեծ փոփոխություններ լայն առումով չեն լինի Իրանում»։  

Փոփոխությունները կարող են վերաբերել ներքին ինչ-ինչ ոլորտների, իրանագետի խոսքով, օրինակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էբրահիմ Ռայիսին էր համարվում հոգևոր առաջնորդի ամենահավանական թեկնածուներից մեկը։ Հիմա խնդիր կլինի նոր հոգևոր առաջնորդի պաշտոնի համար թեկնածու պատրաստել, հավելեց Ժաննա Վարդանյանը։ Իրանագետի խոսքով՝ այդ առումով պահպանողական ճամբարում հիմա պետք է առաջ բերել այնպիսի կերպարի, որի շուրջ պահպանողականները կցանկանան համախմբվել, ինչպես դա տեղի էր ունեցել Ռայիսիի պարագայում։

Ձայն – 4444  «Այսինքն, հիմնական ազդեցություններն ավելի շուտ ներքաղաքական կյանքի վրա են լինելու։ Լայն առումով՝ արտաքին քաղաքականության վրա դրանք չեն ազդում։ Արդեն իսկ մենք էլ համոզվել ենք Իրանից հնչած հայտարարություններից՝ թե՛ հոգևոր առաջնորդի մակարդակով, թե՛ արտգործնախարարի պաշտոնակատարի մակարդակով»։ 

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններն անհրաժեշտություն են դարձել ըստ երկրի Սահմանադրության 131-րդ հոդվածի: Հոդվածը սահմանում է, որ նախագահի մահվան կամ անգործունակ լինելու օրվանից առավելագույնը 50 օրվա ընթացքում ժողովրդի քվեարկությամբ պետք է Իրանի նոր նախագահ ընտրվի։

Իրանի նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտգործնախարարը և մի քանի այլ պետական ​​պաշտոնյաներ զոհվեցին մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով։

Նրանք վերադառնում էին Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությունից, Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո։ Ողբերգության հանգամանքներն ուսումնասիրող իրանական հանձնաժողովն իր եզրահանգման մեջ բացառել է ահաբեկչությունը։

Back to top button