ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պարտքերը կառավարությունն է կուտակել, ոչ թե հիվանդանոցները. Արսեն Թորոսյանը՝ Անահիտ Ավանեսյանին

2023 թվականին նախնական պլանավորված 12 ծրագրի և 50 միջոցառման փոխարեն  իրականացվել է 12 ծրագիր և 57 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 146 մլրդ դրամ, սակայն փաստացի իրականացվել են 139.5 մլրդ դրամի ծախսեր, ինչը  կազմում է ճշտված պլանի նկատմամբ 97.1 տոկոսը:  ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել են հաշվետու տարում առողջապահության ոլորտի եկամուտներն ու ծախսերը: Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են  ոլորտի հավելյալ ֆինանսավորմանը, հիվանդանոցներում կուտակված պարտքերի պատճառներին, բուժաշխատողների աշխատավարձերին: Հաշվետվության ժամանակ Անահիտ Ավանեսյանի և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի միջև բանավեճ է ծավալվել։ Թորոսյանը կուտակված պարտքերի մեջ մեղադրել է ոչ թե բուժհաստատություններին, այլ կառավարությանը։

Անցած տարեվերջին կառավարությունը մի որոշում ընդունեց, որը էականորեն մեծացնելու էր բյուջեի բեռը: Խոսքը օֆերտայի սկզբունքով բուժօգնության ու բուժսպասարկման մասին է,  բյուջետային քննարկումների ժամանակ նկատեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։ Նա նախ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ ինչ գնահատական է տվել այս որոշմանը, այն դեպքում, երբ բյուջեն մինչև այդ որոշումն արդեն ընդունված էր։ Ֆինանսեների նախարար Վահե Հովհաննիսյանը  խոստովանեց, որ դեռ քննարկումների ժամանակ է նախարարությունը հայտնել իր մտահոգությունները։

«Մենք կարծում էինք, որ ստանձնում ենք պարտավորություններ, որի չափը հնարավոր չէր գնահատել և իհարկե դրանցից առաջ վերլուծություններ էին իրականացվել  առողջապահության նախարարության գործընկերների կողմից, որտեղ պարզ էր, որ այդ ռիսկերը, որոնք ֆինանսների նախարարությունը բարձրաձայնում էր, փաստացի այդ ռիսկերը այդքան մեծ չեն, և մենք որոշում ենք կայացրել հետևել ծրագրի ընթացքին և պահանջարկի ավելացմանը»։

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ կատարված ծախսերը ֆինանսավորելու համար երկու շաբաթ առաջ հավելյալ միջոցներ են հատկացվել առողջապահության նախարարությանը։ Վերլուծելով այս տարվա արդյունքները, հաջորդ տարվա բյուջեն կկազմեն արդեն փաստացի տվյալների հիման վրա։

«Եթե մենք տեսնենք, որ ծախսերը աճելու են, պետք է քննարկենք այլ ուղղությունների հաշվին իրականացնելու հարցը կամ դա կանգնեցնելու հարցը»։

Արսեն Թորոսյանը հիշեցրեց․ նախարարությունն արդեն 2-րդ անգամ է կառավարությունից հավելյալ գումար հայցում։ Հետաքրքրվեց՝ արդյո՞ք գումարը տրամադրելուց հետո հետևում են, թե ինչի վրա է այն ծախսվում։ 

«Այդ երեք միլիարդի վերաբաշխումից կոնկրետ այսօրվա պարտքը փակվելու՞ է, թե ոչ։ Թե՞ դա ապագայի պարտքերին է միտված։ Որովհետև,  օրինակ, 300 մլն  դրամ պարտք է եղել մայիսի  15-ի դրությամբ, 150 մլն, 250 մլն, այսինքն, փոքր թվեր չեն, որ իրենք սպասեն տարվա վերջին և ասեն՝ միևնույն է պետությունը ֆինանսավորելու է։ Մատակարարները կամ բժիշկները ակնկալում են իրենց կատարած վիրահատությունների կամ բուժումների դիմաց վճարում այդ պահին, ոչ թե դեկտեմբերին, երբ կլինեն վերաբաշխումները։ Ու ինձ համար շատ տարօրինակ էր, որ այս որոշումն ընդունվեց  առանց պարզ լինելու, թե ինչ բեռ է լինելու բյուջեի վրա»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախարարությունը տարվա ընթացքում ծրագրվածից բացի իրականացրել է նաև լրացուցիչ աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման ծրագրերին։

«Այս հավելյալ միջոցների կարիքն առաջացվավ ինչպես օֆերտայի անցմամբ, այնպես էլ ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հավելյալ բուժօգնության բեռը տանելու հանգամանքով։ Մենք այս պահին 3 մլրդ հավելյալ միջոցներ  վերաբաշխեցինք, նաև ունենք 5 ամիսների կատարողականը, որը ավելի հստակ պատկեր կտա և տարվա կանխատեսումը շատ ավելի ճշգրիտ կլինի, թե որքան հավելյալ գումարի կարիք կունենանք»։

Նախարարը հայտնեց, որ վերանայվել են բուժաշխատողների աշխատավարձերը, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը, նաև ավելացել է անվճար դեղորայք ստացող քաղաքացիների թիվը։ Ողջունելով աշխատավարձերը բարձրացնելու և քաղաքացիներին ավելի մեծ բուժօգնություն տրամադրելու պատրաստակամությունը, Արսեն Թորոսյանը նկատեց, որ պետք է բյուջեն և ծրագրերը համապատասխանեցվեին։ Ինչ վերաբերում է կուտակված պարտքերին, դրանք ոչ թե հիվանդանոցներն են կուտակել, այլ կառավարությունը։

«Հիվանդանոցներին մեղադրել, որ իրենք կուտակել են պարտքեր, կներեք, արդար չէ։ Կառավարությունն է կուտակել այդ պարտքերը։ Հիվանդանոցները մատուցել են այն ծառայությունները, որոնք իրավունք են ունեցել մատուցելու հենց այդ որոշման վրա, որը այո, տարբերվում է նախկին օֆերտայից այնքանով, որ կա նախապայման։ Ես կողմ եմ նախապայմաններին, բայց մեր քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ փոփոխություն եղել է, բայց ոչ այնպես, ինչպես ընկալվել է»։

Անցած տարեվերջին կառավարությունը որոշեց, որ պետպատվերը հունվարի մեկից պետք է իրականացվի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով, փորձարարական կարգով: Սա նշանակում է, որ վերացվում են բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները, կանոնակարգվում են նաև պացիենտների հերթագրման և ուղեգրման հետ կապված հարաբերությունները։ Այսինքն՝ հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի շրջանակում։ Հաշվի առնելով առողջապահական կարիքը՝ նախարարությունը ևս կանխատեսում էր գերակատարումներ։ Չնայած դրան՝ որոշումը վերանայելու մտադրություն առայժմ չկա։

Back to top button