Մտքի ուժը

Բնական պայմաններում կեղտաջրերի ինքնամաքրվող համակարգ․ հայ գիտնականների նոր առաջարկը. «Մտքի ուժը»  

Բնական կամ բնականին շատ մոտ սկզբունքով աշխատող մաքրման կառուցվածքներ, որոնք քիչ ծախսատար են, շահագործելի, միևնույն ժամանակ ապահովում են մաքրման բարձր որակ։ Առաջարկը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտնականներինն է։

Համալսարանի ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի դոցենտ Վարուժան Շամյանն ասում է, որ տարիներ շարունակ մտածել են հատկապես փոքր բնակավայրերում գոյություն ունեցող ջրահեռացման ու մաքրման կայանների ոչ լավ վիճակի մասին. «Անձրևաջրերը, հոսելով ասֆալտապատ մակերևույթներով, իրենց մեջ ակամայից  հավաքում են նավթամթերքներ, որոնց առկայությունը բնական ջրավազաններում պետք է խստիվ քչացնել կամ հնարավորության դեպքում՝ բացառել: Այդ առումով մենք խիստ աղտոտված և նավթամթերք պարունակող կեղտանյութերի մաքրման համար մշակել ենք տեխնոլոգիական սխեմաներ, որոնք բնական կառուցվածքներին շատ մոտ են»։  

Այս ամենը հաշվի առնելով են մշակել տեխնոլոգիան՝ ի սկզբանե փորձելով նորույթ առաջարկել․ «Ծրագրի շրջանակում նախատեսում են իրականացնել նաև երկարատև պարզեցման լճակների ստեղծումը, քանի որ անձրևաջրերը և ձնհալից առաջացած ջրերը բացի հանքային ծագման կեղտանյութերից պարունակում են նաև օրգանական ծագման կեղտանյութեր․ այս պարզեցման լճակներում ջուրը մնում է 6 ժամից մինչև 1-2 օր և անպայմանորեն մաքրվում է՝ թթվածնի բնական ճանապարհով ներգործության շնորհիվ»:

Բայց հայ գիտնականները միայն այս նորույթով չեն սամանափակվել, կուտակիչ ջրամբար են առաջարկում ունենալ: Գիտնականն ասում է, որ ծրագրի շրջանակում շրջայցեր են իրականացրել Արտաշատ քաղաքում, Առինջ գյուղում, Գառնիի տարածքում և իրավիճակը տեղում քննարկելով` հանգել այն եզրահանգման, որ առկա ջրահեռացման համակարգերը վերանորոգման և փոփոխման կարիք ունեն: Առաջարկը բացառիկ է, իր տեսակի մեջ՝ եզակի:

«Դրանցից առաջինը հանդիսանում է կուտակիչ ջրամբարը, որը իրենից ներկայացնում է հողաշեն ջրամբար՝ կեղտաջրի շարժման ուղղությամբ երկարաձգված պատերով։ Կեղտաջրերը 4,5-ից 5 ժամ փոքր արագությամբ հոսելով, հասցնում են բավականին լավ մաքրվել վերևից տեղադրված շարժական բաց խողովակների միջոցով։ Այդ խողովակները տեղադրվում են այնպես, որ նրանց բաց ծայրը միշտ համընկնի ջրի մակարդակի հետ, և, քանի որ նավթամթերքները ջրից թեթև են և բարձրանում են վերև, մենք բավականին թեթև ներդրմամբ կարողանում ենք նավթամթերքներից  ազատվել: Մյուս ծանր մասնիկներն էլ նստում են հատակին, դրանք պարբերաբար մաքրվում են, իսկ որպեսզի ջրանցում չլինի դեպի գրունտ, այդ ջրամբարների հատակին նախատեսում ենք իրականացնել կավի շերտ»։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ամեն տարի իր բյուջեի հաշվին իրականացնում է հինգ ծրագիր: Հատուկ հանձնաժողովի միջոցով ընտրվում է առավել արդիական ծրագիրը, որի ուղղությամբ էլ իրականացվում են աշխատանքները: Շինարարության ոլորտում այս տարի ընտրվել է և կիրականացվի փոքր բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման սխեմայի մշակումը:  

Համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան, գիտությունների թեկնածու Արամ Սահակյանն ընդգծում է՝ ծրագրի հիմնական նպատակն է անդրադառնալ մեր պետության ամենաարդիական հարցերին և, ընդգրկելով ուսանողներին, բարձրացնել նրանց հետաքրքրությունը գիտության նկատմամբ: Ծրագրում ընդգրկվում են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։ Ծրագրի իրականացման գործընթացը տևում է մոտավորապես 9 ամիս, որի ընթացքում ղեկավարը և ուսանողները վարձատրվում են: Նախագծի ավարտին մենք ստանալու ենք ջրահեռացման համակարգի մի մոդել, որը, տեղական պայմանները հաշվի առնելով, հնարավոր կլինի կիրառել Հայաստանի փոքր բնակավայրերում․ «Սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ, կարելի է ասել, Հայաստանի 900-ից ավելի բնակավայրեր ջրահեռացման համակարգերի արդիականացման խնդիր ունեն: Հաշվի առնելով, որ վերջին 30 տարիների ընթացքում այդ համակարգերի վրա որևէ լուրջ ներդրում չի կատարվել, իսկ առկա համակարգերը ստեղծելիս հաշվի չեն առնվել տեղական պայմաններ՝ դրանք բավարար արդյունավետ չեն»:

Կեղտաջրերի մաքրման բնագավառում օգտագործվել են դասական սխեմաներ, որոնք շահագործման մեծ ծախսեր են պահանջում, բացի դրանից արդյունավետ մաքրում չեն իրականացնում: Ծրագրի շրջանակում ստեղծվելու է մի մոդել, որը կլրացնի բոլոր բացերը:

Back to top button