Էկոսֆերա

«Սևան ազգային պարկ»-ը նոր կառավարման պլան ունի․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում․ «Էկոսֆերա»

Պլանավորել՝ նշանակում է ակտիվորեն կանխատեսել ապագան։ «Սևան ազգային պարկ»-ն արդեն ունի նոր կառավարման պլան։ Այն ուղեցույց է՝ ազգային պարկի հետագա աշխատանքներն իրականացնելու համար։ Հստակեցվել են ազգային պարկի սահմանները, առանձնացվել ռեկրացիոն նպատակով օգտագործման ենթակա տարածքներն ու տնտեսական գոտիները։

Գեղարքունիքի մարզում ամփոփվեցին «Սևան ազգային պարկ»-ի կառավարման պլանի աշխատանքները, որի կազման համար պահանջվել է 21 ամիս։ 16 փորձագետ, որոնցից երկուսը հրավիրվել էին արտերկրից, մասնակցել են «Սևան ազգային պարկ»-ի կառավարման պլանի մշակմանը, ինչպես նաև եղել է համագործակցություն՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ։

Կառավարման պլանը մշակող կոնսորցիումի ներկայացուցիչ Արեգ Կարապետյանը նշեց, որ շատ երկրներում տեղական չափորոշիչները համապատասխանեցրել են միջազգային չափորոշիչներին։ Կազման մեթոդաբանության հիմքում եվրոպական երկրներում ներդրված մեթոդական ուղեցույցն է։ Հայաստանում առաջին անգամ է նման մեթոդի կիրառման փորձ արվում, այն էլ՝ «Սևան ազգային պարկ»-ի կառավարման պլանի մշակման աշխատանքներում։

«Սևան ազգային պարկ»-ի գոտիավորումը կարևորագույն խնդիրներից մեկն էր, որը հաճախ է համայնքների և ազգային պարկի միջև տարաձայնության առիթ եղել։ Այժմ հստակեցվել են ազգային պարկի ու հարակից համայնքների սահմանները։

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանն ասում է՝ սահմանների ճշգրտմանը երկար են սպասել, քանի որ մինչ այժմ դրանք հստակցված չեն եղել։ «Սևան ազգային պարկ»-ը դեռ 2005 թվականից կառավարման մշակված պլան ուներ, որը հաստատվել էր 2007 թվականին՝ 5 տարի ժամկետով։ 2011թվականից հին կառավարման պլանով էին փորձում շարժվել, սակայն թե՛ էկոհամակարգի, կլիմայի, սոցիալ-տնտեսական փոփոխությունների արդյունքում կարիք կար նոր կառավարման պլանի մշակման։

ՄԱԶԾ «EU4Sevan» ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը նշեց, որ նոր ազգային պլանը ևս հինգ տարի ժամկետով է: Սևանա լիճը բացառիկ նշանակություն ունի ՀՀ-ի և ողջ տարածաշրջանի համար, այն անփոխարինելի դեր ունի՝ շրջակա միջավայրի, տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ճյուղերի համար։ Իր բացման խոսքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը նշեց, որ լճի կառավարման պլանի կազմումը պետք է իրականացվի բացառապես գիտական հենքի վրա, որի պակասի պատճառով է այսօր Սևանա լիճը կանգնել խնդիրների առջև։

Սևանա լճի դերը հնարավոր չէ գերագնահատել, աշխատաժողովի ընթացքում ընդգծեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը՝ միաժամանակ կարևորելով լճի կայուն պահպանումն ու զարգացումը։

«Այս կառավարման պլանն ունի կարևորագույն կետեր, որոնցից են՝ գոտիավորումը, սահմանազատումը, և այն նպաստելու է նրան, որ 152 հազար հա կազմող Ազգային պարկի տարածքը ունենա բնության պահպանություն և բարելավում։ Մենք խոսում ենք կառավարման պլանի մասին, բայց թույլ տվեք հարց տալ, թե ինչ է նշանակում կառավարման պլան։ Ես մի դասախոս ունեի, որն ասում էր՝ պլանավորել նշանակում է ակտիվորեն կանխատեսել ապագան։ Կարիք է լինելու ամենօրյա ռեժիմով երկարաժամկետ աշխատանք կատարել, որպեսզի կարողանանք հասնել լճի պահպանմանը»։

Այսուհանդերձ, փաստաթուղթը դեռ իրավական ճանապարհ ունի անցնելու։ Այն ամբողջական իրավական կարգավիճակ կարող է ունենալ միայն Կառավարության որոշմամբ։ Առաջիկայում սպասվում է այս գործընթացը։

Back to top button